Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում կտրուկ սրվել է ներքաղաքական իրավիճակը. միջազգային մամուլը՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հունիս 15,2020 13:44

Երևանում կտրուկ սրվել է ներքաղաքական իրավիճակը: Հունիսի 14-ի առավոտյան ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել «Բարգավաճ» Հայաստան կուսակցության առաջնորդ, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Առինջում գտնվող Ծառուկյանի տան մոտ, իսկ ավելի ուշ նաև ԱԱԾ շենքի մոտ հավաքվել էին նրա հարյուրավոր աջակիցները, այդ թվում՝ կուսակցության մյուս բոլոր անդամները: Նրանք հավատացած են՝ որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է իշխանությունների կողմից, ինչը պայմանավորված է նրանով, որ հունիսի 5-ին Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությանը մեղադրել էր գործունեության բոլոր ոլորտները ձախողելու համար: ՀՀ իշխանություններն իրենց հերթին հայտարարել են այն մասին, որ Ծառուկյանը ներգրավված է մի շարք քրեական գործերում, գրում է Deutsche Welle պարբերականը և նշում, որ իրավապահ մարմինները ստիպված են եղել ուժ կիրառել, կա շուրջ 100 ձերբակալված:

Associated Press-ը ևս անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրադարձություններին: Պարբերականը, մասնավորապես, գրել է, որ կիրակի Երևանում՝ ԱԱԾ շենքի մոտ, բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, այն բանից հետո, երբ խուզարկվել է երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ձերբակալվել է ավելի քան 90 մարդ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, մագնատ Գագիկ Ծառուկյանը կասկածվում է խաղային չարտոնագրված գործունեություն ծավալելու մեջ, ինչի պատճառով կառավարությունը զրկվել է եկամուտներից: Ծառուկյանը պնդում է, որ մեղադրանքները քաղաքական են: Նրա կուսակցությունը ՀՀ խորհրդարանում զբաղեցնում է 132 տեղից 25-ը»,-գրում է AP-ն:

Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին հանգամանալից անդրադարձել է The Daily Star-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին: Պարբերականը հիշեցնում է՝ Ծառուկյանը անձեռնմխելիություն ունի` որպես խորհրդարանական: «Ընդդիմադիր առաջնորդի հարյուրավոր աջակիցներ հավաքվել էին ԱԱԾ շենքի մոտ և վանկարկում՝ «Փաշինյան, հեռացի՛ր»… Կիրակի Ծառուկյանը լրագրողներին ասել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները «քաղաքական» դրդապատճառներ ունեն և նպատակն է լռեցնել իրեն այն բանից հետո, երբ ինքը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար»,-գրում է պարբերականը և հավելում, որ ՀՀ կառավարությունը խիստ քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ շատ դանդաղ է արձագանքել համավարակին:

«Լուկաշենկոյի ընկերը զանգվածային ցույցեր է կազմակերպել Հայաստանում» խորագրով հայաստանյան իրադարձություններին է անդրադարձել Belaruspartisan-ը: Պարբերականը հիշեցնում է, որ Գագիկ Ծառուկյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընկերն է: Վերջինս նրանից նվեր է ստացել սպիտակ առյուծի ձագ, մեկ տակառ կոնյակ, իսկ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունը փաստացի գտնվում է Ծառուկյանին պատկանող տարածքում:

«Հայաստանում ավելի քան 250 մարդ է ձերբակալվել բողոքի ցույցի ժամանակ»,-գրում է Interfax գործակալությունը, որը թեմայի շուրջ խոսել է նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ: «Քաղաքական ոչ մի հետապնդում չկա և չի կարող լինել: Քրեական գործերը, ինչպես հայտարարել է Ազգային անվտանգության ծառայությունը, վերաբերում են փողերի լվացմանը և ընտրողների ձայները գնելուն»,-ասել է Սիմոնյանը:

Kommersant ռուսական պարբերականն էլ գրում է, որ «Հայաստանի վարչապետին փողոցը մարտահրավեր է նետել: Երկրում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով առաջին ցույցը»:

RIA Novosti-ն ևս գրում է, որ Հայաստանում Ծառուկյանի աջակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը: Նիկոլ, հեռացի՛ր: Ծառուկյան՝ վարչապետ»,-մեջբերում է գործակալությունը ցույցի մասնակիցներից մեկի խոսքերը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930