Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրությունների ուրվականը օգնեց Ծառուկյանին դուրս գալ ԱԱԾ-ից

Հունիս 15,2020 22:40

ԲՀԿ-ն փոքրիկ պետություն է պետության մեջ` հայկական Մոնակո, որ կառուցվել է մեկ իշխանի պաշտպանելու նպատակով, և այս տեսանկյունից միգուցե «Իմ քայլը» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առճակատումը կարելի է կոչել քաղաքական պայքար: Այն, որ Առինջի իշխանին չէին ձերբակալի, պարզ էր ի սկզբանե, քանի որ հակառակ դեպքում ԲՀԿ-ականները վայր կդնեին մանդատները և մեր երկրի առջև կծառանար նոր վտանգ՝ արտահերթ ընտրությունների ուրվականը համաճարակի պայմաններում:

Կարծում եմ այս իրականությունը ձեռնտու չէ ո՛չ ԲՀԿ-ին, ո՛չ էլ «Իմ քայլին»: Եթե Ծառուկյանը հայտնվեր ճաղերի հետևում, նախկինների ահռելի բանակը մեջ-մեջ կաներ նրա քաղաքական և ֆինանսական ռեսուրսները, քանի որ ի տարբերություն ներկայիս իշխանության՝ նախկին իշխանավորները լավ գիտեն, թե ինչ հիմքերի վրա է կառուցվել Ծառուկյանի կայսրությունը, և մինչ իշխանավորներն ուշքի գային, վերջինիս կարողություններն արդեն բաժանված կլինեին և հօդս կցնդեին, ուստի իմ քայլականները կմնային կոտրած տաշտակի առջև: Սակայն Ծառուկյանին նույնպես ձեռք չի տալիս բացահայտ առճակատման գնալ իշխանությունների հետ, քանզի վարչապետի աթոռը, որին նա մերօրյա իրականության մեջ աղոտ հավակնում է, քանի որ քաջ գիտակցում է, որ իր թիկունքում թաքնված են, եթե ոչ հավասար, ապա ոչ պակաս հզոր գիշատիչներ, կարող է փախցնեն իր տակից:

Փաշինյանն ունի այն, կամ գուցե ունեցել է և դեռ առկա է շորշոփը, որ երբեք չի ունեցել ՀՀ-ում որևէ մեկը՝ ժողովրդի աջակցություն, և որքան էլ հիասթափված լինի հասարակությունը, նա դեռ չի ներել նախկիններին ու կարող է կրկին հենասյուն հանդիսանալ Փաշինյանին, որը դեռ այդքան էլ շատ չի շեղվել հեղափոխության ընթացքում տված իր խոստումներից: Բացի այդ՝ որքան էլ կամենան անտեսել «Սասնա Ծռերին», միևնույն է նրանք թափ են հավաքում և հեղափոխությանը աջակցած ռադիկալ ուժերն ավելի շուտ կաջակցեն նրանց, ովքեր խիզախություն ունեցան ապստամբել զենքով, քան այն ուժերին, ովքեր մեկ անգամ չէ, որ ճամբար են փոխել ու միշտ իշխանական շրջանակներին մոտ են կանգնած եղել:

Վերոգրյալ ուժերի դասավորվածության մասին քաջատեղյակ են Փաշինյանը և Ծառուկյանը, ուստի՝ բացահայտ առճակատման գնալով նրանք երկուստեք բավականին մեծ կորուստներ կունենան և քաղաքական դաշտի վերադասավորումից կօգտվեն բավականին մեծ քանակությամբ պահեստային խաղացողներ, հետևաբար, այսօր կարելի է գրանցել «Իմ քայլը»-ԲՀԿ՝ ոչ ոքի:

Սակայն այս պատերազմը սառեցնել գրեթե անհնար է: Կորոնաիրականությունն օր-օրի՝ անկախ խորհրդարանական ներկայիս ուժերի կամքից, իր ճշգրտումներն է ներմուծում քաղաքական դաշտ և հանուն գոյատևման    վերադասավորվելու քաղաքական պահանջը դառնում է արդիական: Կարծում եմ  Փաշինյանը և Ծառուկյանը կհետևեն հետագա զարգացումներին՝ փորձելով վերականգնել իրենց ուժերը և գտնել քաղաքական նոր աջակիցներ: Ահա այստեղ է, որ պարզից էլ պարզ է դառնում, որ անցնելով պառլամենտական համակարգի Սերժ Սարգսյանը բացել է Պանդորայի արկղը՝ կլանային համակարգ ունեցող երկիրը, պատրաստ չլինելով բազմակարծության, վերածվում է քաոսային համակարգի:

Բաղրամյան 26-ի բացակայությունը վակուում է ստեղծել կառավարման համակարգում: Հայկական մտածելակերպից ելնելով՝ չկա բացառիկ ուժ, բացակայում է նաև միասնական կոնսոլիդացիա: Արդյունքում իրականությունը հիշեցնում է Կռիլովի «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» առակը, իսկ ամենից սարսափելին մեր երկրի համար այն է, որ քաղաքական ուժերի մեծ ցանկության դեպքում էլ անգամ, այլևս ոչ-ոքի գրանցել հնարավոր չէ և այս խմորումներին վերջակետ կարող է դնել միայն ժողովուրդը, իսկ նա հիասթափված է և շփոթված առաջնորդի ընտրության հարցում:

Քաղաքական գործիչների կողմից պառլամենտական երկիր դառնալու  ցանկությունը, ոչ այլ ինչ էր, քան թաքնված փոքրիկ իշխանի բարդույթ: Երբ ի վերջո հաջողում է հասնել ծրագրված բաղձալի կետին, մարդկային ագահությանը բնորոշ շարժառիթներից դրդված, ցանկություն է առաջանում ունենալ ավելին, քան կար: Քաղաքական կազմակերպություններն օրենքի սահմաններում գործող մաֆիոզ ստրուկտուրաներ են, որոնք պայքարում են իրենց ազդեցության ոլորտները մեծացնելու համար և այդ կազմակերպությունների բարոյական կամ արատավորման չափանիշներից է կախված իրական զարգացումների ճանապարհը:

Ճիշտ է ես որևէ տեղեկություն չունեմ, թե ինչ ցուցմունք է տվել երեկ ԱԱԾ-ում Գագիկ Ծառուկյանը, սակայն իմ փորձն ինձ հուշում է, որ այն բացվել և փակվել է հետևյալ բառերով՝ «օգտվելով իմ դատավարական իրավունքից՝ հրաժարվում եմ ցուցմունք տալ և պատասխանել ձեր հարցերին», իսկ մնացած մոտ տաս ժամը քաղաքական քննարկումներ են ընթացել, որոնք ամենայն հավանականությամբ որևէ արդյունք չեն տվել և պարզապես սառեցվել է առկա կոնֆլիկտը: Հակառակ դեպքում՝ պարտված կամ հաղթանակած Ծառուկյանը, դուրս գալով ԱԱԾ-ից, այդքան սակավախոս չէր լինի, գոնե կոգեշնչեր փողոցում հավաքված իր համախոհներին, կառաջարկեր քայլերթ անցկացնել ի նշան իրենց ապագա հաղթանակի և այլն և այլն, կարծում եմ տարբերակների բազմազանության մասին բոլորս էլ քաջատեղյակ ենք:

Այն, որ այս ամենից հետո իշխանությունը խոսելու է երկրի թալանից, իսկ ընդդիմությունը քաղաքական հետապնդումներից, ինչն էլ ակնարկեց Ծառուկյանը և նստելով մեքենան հեռացավ, միանշանակ է, սակայն, թե ուր կտանեն մեզ այս կարգի քաղաքական զարգացումները, կարծում եմ չգիտեն նաև հակառակորդ կողմերը, բայց երկրի համար դրական զարգացումներ ակնկալելը մեղմ ասած միամտություն է: Ուստի շտապում եմ հիասթափեցնել իրենց սրամիտ մեկնաբանություններով համացանցում բնակվողներին՝ սա այն տարբերակը չէ, երբ հումորը կարելի է տեղին համարել, իսկ հայհոյանքները կողմնորոշված դիրքորոշում: Իրականությունը դառնանում է՝ անկախ նրանից, թե հակամարտող որ ճամբարին եք համակրում: Միակ ելքը, որ եղել է և հուսով եմ, որ դեռ մնում է, դա հեղափոխության ընթացքում տրված խոստումների կատարումն է, ոչ թե դրանց իմիտացիան, քանի որ բիրտ ոստիկանական ուժով, կամ թավիշով երկիրը կառավարելն անհնար է: Դա կարելի է անել միայն և միայն իրական բարեփոխումներով, ճշմարտությունն ասելով և ոչ թե հների ու նորերի պայքարի, այլ իրական գիտելիքներ և ոլորտային փորձ ունեցող մասնագետ-նվիրյալներին գործընթացին ներգրավելու միջոցով:

Հայաստանը ճշմարտության կարոտ էր, և ժողովուրդը գնաց հեղափոխության, մինչդեռ մինչ օրս փորձ անգամ չի արվել այդ ծարավը հագեցնել: Քաղաքական գործիչները բաժանվել են խմբերի և, համացանցն ու լրատվական դաշտը կիսելով իրենց միջև, կողմնակալություն են քարոզում՝ հասարակությանը մատուցելով գողական աշխարհին բնորոշ գաղափարներով և մոտեցումներով համեմված կիսատ ճշմարտություն: Ժողովուրդը՝ համենայնդեպս գիտակից և առողջ հատվածը, հասկանում է, որ խնդիրը ոչ թե նախկինների և ներկաների միջև է, այլ այլակերպված իրականության մեջ է, որով զինված են գրեթե բոլոր քաղաքական գործիչները:

Հայաստանի Հանրապետությունը պետություն է, որը չի կարելի կառավարել լրատվամիջոցներ ղեկավարելու կանոններով, սկանդալներով երկիր չեն պահում և իհարկե չեն կերակրում: Մենք մեկ ազգ ենք, մեկ պետություն երկրագնդի ամենավտանգավոր ու պայթունավտանգ հատվածում, շրջապատված թշնամիներով ու կիսաձևական բարեկամներով, և եթե մենք չպահենք մեր երկիրը, որևէ մեկը, Եվրոպայից, ԱՄՆ-ից կամ Ռուսաստանից մեզ չի պահելու, լավագույն դեպքում, երբ մեզ՝ Աստված մի արասցե, զրկեն մեր պետականությունից, լսենք կարեկցանքի խոսքեր:

Հայաստանը պետք է հայամետ լինի և ապրի Իսրայելի գոյատևումն ապահովող կանոններով: Սփյուռքն օգտագործի որպես հետախուզության, հակահետախուզության և տնտեսության զարգացման բանակ: Թեկուզ հայրենիքում լինելով երեք միլիոն, այնպես անի, որ տասներկու միլիոնանոց համախմբված և միասնական բանակ դառնա համայն աշխարհում: Ոչ ոք չի ասում, որ հանցագործներին և մարդասպաններին չպետք է դատապարտել` անվերապահորեն պետք է, սակայն դա պետք է անել օրենքով սահմանված կարգով, անկախ դատական համակարգի միջոցով, այլ ոչ թե տվյալ պահի քաղաքական իշխանության քմահաճույքներից կամ շահերից դրդված:

Պարո՛ն Փաշինյան, հետ բերեք հեղափոխության օրերի մեր խնդությունը, կատարեք ձեր տված խոստումները: Ձեզանից ոչ ոք հրաշքներ չի պահանջում ու կառավարական մեծ փորձ պետք չէ, որպեսզի առավոտյան զարթնեք և որոշեք, որ Աստծուն Աստծո բաժինը պետք է տաք, իսկ Կեսարին՝ Կեսարի:

 

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930