Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը խոստովանեց՝ չեն կարողացել քաղաքացիներին համոզել՝ պահել հակահամաճարակային կանոնները

Հունիս 15,2020 19:01

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո ասաց, որ եկել է ժամանակը խոստովանելու, որ չեն կարողացել քաղաքացիներին համոզել՝ պահել հակահամաճարակային կանոնները. «Խոսքը դիմակներ կրելու մասին է: Ըստ էության, ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, ի հեճուկս կիրառվող վարչական վարույթների, ի հեճուկս կիրառվող լայնածավալ քարոզչության, կառավարության գործունեության թափանցիկության, Հայաստանի հանրապետությունում մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ: Սա Հայաստանի հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ մեկ պատճառն է»:

Փաշինյանի խոսքով, «Ֆորբս» ամսագիրը հրապարակել է, Իտալիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի փորձը, որը ցույց է տալիս, որ վիրուսի դեմ պայքարում դիմակները վճռորոշ ազդեցություն ունեն, էականորեն կրճատում են վիրուսի տարածումը:

Ըստ վարչապետի, դիմակները խիստ անհրաժեշտ են նաեւ առողջ մարդկանց, որոնք հնարավորություն են տալիս չշնչել վարակված մարդկանց արտաշնչած մանրէները, որոնք օդում կարող են մնալ տասնյակ րոպեներ. «Սա կարելի է սենսացիա համարել, սա նշանակում է, որ այս տարածքով հիվանդացած քաղաքացին անցավ, կամ հազաց կամ փռշտաց եւ ինքը գնաց, հաջորդ տասը րոպեներին այստեղով անցնող մարդիկ վարակվելու մեծ հավանականություն ունեն»:
Երկրորդ արդյունավետ միջոցը սոցիալական հեռավորության պահպանումն է:

Փաշինյանի խոսքով, այսօր վարակի տարածման նվազում է համարվում այն թիվը, ըստ որի, մեկ մարդը վարակում է մեկից քիչ մարդու. «Մայիսի 25-ից այս կողմ մենք առաջարկել ենք համաճարակի կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդները,բայց մեր խնդիրը կայանում է նրանում, որ չենք կարողացել համոզել, պարտադրել մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք այդ պայմանները կատարեն: Այսօր էլ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներն այդ պայմանները, ցավոք սրտի, չեն կատարում»:

Վարչապետն ասաց, որ վարչական ներգործության ծավալները մեծացնելու են. «Բայց ակնկալում ենք, որ մեր հայրենակիցները կհետեւեն մեր առաջարկած կանոններին»:
Նաեւ ասաց, որ մինչեւ այդ կանոնները չպահենք համաճարակը չենք հաղթահարելու. «Կամ հաղթահարվելու է հետեւյալ կերպ. բոլոր նրանք, որոնք պիտի մահանային՝ կմահանան եւ միայն դրանից հետո միայն թվերը կիջնեն: Սա նշանակում է, որ մեր վարքագծով մեր հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդկանց դատապարտում ենք մահվան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930