Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ ի՞նչն եմ սխալ արել, որ այս մարդիկ իրենք իրենց դատապարտում են մահվան». Փաշինյան

Հունիս 15,2020 21:21

Պարետատան նիստից հետո այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ ո՞րն է համարում կառավարության ամենաէական բացթողումը կորոնավիրուսի դեմ պայքարում եւ ինչ հետեւություններ են արվել դրանցից: Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ այդ հարցին իր ելույթում պատասխանել է, որ բացթողումն այն է, որ չեն կարողացել մեր քաղաքացիներին համոզել կամ պարտադրել, որպեսզի պահեն հակահամաճարակային կանոնները. «Նաեւ այս վերջին հետազոտությունների արդյունքում այս բոլոր աղմուկ-աղաղակի մեջ գալիս կուլմինացիա են դառնում երկու գործոն՝ դիմակ եւ սոցիալական հեռավորություն: Սա է մեր ամենամեծ խնդիրը: Այսօր Հաղարծինի, Գեղարդի տեսարանը տեսնելիս ես ինձ հարց եմ տալիս՝ լավ ի՞նչն եմ սխալ արել, որ այս մարդիկ իրենք իրենց դատապարտում են մահվան: Այսօրվա թիվը ցույց է տալիս, որ տաս հոգի հավաքված են, այնքան մեծ է հավանականությունը, որ մեկը անսիմպտոմ հիվանդ կլինի: 15 հոգի կնունքի սեղանի շուրջ հավաքված վաթսունն անց եւ իրենք իրենց դատապարտում են մահվան»:

Փաշինյանի խոսքով, կազմակերպչական, հազար ու մի հարցեր կան, բայց գլոբալ առումով բոլոր քաղաքացիներին պարտադրել վարքի կանոններ հնարավոր չէ: Ըստ նրա, եթե փակեն անգամ Հաղարծին տանող ճանապարհը, ապա հարեւաններով հավաքվելու են բակում եւ նույն գործողությունն անեն. «Խնդիրը վարքագծի մեջ է. մի մասը պարտադրելով, մի մասը համոզելով, մի մասը իմացության մակարդակը բարձրացնելով պետք է լինի: Այս բրիֆինգը նրա համար ենք անում, որ կարողանանք մեր քաղաքացիների հետ այս ինֆորմացիան կիսել»:

Հարցին՝ արդյոք կառավարությունն այսօր փնտրում է մոբիլությունն ու ակտիվությունը սահմանափակելու որեւէ միջանկյալ տարբերակ, Փաշինյանն ի պատասխան ասաց՝ «Լավ այդ մարդը չի գնացել Հաղարծին, Աշտարակ, Գորիս, ոչ մի տեղ չի գնացել: Նրանք հարեւաններով հավաքվել են իրենց տանը, ի՞նչ է փոխվում սրանից: Իհարկե, մասշտաբների որոշակի փոփոխություն գուցե տեղի կունենա, բայց հետո այդ մարդը կգնա խանութ, առանց դիմակի շնչեց այդ տասը րոպեում վիրուսը կմնա օդում: Ամենացավալին այն է, որ այսօր չեն պահվել գիտականորեն ապացուցված ամենակարեւոր երկու մեթոդները: Դրանք արդյունք չեն տվել դրանց զանգվածային չկատարման հետեւանքով: Մեր խնդիրն այսօր այն է՝ ոնց անենք, որ քաղաքացին կրի դիմակ: Սա պետք է լինի զանգվածային հակահամաճարակային շարժում, դիմակ չկրելը պետք է լինի ամոթ: Մի քաղաքացին մոտենա մյուսին ասի, խնդրի կամ աղաչի, որ դիմակ կրեն: Ես հանձնարարել եմ, որ ոստիկանները, նրանց ում տուգանում են դիմակ չկրելու համար, նաեւ դիմակ տան»:

Ըստ Փաշինյանի հիմա արդեն պիտի ասենք՝ կրենք դիմակ, փրկենք մեր կյանքերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930