Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի ճգնաժամում հարկային միջավայրը կբարելավվի. ԱԺ-ն քննարկում է օրինագիծը

Հունիս 15,2020 17:41

ԱԺ արտահերթ նիստում այս պահին առաջին ընթերցմամբ քննարկվում է ՀՀ կառավարության հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխությունների» մասին օրինագիծը, որի թիրախում հարկային դաշտի խնդիրներն են: Ինչպես զեկուցեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ներկայումս կան 7650 հարկ վճարողներ, որոնք պարտավոր են կատարել շահութահարկի կանխավճարի պարտավորությունը. «Բայց  ընթացիկ տարին աչքի չի ընկնում շահութաբերությամբ: Այս պահանջի կատարումը տնտեսվարող սուբյեկտների համար խնդիրներ է ստեղծում: Առաջարկվողը ժամանակավոր միջոցառում չէ, այլ միտված է ապագային՝ ունենալու համար ավելի նպաստավոր հարկային միջավայր: Օրինագծով սահմանվում է, որ շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թ.-ի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից, իսկ դրա վերջնաժամկետը հունիսի 20-ն է: Աշխատելու ենք, որպեսզի մինչեւ այդ ժամկետը նախագահն օրենքը ստորագրած լինի»:

Պողոսյանի փոխանցմամբ՝ օրինագծով սահմանվում է նաեւ, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20%-ի և նախորդ եռամսյակի շրջանառության 2%-ի գումարներից նվազագույնի չափով, նաեւ՝ վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը. «Սա իմաստազրկված գործիք է»:

Արման Պողոսյանի բնորոշմամբ. «Երբ տնտեսական շոկի նմանվող իրավիճակի հետ գործ ունենք, ընթացիկ օրենսդրական կարգավորումները համահունչ չեն իրականությանը»:

«Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն արձանագրեց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից:

Փոխնախարարը նկատեց՝ թեեւ սա կորոնավիրուսի  տնտեսական ճգնաժամի շրջանակում է արվում, սակայն դրա անհրաժեշտությունն արդեն հասունացել էր, եւ կորոնավիրուսը միայն արագացրեց խնդրի հաղթահարումը. «Հեռահար նպատակն է՝ ունենալ ավելի լավ եւ նպաստավոր գործարար միջավայր»:

Հավելենք, որ օրինագիծն առաջիկայում դրվելու է երկրորդ եւ ամբողջական ընթերցման:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930