Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ սոված մեռնում են, թողեք գնան աշխատեն.» 6 գյուղի բնակիչներ պահանջում են վերականգնել տրանսպորտի աշխատանքը

Հունիս 15,2020 14:28

Կորոնավիրուսի համավարակի  պատճառով դադարեցվել է  Արարատի մարզի մի քանի գյուղերից դեպի Երեւան եւ հակառակ երթուղով  տրանսպորտի աշխատանքը, գյուղացիները չեն կարողանում գյուղից մայրաքաղաք աշխատանքի գնալ: Այսօր կառավարության շենքի մոտ Հայանիստ եւ հարեւան մյուս գյուղերի մի քանի բնակիչներ  բողոքի ցույց էին անում. նրանք պահանջում են վերականգնել իրենց տրամսպորտի աշխատանքը:

«Երկու ամիս է՝ երթուղին հանել են գծից, սպասարկվում է միայն Արգավանդը, դրանից էն կողմ արդեն մյուս գյուղերը «վիրուսակիր են»,  ու տրանսպորտ  չի կարելի սպասարկել: Մենք աշխատող ենք, ընտանիք, երեխա ենք պահում, կանգնում  ենք ճանապարհին, ձեռքով անում, որ օտար տղամարդիկ կանգնեն, մեզ իջեցնեն քաղաք, գնանք աշխատանքի»,-ասացին ցույցի մասնակիցները:

Ցույցին շատ քիչ մարդ էր մասնակցում. տարբեր գյուղերից մի քանիսն էին եկել, չէին ուզում խախտել արտակարգ դրության կանոնները, բայց եթե խնդիրը չլուծվի, ինչպես ասացին վրդովված ցուցարարները, ամբողջ գյուղով են գալու կառավարության շենքի մոտ: Երեք գյուղի բնակիչներն էլ պատրաստ են փակել գլխավոր ճանապարհը. «Երեք գյուղի  տղամարդիկ, կանայք, ընտանիքներ… սոված մարդն այսօր ամենաուժեղն է: Իրենք կերած-խմած իրենց աթոռներին նստած իրենց կռիվն են տալիս, բայց գյուղերում մարդիկ հացի խնդիր ունեն, սոված մեռնում են»:

Երեւանից  ոչ շատ հեռու գտնվող վեց գյուղերը սպասարկող  ավտոբուսը, ըստ բնակիչների, նախկինում էլ գերազանց չի աշխատել. այս ավտոբուսը սպասարկում է Արգավանդ, Գեղանիստ, Խաչպար, Ազատանիստ, Հայանիստ եւ Գետաշեն համայնքները. «Նախկին իշխանության ժամանակ էլ ճանապարհ փակեցինք: Կարեն Կարապետյանը տրամադրել էր մեզ էդ երթուղին, լավ էր, հիմա ասում են՝ ապօրինի է: Բայց մենք պահպանել ենք կանոնները՝ դիմակ, ձեռնոց դրել»:

Ցույցի մասնակիցները նաեւ խմելու ջրից բողոքեցին: Կանանցից մեկը պատմեց՝ ջրից թունավորվում են. «Իմ երեխան 9 տարեկան է, ստամոքսի էրոզիա ունի, ջրից թունավորվել էր, աղիքային ինֆեկցիա ուներ»: Այս խնդիրն էլ չի լուծվում, բնակիչներն ասում են, որ իրենց հորդորում են դիմել «Վեոլա ջրին»: Դիմել  են, այնտեղից էլ ասում են՝ ոչինչ չենք կարող անել:

«Մարզպետը մի անգամ չի եկել, չի հետաքրքրվել, թե ոնց ենք ապրում, սովա՞ծ ենք, սոված չենք: Երեք ամիս չենք աշխատել, մի անգամ 26 հազար դրամ ենք ստացել, էն էլ՝ զոռով, մի հատ էլ 19 հազար դրամ մարզպետարանից:  Մեզ տրանսպորտ տվեք, գնանք աշխատենք, ապրենք»,-դժգոհեցին բնակիչները:

Ցույցի մասնակիցներն, ինչպես նրանց կառավարությունից հորդորել են, դիմումը առցանց տարբերակով պետք է ուղարկեն, ինչն էլ փորձեցին անել.«Բայց սա վերջին անգամն է, եթե հարցը չլուծվեց՝ ճանապարհ ենք փակելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930