Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրաֆիկինգը փնտրեք ձեր մեջ, շատ հետաքրքիր օրինակներ կգտնեք». Նաիրա Զոհրաբյանը`«Իմ քայլի» պատգամավորներին

Հունիս 15,2020 21:12

«Հարգելի գործընկեր, թրաֆիկինգը փնտրեք ձեր մեջ եւ կարծում եմ, շատ հետաքրքիր օրինակներ կգտնեք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`անդրադառնալով ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում առկա Գագիկ Ծառուկյանին ուղղված «հավատարմության նամակներին», որոնք իբր գրել են ԲՀԿ-ական պատգամավորները եւ որոնք շրջանառում-դատապարտում են «Իմ քայլի» անդամները:

Հիշեցնենք, ԱԱԾ-ն հրապարակել է հունիսի 14-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկության տեսանյութի կադրերը։ Տեսանյութում երեւում են նաեւ ԲՀԿ մի շարք պատգամավորների գրած եւ ստորագրած թղթերը: Այդ գրություններով, ԲՀԿ-ական պատգամավորները իբրեւ հավատարմություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։

«Ինչ վերաբերվում է իմքայլական որոշ պատգամավորների լալահառաչ տեքստերին, որ ահա ինչպիսի մարդկային թրաֆիկինգ է տեղի ունեցել… Այդ հարգարժան պատգամավորներին փոխանցեք, թե իրենց իսկ գործընկերները տարբեր սրճարաններում մեզ ինչեր են պատմում «Իմ քայլի» խորհրդարանական խմբակցության նիստերի ժամանակ պատգամավորների նվաստացումից»,-հավելեց մեր զրուցակիցը:

Իսկ առհասարակ, Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով այդ թեմային ասաց, որ ինքն ու իր գործընկերները բավական զվարճացել են «թղթի այդ կտորների վրա» եւ շնորհակալ են հարազատ ԱԱԾ-ին`մինչ տեսանյութի հրապարակումը` իմքայլականներին բաժանած այդ «անհասկանալի թղթի կտորների» համար:

«Եթե ես հավատ ունենայի իրավապահ համակարգի հանդեպ, ապա չէի ալարի եւ դատի կտայի այդ ապատեղեկատվությունը տարածողներին: Ինձ ճանաչողները`բոլորն էլ գիտեն, որ ես երբեք ոչ մի թղթեր չեմ ստորագրում: Դա իմ սկզբունքներին դեմ է: Ապա`ինչ ես ասում եմ`նույնը անում եմ բաց եւ հրապարակային: Ինչ որ ես ասում եմ, խոսում եմ նաեւ բաց` հեռախոսով: Տարիներ շարունակ իմ հեռախոսում բնակվող ԱԱԾ օպերները շատ լավ գիտեն, որ իմ բոլոր հայտարարությունները եւ հեռախոսազրույցները միմյանց համահունչ են: Ես չեմ ասում մի բան, անում մի այլ բան»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ «այդ թղթի կտորը բացահայտ ապատեղեկատվություն» է եւ ինքը դրան անլուրջ է վերաբերվում: Անգամ ավելորդ էներգիա չէր ծախսի այն հերքելու համար, եթե «որոշ շրջանակներ դա անընդհատ չտիրաժավորեին»:

Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ եւս հայտարարեց`իրենք պատրաստ են հնարավոր բոլոր սցենարների եւ զարգացումներին:

Հիշեցնենք, այսօր ԱԺ խորհուրդը հաստատեց վաղը կայանալիք հերթական նիստերի օրակարգը եւ օրակարգում ներառված է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան մեղադրանք առաջադրելու հարցը:

«Մենք ի սկզբանե գիտեինք, որ իշխանությունը գնալու է այդ ճանապարհով: Մենք չենք բացառում նաեւ շատ ավելի վատթարագույն սցենարներ, չենք բացառում նաեւ մեզանից յուրաքանչյուրի հանդեպ նմանատիպ սցենարներ եւս: Ի դեպ, որեւէ կարմիր գիծ, որը մտածում ես, որ այս իշխանությունը կարող է չանցնել, այդ թվում քիթը խոթելով մեր անձնական կյանք, չկա: Բայց ես կարծում եմ, որ այս ամենը շատ կարճ է տեւելու: Այսօր փորձելով մեր հանրությանը, ով հացի խնդիր ունի, պոպ-կոռն մատուցել`տարատեսակ, իրենց կարծիքով, թեժ կոմպրոմատների տեսքով, կարծում եմ այլեւս իրենց ակնկալած PR էֆեկտ չի ունենալու: Մենք ունենք հստակ մարտավարություն, աշխատում ենք մեր գործընկեր-համախոհ քաղաքական ուժերի հետ եւ բոլոր հնարավոր սցենարների դեպքում մեր ռազմավարությունը հստակ մշակել ենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930