Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշակի արտահոսք է տեղի ունեցել, հավանաբար, իրավապահ համակարգից, ինչին տեղեկացել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը». Մակունցը՝ Ծառուկյանի՝ քաղաքական աստառ տալու վերաբերյալ

Հունիս 15,2020 17:47

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո այսօր նա ուղերձ է տարածել, որտեղ ասում է. «Կատարվածն իսկապես շատ տգեղ է, որը կարճ կոչվում է քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում»: Այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արձագանքեց. «Չկա որեւէ քաղաքական պատվեր: Կան իրավապահների դաշտում գտնվող որոշակի գործեր, որոնք անհրաժեշտություն ունեն բացահայտման, փաստերի ապահովման, դա է ամբողջը: Ես կարծում եմ, որ հակառակ գործընթացն է տեղի ունենում, ցավոք սրտի: Այնպիսի տպավորություն է, որ փորձ է կատարվում խոչընդոտել իրավական անկաշկանդ գործողությունները, եւ ինչպես ընդունելի չէր իշխանական մեծամասնության, կառավարություն, իշխանություն, այնպես էլ որեւէ այլ քաղաքական ուժի կողմից, ընդդիմության կողմից կամ, ընդհանրապես, որեւէ ուժի կողմից ճնշում նույնպես անընդունելի է»:

Ըստ Մակունցի, իրավական գործընթացին փորձում են քաղաքական աստառ տալ. «Քանի որ սկսվել է իրավական պրոցես, որի մասին «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացել է մամուլից եւ ԱԱԾ հաղորդագրությունից, փորձում են այդ պրոցեսներին տալ քաղաքական երանգ: Քանի որ իրավապահ մարմինները ձեռնարկել են գործողություններ ինչ-որ բաների բացահայտման առումով, իրենք այդպես են որակում»: Հարցին՝ համընկնումները շատ չե՞ն, իրար հետ շղթայական կապվում են Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ու քրգործերն ու ԱԱԾ-ում հարցաքննությունը՝ Մակունցն ի պատասխան ուշագրավ հայտարարություն արեց. «Որոշակի արտահոսք է տեղի ունեցել, հավանաբար, իրավապահ համակարգից, ինչին տեղեկացել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը, ինչից պաշտպանվելու առաջին քայլը եղել է քաղաքական հայտարարությամբ հանդես գալը, որ իրենք կկարողանան որակել դա՝ որպես քաղաքական ճնշում: Պատահական չէ, որ ԲՀԿ ղեկավարի քաղաքական հայտարարությունից անմիջապես հետո վարչապետի խոսնակի հաղորդագրությունը հրապարակվեց, որը շատերիս ինչ-որ բան ասաց, այդուհանդերձ, մանրամասները չիմացանք, թե ինչ է տեղի ունենում: Հաջորդող իրադարձություններն արդեն եկան վկայելու, որ այո, փաստացի որոշակի տեղեկատվության իրավական պրոցեսների հետ կապված հասանելի է դարձել ինֆորմացիա եւ փորձ է կատարվում այսպես քաղաքական երանգի ներքո ներկայացնել իրավական պրոցեսը»:

Հարցրեցինք՝ ուժային կառույցների ղեկավարների վերջին պաշտոնանկությունները կարո՞ղ են կապված լինել հենց այդ ինֆորմացիայի արտահոսքի հետ՝ Մակունցը պատասխանեց. «Ես չեմ կարող այդ մասին որեւէ բան ասել, որովհետեւ չգիտեմ, բայց կարծում եմ, որ թե՛ ձեր առաջադրած հարցի, եւ թե՛ ժամանակագրության հետ կապված, կարծում եմ, լավագույն պատասխանը կարող են տալ հենց իրավապահները… Ես չգիտեմ, թե որտեղից է եղել արտահոսքը կամ ինչպես է տեղեկատվությունը հայտնի դարձել: Ես շատ ուրախ եմ այն հանգամանքով, եւ դա ճիշտ է, որ «Իմ քայլը» խմբակցությունը բացարձակ անտեղյակ է եղել նման իրավական պրոցեսներից: Ինչ վերաբերում է՝ թե ինչպես է այդ տեղեկատվությունը հասանելի դարձել, ես հիմա ճիշտ չե համարում մի կառույցի անուն հնչեցնել»:

Ճշտեցինք, թե ի՞նչ է սպասվում Ծառուկյանին, դատախազը նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալո՞ւ է ԱԺ՝ Մակունցը պատասխանեց, որ մինչ այս պահը դեռ դատախազությունը չի դիմել, երբ կլինի միջնորդություն, կքննարկեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930