Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական Խորհրդարանից պաշտոնական դիրքորոշման ստացումը հնարավորություն կտա գրեթե առ ոչինչ համարել հունիսի 10-ի խայտառակ փաստաթուղթը. ՀՅԴ

Հունիս 15,2020 21:01

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ՄՈՀ գրասենյակի տեսակետը Եվրախորհրդարանի երեք պատգամավորների հայտարարության վերաբերյալ

Վերլուծելով Եվրոպական Խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ գործընկերության կոմիտեի, Ադրբեջան-ԵՄ համագործակցության կոմիտեի և Վրաստան-ԵՄ ասոցացման կոմիտեի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուի, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի կողմից 2020 թ. հունիսի 10-ին ընդունված համատեղ հայտարարությունը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ արտաքին քաղաքականության, սփյուռքի և հայրենադարձության մասնագիտական ոլորտային հանձնախումբն արձանագրում է.

Հայտարարությունն իր բնույթով ու աննախադեպ շեշտադրումներով ոչ միայն հակառակ է ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների ոգուն, իրավապայմանագրային դաշտին և ամենատարբեր բնույթի հայտարարություններին, այլև ամբողջությամբ չի համապատասխանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացին։

Այն նույնիսկ չի համապատասխանում Եվրոպական Միության ղեկավար կառույցների, այդ թվում Եվրոպական Խորհրդարանի պաշտոնական դիրքորոշմանը։

Պատասխանատու պաշտոնյաների նման հռետորաբանությունը ոչ միայն օգուտ չի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, այլև՝ խանգարում է դրան և խրախուսում Ադրբեջանի իշխանություններին՝ նոր ագրեսիայի դիմելու հարցում։

Հայտարարության համահեղինակներն ընդունել են ադրբեջանական շահերը առավելագույնս սպասարկող հայտարարություն։ Նրանք քննադատում են Կապան-Հադրութ նոր ճանապարհի կառուցումը, Արցախի տարածքի համար կոմպետենտ իշխանություններ են համարում ադրբեջանական իշխանություններին, կարծիք են հայտնում, որ նոր ճանապարհը կամրապնդի Արցախի և շրջակա տարածքների «անօրինական օկուպացիան»։ Ինչպես նաև հայտարարության համահեղինակները Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են անում ակտիվացնել բանակցությունները՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում» հակամարտության կարգավորմանը հասնելու համար։

Այսպիսով, Եվրոպական Խորհրդարանի բարձրաստիճան և պատասխանատու պաշտոնյաների, հատկապես պատվիրակության ղեկավար Կալյուրանդի և Հայաստանի հարցով մշտական զեկուցող Բասեսկուի նման կեցվածքը խորը տարակուսանքի առիթ է տալիս առ այն, որ նրանք այլևս չեն կարող արդյունավետորեն սպասարկել միջխորհրդարանական հարաբերությունները և դրանք պահել ընդհանուր երկկողմ հարաբերությունների մակարդակին համապատասխան։

ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՆԵԼԻՔՆԵՐ

Նկատի առնելով ընդունված հայտարարության բնույթը, կարող ենք եզրակացնել, որ վերջինիս ընդունումը հետևանք է Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության անարդյունավետ գործունեության։ Մասնավորապես, անբացատրելի է՝ մեր խորհրդարանականները նախապես տեղյակ եղե՞լ են սպասվող հայտարարության մասին և անկարող են գտնվել իրավիճակը շտկել, թե՞ եվրոպացի գործընկերները անգամ հարկ չեն համարել այդ մասին պատշաճ ծանուցել։ Բոլոր դեպքերում փաստը վկայում է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայ և եվրոպացի անդամների գործընկերային, քաղաքական ու միջանձնային հարաբերությունների ցածր որակի մասին։

ՀՅ Դաշնակցությունն իր միջկուսակցական խողովակներով և միջազգային համագործակցության շրջանակներում արդեն անհրաժեշտ հակազդեցությունն է իրականացնում, ինչի մասին լրացուցիչ կհայտնենք։

Քննելով ներկա իրավիճակն ու գիտակցելով նման զարգացումների հետագա վտանգավորության աստիճանը, ադրբեջանական կողմի բազմաճակատ ակտիվացումը, ստեղծված իրավիճակի հնարավոր բացասական ազդեցությունը ԵՄ Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի ու դրա հայտարարության վրա, ԵՄ-Ադրբեջան սպասվող նոր շրջանակային համաձայնագրի նախաստորագրման հավանականությունը և դրանում առկա խնդրահարույց ձևակերպումների ենթադրությունը, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ առկա միջազգային զարգացումները․

ա) Անհրաժեշտ է խորհրդարանական դիվանագիտության պաշտոնական խողովակներով դիմել Եվրոպական Խորհրդարանի ղեկավարությանը, Եվրոպական Խորհրդարանի արտաքին քաղաքականության գլխավոր դիրեկտորիատին և արտաքին գործերի մշտական հանձնաժողովին (AFET)` առաջարկելով հստակեցնել Եվրոպական Խորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրով։

բ) Ըստ հարկի, պետք է օգտագործել Եվրախորհրդարանի վերոհիշյալ ստորաբաժանումների կողմից դեռևս 2017 թ. պատրաստված՝ «EU relations with Armenia and Azerbaijan» խորհրդատվական վերլուծությունը և դրա 3-րդ կետը, որը Եվրոպական կառույցներին կոնկրետ առաջարկներ է ներկայացնում ղարաբաղյան հիմնախնդրի մասով դիրքորոշման համար։

գ) Անհրաժեշտ է հղում անել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության (CEPA) համաձայնագրի նախաբանին՝ ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող և մեզ համար շատ կարևոր ձևակերպումներին, որոնք ներառում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, կարևորում են հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների շրջանակներում, հիմնախնդրի մասով վավերական են համարում, այն հայտարարությունները, որոնք կատարվել են 2008թ․ ից այս կողմ և այլն։

դ) Պետք է նկատի ունենալ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության, ապա նաև գործընկերության կոմիտեների նախընթաց հայտարարությունները և ցուցել ներկա հայտարարության բովանդակային անհամապատասխանությունը նաև դրանց հետ։

ե) Պետք է նկատի ունենալ, ղարաբաղյան հիմնախնդրի մասով Եվրոպական Խորհրդարանի բազմաթիվ բանաձևերն ու հայտարարությունները, մասնավորապես 1999 թ. մարտի 11-ի՝ «Կովկասում խաղաղ գործընթացներին աջակցելու վերաբերյալ» Եվրոպական Խորհրդարանի այն բանաձևը, որով վերջինս ըստ էության ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

զ) Անհրաժեշտության դեպքում պետք է հղումներ անել Եվրոպական Միության այլ ղեկավար կառույցների՝ Եվրոպական Հանձնաժողովի և Եվրոպական Միության Խորհրդի կողմից ընդունված և Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող փաստաթղթերին։ Այս առումով խիստ ուշագրավ են 2012 թվականի փետրվարի 27-ի՝ «Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրոպական Խորհրդի եզրակացությունը», ինչպես նաև 2019 թվականի մարտի 15-ին Եվրոպական Միության Խորհրդի հրապարակած «Եվրոպական Հարևանության վերանայված քաղաքականության շրջանակներում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ զեկույց»-ը, որը ԵՄ Խորհրդին հասցեագրվել էր Հանձնաժողովի կողմից։

է) Մեծ նշանակություն ունեն նաև Արևելյան գործընկերության գագաթաժողովների, հատկապես Ռիգայի 2015թ․ և Բրյուսելի 2017թ․ գագաթաժողովների հայտարարությունները։ Մասնավորապես, Ռիգայի գագաթաժողովի հայտարարությունն ըստ էության առաջինն էր նման գագաթաժողովների հայտարարությունների մեջ, այն առումով որ Ղարաբաղյան հիմնախնդրին տարբերակված մոտեցում էր ցուցաբերում՝ առանձնացնելով այն արևելաեվրոպական տարածքի այլ հակամարտություններից, ինչպես նաև շեշտում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության իրավունքը, տարածքային ամբողջականության սկզբունքն ու ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը:

ը) Նկատի առնելով Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունների իրավասության տիրույթում ձևավորված իրավապայմանագրային և այլ բնույթի փաստաթղթերը՝ պետք է միաժամանակ հաշվի առնել ԵՄ հիմնադիր փաստաթղթերով և Լիսաբոնյան պայմանագրով Խորհրդարանին վերապահված լիազորություններն ու ճկունությունը և առաջիկա աշխատանքները տանել հենց այդ՝ զուտ խորհրդարանական ուղղությամբ։

Այսպիսով, հիշյալ և այլ փաստաթղթերին հղումներ անելով՝ Եվրոպական Խորհրդարանից պաշտոնական դիրքորոշման ստացումը հնարավորություն կտա գրեթե առ ոչինչ համարել հունիսի 10-ի խայտառակ փաստաթուղթը։

Ազգային ու պետական այս կարևոր հարցում, խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուները պարտավոր են հնարավորինս շտկել իրավիճակն ու իրենց հանձված ոլորտում ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանել մեր ազգային ու պետական շահը։

ՀՅ Դաշնակցության Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը համապատասխան գնահատումով արդեն իսկ անդրադարձել է խնդրո առարկա հայտարարությանը և իր կարողության շրջանակներում շարունակում է աշխատել ստեղծված իրավիճակի հաղթահարման համար։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի արտաքին քաղաքականության, սփյուռքի և հայրենադարձության մասնագիտական ոլորտային հանձնախումբ

15 հունիսի, 2020 թ.

ք. Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930