Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Դումանյանը՝ նախարարության ֆավորիտը լինելու, ուսման վարձերի ու լավ կրթության մասին

Հունիս 15,2020 14:01

ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համալսարանական հիմնական հավակնորդներն են Աշոտ Սաղյանը, Վահրամ Դումանյանը, Ռուբեն Մելքոնյանը եւ Վահե Հովհաննիսյանը: Aravot.am-ի տեղեկություններով, ԿԳՄՍ նախարարության ֆավորիտը Վահրամ Դումանյանն է: Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին, նրան «վերեւից» ակնարկել են չառաջադրվել, որովհետեւ նրա պաշտոնավարման ընթացքում ինչ-ինչ խնդիրներ են ծագել, որոնց հավանաբար անդրադարձ կարվի ռեկտորի ընտրությունից հետո:

Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանն ասաց, որ առաջին անգամ է լսում իր՝ ԿԳՄՍ նախարարության ֆավորիտը լինելու մասին: «Դուք հարց եք տալիս, որի մեջ պնդում կա…Չկա նման բան, որ հիմա էլ չեղած բանի վրա ինչ-որ բան կառուցվի կամ հերքվի»,- ասաց նա:

Հարցրինք, որ եթե ռեկտոր ընտրվի, հատկապես ինչը կուզենա փոխել Երեւանի պետական համալսարանում: «Շատ բան, բայց այս պահին այդ թեմայով չեմ ուզում խոսել»,-ասաց պարոն Դումանյանը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ԵՊՀ-ում վարձերի բարձրացմանը: Վահրամ Դումանյանն ասաց, որ համեմատության մեջ դիտարկելու դեպքում՝ ԵՊՀ-ում ուսման վարձերը ցածր են. «Վարձն ինքնանպատակ չէ, բացի այդ մեր երկրում հիմա ամենաէժանը բարձրագույն կրթությունն է, մասնավոր մանկապարտեզներում եւ մասնավոր դպրոցներում վարձերն ավելի բարձր են: Կարգով արժեր համալսարանի վարձերն ավելի շատ բարձրացնել, այլ խնդիր է, թե ինչպես վճարել այդ գումարը: Առաջատար համալսարաններում ուսման վարձերը տասնյակ հազարավոր դոլարների են հասնում: Այնտեղ էլ տասնյակ հազարավոր դոլարները միայն ուսանողը չի վճարում: Ուրիշ երկրներում վարձն այդքան արժի, որպեսզի դասախոսները նորմալ վարձատրվեն:

Գլոբալ խնդիր է, թե ինչպես վճարել ուսման վարձերը: Արեւմուտքում էլ ուսանողն անձամբ ամբողջ գումարը չի վճարում, տարբեր խողովակներ կան, գումարը տարբեր տեղերից է ձեւավորվում , ուսանողը կարող է միայն դրա քսան-երեսուն տոկոսը վճարել, մնացածը հիմնադրամներից ու կրթաթոշակներից է վճարվում:

Եթե հնարավորություն լիներ, որ պրոֆեսորներն ու դոցենտները մարդավայել ապրեին, կրթությունն էլ անվճար լիներ, շատ ավելի լավ կլիներ, բայց ցավոք, դա հնարավոր չէ… Լավ կրթությունն էլ թանկ արժի»:

Ինչ վերաբերում է ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստին, որի ընթացքում ընտրվում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամները, ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի բանավոր հրահանգով, ոչ միայն լրատվամիջոցների համար է արգելվել առցանց հեռարձակումը, այլև ԵՊՀ հանրային կապերի ծառայության։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930