Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հավատարմությունը թղթին չեմ հանձնում, կյանքով եմ ապացուցում». Գեւորգ Պետրոսյանը`Գագիկ Ծառուկյանին «հավատարմության թղթի» մասին

Հունիս 15,2020 20:30

«Հավատարմությունը գրավոր չի լինում: Ես իրեն հավատարիմ եմ, բայց ոչ գրավոր, այլ բանավոր: Ես հավատարմությունը թղթին չեմ հանձնում, կյանքով եմ ապացուցում»,- Aavot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը`պատասխանելով հարցին` դուք է՞լ եք Գագիկ Ծառուկյանին «հավատարմության թուղթ» գրել:

Հիշեցնենք, ԱԱԾ-ն հրապարակել է հունիսի 14-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկության տեսանյութի կադրերը։ Տեսանյութում երեւում է նաեւ ԲՀԿ մի շարք պատգամավորների գրած եւ ստորագրած թղթերը: Այդ գրություններով, ԲՀԿ-ական պատգամավորները իբրեւ հավատարմություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։

Գեւորգ Պետրոսյանն ասում է, որ ինքը որեւէ թուղթ չի գրել, բայց վստահեցնում է, որ ԲՀԿ-ի բոլոր պատգամավորներն էլ Գագիկ Ծառուկյանին փաստացի են հավատարիմ. «Գրավոր հավատարմություն չի լինում, քանի որ կարող ես թղթի վրա ամեն ինչ էլ գրել`հետո խախտել, եթե իրականում հոգումդ հավատարմություն չկա»:

Մեր զրուցակիցն այդքան էլ ճիշտ չի գնահատում ԱԱԾ-ի քայլը` խուզարկության տեսագրության հրապարակումը, քանի որ մարդու տանը կարող են լինեն անձնական բնույթի տարատեսակ գրություններ. «Մի հոգու տանն էլ կարող է լինել, որ այսինչը սիրում է այնինչին. դա ի՞նչ հրապարակման առարկա է: Դա անձնական կյանքին կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքի խախտում է: Իրենք ինչո՞ւ էին խուզարկում, պիտի այդ նյութերը փնտրեին, վերցնեին հրապարակեին, ընդ որում, այս պահի ցանկացած նյութի հրապարակումն էլ նպատակահարմար չի`նախաքննության գաղտնիության իմաստով: Բայց, առավել եւս անձնական բնույթի փաստաթղթեր հրապարակելը ես անթույլատրելի եմ համարում: Այստեղ ԱԱԾ-ն գերազանցել է իր լիազորությունները»:

Հարցին`կարծում եք նման քայլերի համա՞ր էր ԱԱԾ երիտասարդ տնօրենի արագ առաջխաղացումը, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Երիտասարդ տնօրենը եղել է իմ ուսանողը, ես իր մասին բարձր կարծիքի եմ: Բայց չգիտեմ թե ինչո՞ւ է թույլ տվել, որ նման հրապարակումներ լինեն»:

Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավորները` Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը եւ այլք, ում «հավատարմության նամակները» հրապարակվել էին, հերքում են գրությունների գոյությունը, անգամ սպառնում են դատական կարգով վիճարկել ԱԱԾ-ի գործողությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930