ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 15-ի նիստում Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ` համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում:
Ներկայում ԱՊՀ անդամ մի շարք պետությունների միջեւ գործում է «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1992 թվականի մարտի 13-ին ստորագրված համաձայնագիրը, ըստ որի` մասնակից պետությունների տարածքներում ձեռք բերված աշխատանքային ստաժերի համար կենսաթոշակը նշանակում եւ վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը:
Հաշվի առնելով այդ համաձայնագրի իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրները եւ այն հանգամանքը, որ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ նախատեսվում է աշխատուժի ազատ տեղաշարժ` անհրաժեշտություն է առաջացել ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունները կանոնակարգել նոր սկզբունքների ներքո:
Կարդացեք նաև
Համաձայնագրով աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձեւավորվում եւ իրականացվում են այն պայմաններով եւ կարգով, որով ձեւավորվում եւ իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության այլ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները:
Կենսաթոշակն արտահանվելու է, յուրաքանչյուր պետություն հաշվարկելու եւ վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե համաձայնագրի անդամ որ պետությունում է բնակվում անձը: Նշվել է, որ կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել համաձայնագրի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով:
Պատգամավորների հարցերը վերաբերել են օրինագծի իրավական կարգավորումներին, կիրարկելիությանը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Ազգային ժողով