«Հինգ քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են այդ հանդիպմանը, ունեն համաձայնություն կոնկրետ հարցերի շուրջ: Թե հետագայում դա ինչպիսի միս ու արյուն կստանա, ինչ ընթացքում, ինչ բովանդակություն կհաղորդի քաղաքական գործընթացներին, ժամանակը ցույց կտա»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում ՀՅԴ, ԲՀԿ, «Մեկ Հայաստան», «Հայրենիք», «Ազգային օրակարգ» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպմանը՝ հայտնեց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ իրենք քննարկել են քաղաքական իրավիճակը, եւ բոլորի մոտ էլ կա փոխըմբռնում երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Արթուր Ղազինյանին խնդրեցինք փակագծեր բացել՝ ի՞նչ հարցերում կա փոխըմբռնում, նա ասաց, որ ունեն պայմանավորվածություն չհրապարակել այն առանցքային քաղաքական ու օրակարգային կետերը, որոնց շուրջ համաձայնություն կա, հետևաբար ձեռնպահ մնաց կոնկրետ կետեր նշելուց: Միայն տեղեկացրեց, որ կլինի հայտարարություն, և արդեն հանրությանը կներկայանան կոնկրետ գործողություններով ու անելիքներով:
Արթուր Ղազինյանն ասաց, որ ներկայացված հինգ քաղաքական ուժերը վերջին 6-8 ամիսներին գտնվել են պերմանենտ և մշտական շփման մեջ ու պարզաբանեց. «Այսինքն՝ ներկա բոլոր ուժերը բոլորը բոլորի հետ շատ հաճախ և բոլորը միասին շփվել ենք: Շփումներն անընդհատ են, քանի որ ընդդիմությունը, արտախորհրդարանական ընդդիմությունը, հատկապես այսպես նոր հայտ ներկայացնող քաղաքական ուժերը միշտ էլ փորձել ենք իրար մոտ գտնվել և օրակարգային հարցերում ևս:
Կարդացեք նաև
Ուղղակի այս անգամ շփումը համընկավ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրադարձությունների հետ, դրա համար այդքան հնչեղություն ու հետաքրքրություն ձեռք բերեց: Այսինքն՝ այդ առումով Դաշնակցության մեր գործընկերներին հարգելով և հարգելով իրենց անցած ճանապարհն ու ուղին՝ այս անգամ հանդիպեցինք իրենց գրասենյակում, հաջորդ անգամ հանդիպումը կլինի մեկ այլ կուսակցության գրասենյակում: Որևէ առանցք այս պահին այդ գործընթացներում չկա: Իսկ թե ինչ է քննարկվել, փոխըմբռնումն ինչի շուրջ է և այլն, եկեք չշտապեք: Նախապատրաստում ենք հայտարարություն: Կլինի փաստաթուղթ, որտեղ նշված կլինի այն հարցերի շրջանակը, որի շրջանում մենք ունենք փոխըմբռնում, անելիքների ու առկա իրավական գնահատականների, գործողությունների ծրագրի և վերջնական նպատակի մասին: Հիմա, եթե հինգից որևէ մեկը չի բացում փակագծերը, թե ինչ է քննարկվել, որքանո՞վ է կոռեկտ, որ ես դա անեմ»:
Հարցին՝ հայտարարությանը երկա՞ր կսպասենք, Արթուր Ղազինյանն պատասխանեց՝ դա նաև կախված է իրադարձություների զարգացման ընթացքից ու նշեց. «Հիմա չգիտենք՝ վաղն արտահերթ նիստ կլինի՞, թե ոչ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Կախված իրադարձությունների զարգացման սրընթացից, ըստ դրա մենք կորոշենք ակտիվությունն ու հետագա քայլերի հաջորդականությունը: Ամեն դեպքում իշխանությունն է այս պահին գործողությունների նախաձեռնողը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ