Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյան. «Մենք ինքներս ենք քիչ խոսում բարեփոխումների մասին. սա իրականում շատ լուրջ բարեփոխում է»

Հունիս 15,2020 18:30

«Սա շատ կարեւոր օրինագիծ է: Վերջին մեկուկես տարում երեւի որեւէ նախագծի մասին այնքան հաճույքով չեմ խոսել, որքան այս նախագծի, որովհետեւ իրապես կարեւոր՝ հակաճգնաժամային եւ երկարաժամկետ միջոցառում ենք անում»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխությունների» մասին օրինագիծը, որով սահմանվում է՝ շահութահարկ վճարողները կազատվեն 2020թ.-ի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից:

«Խոսքն ավելի քան երեսուն միլիարդ դրամի մասին է: Ըստ էության, պետությունն այդքան դրամի հարկային արձակուրդ է տրամադրում տնտեսվարողներին: Սա լրացնում է կառավարության նախորդ՝ կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված տնտեսական աջակցության ծրագրերը»,-հավելեց Բաբկեն Թունյանը:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը եւս շեշտեց, որ այս փոփոխությունը չափազանց կարեւոր է. «Սա հարց է, որին բիզնեսը սպասում է շատ վաղուց, եւ որի վերաբերյալ դեռեւս ապրիլից առաջարկներ էինք հնչեցնում: Միանշանակ կողմ լինելով նախագծին՝ ասեմ, որ հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ որոշումներն անհապաղ պետք է ընդունվեն, այլապես ուշացումն ազդում է արդյունավետության վրա: Երկու-երեք ամիս բիզնեսները փակ են եղել, ու երբ կառավարությունը նրանց ասում է «վարկ վերցրեք, որ պարտավորությունները կատարեք», դա անընդունելի է, դա ոչ գործընկերային մոտեցում է: Նման նախագծերի միջոցով պետք է գործադիրը ցույց տա, որ բիզնեսի կողքին է, որովհետեւ բիզնեսն է պահում այս երկիրը: Բիզնեսը կողջունի սա, բայց սա քիչ է»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նկատեց. «Երբեմն տարակուսանք է արտահայտվում, որ այսքան բարեփոխումների մասին քիչ է խոսվում, այդ թվում՝ ԶԼՄ-ներով: Թույլ տվեք նկատել, որ մենք ինքներս ենք քիչ խոսում: Իրականում շատ լուրջ բարեփոխում է սրանով կառավարությունն առաջարկում, եւ հատկապես փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը կթեթեւանա, կյանքը կհեշտանա»: Օրինագծին ընդունվեց միաձայն՝ 94 «կողմ» ձայներով: Հավելենք, որ օրինագիծը վաղը դրվելու է երկրորդ եւ ամբողջական ընթերցման:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930