Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հայաստանում կորոնավիրուսի պայքարի ձախողումը երկրի տնտեսության վերաբացման մեջ չէր, այլ այդ վերաբացման մոտիվացիայի

Հունիս 15,2020 15:35

Կորոնավիրուսի պայքարը ի ցույց է դնում էլ ավելի լայնամասշտաբ խնդիր Նիկոլ Փաշինյանի կառավարման ձևի մասին։ Փաշինյանը արդարացնում էր մայիսի 4-ից Պարետի առաջնային խիստ կանոնների թուլացումը, այսպես կոչված, «տնտեսության կործանման կանխարգելման» դրոշակով։ Ինչևէ, վերաբացման պրոցեսը ցույց տվեց, որ իրական մոտիվացիան հանդիսանում էր քաղաքական շահը, մասնավորապես՝ մեղավորությունը ուրիշի վրա բարդելը։ Դա պարզ դարձավ տնտեսական օգնության ոչ արդյունավետ և դժվար հասանելի ծրագրերում, Պարետի կանոնների կտրուկ չեղարկմամբ և վերջերս Փաշինյանի հայտարարած ֆեյսբուքյան ֆլեշմոբում։

Օգնենք մեծ թվերով, բայց ոչ մարդկանց

Առաջինը դիտարկենք մարտ ամսվա կառավարության օգնության միջոցները, որոնք ընդդիմության կողմից քննադատության էին արժանացել։ Ծրագրերի բաշխման հետ կապված կային մի շարք արգելքներ՝ սկսած աջակցություն դիմելու կայքի տեխնիկական խնդիրներից, վերջացած այդ ծրագրերի փոքրաքանակ շահառու հանդիսացող խմբերից։ Օրինակ՝ ծրագրերից մեկը վերաբերում է հղի կանանց, որոնց ամուսինները չունեն աշխատանք կամ որոնք չունեն ամուսին։ Պարզ է դառնում, որ ծրագրերի հասանելիությունը նախապես սահմանված է հասարակության շատ նեղ հատվածի համար։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր կարողացան օգտվել այդ ծրագրերից՝ չէին կարողանում բարելավել այդ ամսվա ֆինանսական ճնշումները։ Նույն խնդիրը արտահայտվեց տնտեսվարողների մոտ, ում չտրվեց որևէ տեսակի հարկային արձակուրդ ինչպես շատ այլ երկրներում, այլ ընդամենը տրվեցին նոր վարկեր։

Այդ բոլոր խնդիրները հասարակության աչքերում փարատելու ցանկությամբ վարչապետը կատարեց իր ֆեյսբուքյան «լայվը», որի ընթացքում նա զանգահարեց մի քանի քաղաքացու։ Որևէ բողոք լսելիս՝ Փաշինյանը առաջ էր բերում այս կամ այն, արդեն գոյություն ունեցող ծրագիրը՝ չդիտարկելով նրանց բոլոր խնդիրները։ Առաջին խնդիրը հենց այն փաստն է, որ մարդկանց ծրագրերի մասին լավ իրազեկված չլինելը մեծապես կառավարության մեղավորությունն է։

Լավ է հնչում, որ կա 18 ծրագիր՝ որոշները հարյուր հազարավոր դրամ աջակցությամբ, որոնց կարող են դիմել հազարավոր ընտանիքներ։ Բայց այդ ամենը անիմաստ է, եթե հասարակ մարդ չի կարող այդ 18 ծրագրերի մեջ կողմնորոշվել և ստանալ իրեն համապատասխան օգնությունը։ Երկրորդ խնդիրը այն է, որ մեծ էր հավանականությունը, որ այն մարդիկ ովքեր կարող էին դիմել այս կամ այն ծրագրին՝ իրականում չէին ստանա այդ աջակցությունը՝ սահմանված խիստ պայմանների պատճառով։ Դրա մասին են վկայում բազմաթիվ լրատվամիջոցների կողմից ժողովրդի հարցումները։

Իսկ երբ կառավարության կողմից ասվեց, որ հազարավոր ընտանիքներ ստացան օգնություն, դժվար է ասել այդ օգնությունը հինգ հազար դրամ էր, թե հինգ հարյուր հազար։ Փաշինյանը նույնիսկ ինքը հորդորեց ժողովրդին տալ ոչ անհրաժեշտ աջակցությունը նրան, ում այն ավելի է հարկավոր։ Այդ ժամանակ նա ասաց, որ հնարավոր չէ ճիշտ կերպ հասկանալ, թե ով է կարիքավոր և ով ոչ։ Այդ դեպքում ինչո՞ւ այդ ծրագրերը չէին թիրախավորում բոլոր ընտանիքները։ Ստացվում է՝ երկրի ղեկավարը հասկանալով իր կողմից ընդունած ծրագրի բացթողումները` ժողովրդից է լուծում սպասում։

Վերաբացենք տնտեսությունը, իսկ հետևանքները՝ Ձեր վրա

Կառավարությունը, որը որոշում է քայլեր ձեռնարկել տնտեսությունը վերականգնելու համար, պետք է կատարի հետազոտություններ, հասկանա ռիսկերն ու տուժած ոլորտները և դրան համապատասխան կազմի բազմամսյա պլան։ Իսկ Փաշինյանը հայտարարեց մայիսի 4-ի վերաբացման մասին մայիսի 1-ին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ շտապել: Պատասխանը, ըստ իս, պարզ է։ Ժողովրդի մեծ մասը, պետությունից չստանալով որևէ տեսակի օգնություն իր անիմաստ բարդ համակարգի պատճառով, դեմ էր գնացել կառավարությանը։ Հետաքրքիր է նկատել, որ հենց այդ շրջանում կտրուկ աճ ապրեցին կորոնավիրուսի հետ կապված ապատեղեկատվությունները։ Ֆինանսապես և հոգեպես ճնշված՝ շատ մարդիկ որոշեցին հավատալ Ֆեյսբուքում և այլ սոցցանցերում շրջանառվող դավադրության տեսություններին։ Այն մարդիկ, ովքեր դեռ հավատում էին կորոնավիրուսի հետևանքներին, այնուամենայնիվ որոշեցին գնալ աշխատանքի, ֆինանսական պատճառներից դրդված, որը կրկին ցույց է տալիս Հայաստանի տնտեսական դրությունը։

Ժողովրդի աչքից չընկնելու համար Փաշինյանը, որը սովոր է հեղաշրջումից մնացած ժողովրդի միաձայն հավանությանը, ուներ երկու տարբերակ՝ կա՛մ ընդունել ընդդիմության կողմից առաջարկվող ծրագիրը և բոլոր ընտանիքներին տալ 100 000 դրամ և ավելի գումար, կա՛մ վերաբացել ամեն ինչ և հետևանքները գցել մասնավոր բիզնեսի և հենց ժողովրդի վրա։ Առաջին տարբերակը ուներ իր քաղաքական ռիսկերը և, վերջիվերջո, ընդդիմությանը հաղթանակ տոնելու տեղիք էր տալիս։ Հետևաբար՝ ավելի հեշտ էր զուտ վերաբացել երկիրը և անել դա արագ՝ աչք փակելով կտրուկ դեպքերի աճին։ Փաշինյանը նաև ձախողեց այդ ժամանակ ընդունել օրենքներ, որոնք ուղղակի կերպով չէին վնասի տնտեսությանը (օրինակ՝ դիմակ կրելը)։ Մի առավելությունն այն էր, որ այժմ թե՛ ժողովուրդը, թե՛ տնտեսվարողները հիմք չէին ունենա պետությունից օգնություն խնդրելու՝ չնայած, որ շատ ոլորտներ, ինչպես օրինակ՝ տուրիզմը և ռեստորանները, դեռ շատ կտուժեն։

Կառավարության հետագա քայլերը հանդիսացան պատասխանատվությունից խուսափելու հերթական միջոցներ։ Քանի դեռ չկար դուրսը դիմակ կրելու օրենք և խուճապ առաջացնող բարձրախոսներ, շատ սպասելի էր, որ ժողովուրդն ինքնաբերաբար կանցներ իր ամենօրյա կյանքին, հատկապես երբ կառավարության կողմից համաճարակի հանդեպ որևէ լրջություն չէր ցուցադրվում։ Կառավարությունը, ժողովրդի թշնամի չդառնալու ցանկությամբ, աչք էր փակում ամեն ինչի վրա, որովհետև զգոն մասսան փոքրամասնություն էր, իսկ դիմակ կրելու անհարմարությունից բողոքողները շատ էին։

Չլսող ժողովո՞ւրդ, թե՞ շշուկով խոսող կառավարություն

Կառավարության` պատասխանատվությունից խուսափելու ամենավառ օրինակը Փաշինյանի ֆեյսբուքյան ֆլեշմոբն է, որտեղ նա տեղադրում է հասարակական վայրերում Պարետի կանոնները խախտող մարդկանց մեծաքանակ անձնական նկարներ։ Որոշների համար սա անսպասելի քայլ էր։ Ի՞նչն է զարմանալի, օրինակ, առանց դիմակ ամբոխների նկարների մեջ, եթե հենց Ազգային Ժողովի փակ տարածքում մինչ վերջերս դիմակ չէին կրում։

Ամբողջ իմաստն այն է, որ պետության սխալ քայլերի հետևանքները վերագրվի ժողովրդին և հասարակությանը, որը իրականության մանիպուլյացիա է։ Իհարկե, ժողովուրդն էլ ունի մեծ մեղավորություն համաճարակի տարածման խնդրի մեջ, բայց պետք չէ անտեսել կառավարության կարևորությունը՝ որպես օրենքի կարգը պահող և օրինակ ծառայող ուժ։ Առաջ, եթե քաղաքական դիվիդենտներ շահելու համար ձեռնտու էր աչք փակելը, հիմա հատվեց հազարավոր դեպքերի շեմը և նախկինում չհավատացողների մեծամասնությունը արդեն ունի տուժած ծանոթներ։ Փաշինյանը սեփական անձը նորից պետք է արդարացներ։ Կար շատ պարզ լուծում` այն ամենը, ինչի վրա մենք աչք էինք փակում առաջ, հիմա եկեք օգտագործենք ժողովրդի դեմ։ Կստացվի «մենք միշտ ճիշտ էինք, իսկ դուք՝ սխալ»։ Գուցե շուտով նոր կարանտին կհայտարարվի՝ զուտ որպեսզի հիմք լինի ասել, որ «ամեն ինչ արվել է»։

Ցավոք՝ երկրի կորոնավիրուսի տարածումը, բացի սոցիալական հեռավորություն պահպանելուց, այլ կերպ այլևս չենք կարող կանխել։ Այժմ կառավարությունը ուզած չուզած կանի այն քայլերը, որը պետք է արվեր ամիսներ առաջ, քանի որ երկիրը հասել է կրիտիկական վիճակի։ Բայց այս ամենից կարելի է ուրիշ դաս քաղել՝ Հայաստանի ժողովրդավարության ապագայի մասին։ Նկատվում է ավելի լայնածավալ խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի անընդմեջ ժողովրդի հանդեպ սեփական որոշումները արդարացնելու կարիքի զգացումը։ Կառավարությունը միշտ այնպես է որոշումներ ընդունում, որ որևէ մեղավորություն իրեն չվերագրվի։ Մինչ համաճարակը այդ ամենի բացասական հետևանքները այդքան պարզ չէին երևում։

Մենք՝ որպես Հայաստանի ազատ քաղաքացիներ, պետք է զգոն լինենք մեր կառավարության որոշումներից և ակտիվորեն դրսևորենք մեր դժգոհությունները՝ նմանատիպ ձախողումներ կանխելու համար։ Հեղափոխությունը մեծապես բարելավեց երկրի ժողովրդավարական վիճակը, բայց դա դեռ ամենի սկիզբն է։ Պետք է չկառչենք մեկ կուսակցությունից կամ մեկ առաջնորդից և փոխարենը քննադատորեն դիտարկենք իրենց աշխատանքը, և համապատասխան եզրակացությունների գալով դիտարկենք այլընտրանքային տարբերակները։

Գագիկ ԱՄԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930