Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք կադրերը տեսե՞լ եք, թե ինչպես էին քարշ տալիս կին քաղաքական գործիչներին, պատգամավորներին». Անի Սամսոնյանը՝ իշխանականներին

Հունիս 15,2020 13:50

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր ԱԺ-ում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձություների հետ կապված ասաց. «Կան իրավական գործընթացներ ու դրանց նկատմամբ կա քաղաքական միջամտություն եւ ազդեցություն եւ դա փաստում է իր գործողություններով իշխանությունը: Ընդդիմադիրները սրում են իրենց հռետորաբանությունը՝ իշխանությունները իրավական գործընթացներ են սկսում»:

Անի Սամսոնյանն ասաց, որ պաշտոնյաների բարձր մակարդակով տարածվում են նախաքննական գաղտնիքի փաստաթղթեր, որոշում են՝ մեղավոր է, թե՞ անմեղ է այդ անձը ու դատավճիռ են իրականացնում սոցցանցերում. «Այո, բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են կատարել պետության նկատմամբ, պիտի պատասխանատվություն կրեն: Բայց այն, ինչ կատարվում է այսօր, մենք տեսնում ենք, որ լինում է քաղաքական նպատակահարմարության ներքո»:

Հարցին՝ եթե գլխավոր դատախազը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գա ԱԺ, ձեր խմբակցությունն ունի՞ որոշում, թե ինչպես է քվեարկելու՝ Սամսոնյանը պատասխանեց, որ դեռ Արթուր Դավթյանն այդ հարցով չի եկել ԱԺ ու իրենք չեն քննարկել խմբակցությունում:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, Անի Սամսոնյանն ասաց. «Եթե իշխանությունները պնդում են, որ այսօր այն եղանակներն ու մեթոդները, որն օգտագործում է ոստիկանությունը, իրավաչափ են, նշանակում է նախկինների ոստիկանությունը՝ Սերժ Սարգսյանի ոստիկանությունը ճիշտ էր աշխատում: Իրականում մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում…Դուք կադրերը տեսե՞լ եք, թե ինչպես էին քարշ տալիս կին քաղաքական գործիչներին, պատգամավորներին»:

Սամսոնյանը հիշեցրեց, որ իրենք ասում էին՝ գործարարը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, բայց իշխանությունները քաղաքական հուշագիր կնքեցին Ծառուկյանի հետ ու դարձրին իրենց գործընկերը ու հիմա, երբ այդ գործընկերը սրել է իր հռետորաբանությունը, նման քայլերի են դիմում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930