Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման հայհոյախառն արտահայտությունով վստահություն ներշնչելը աննորմալ եմ համարում». Արփինե Դավոյանը՝ Ծառուկյանի մասին

Հունիս 15,2020 13:21

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը մեր հարցին՝ քննադատություն կա, որ իշխանություններն անցել են ռեպրեսիաների՝ փորձելով ճնշել ընդդիմությանը, ՀՀԿ-ից այս քայլերով ոչնչով չեն տարբերվում, ո՞րն է ձեր արձագանքը՝ պատասխանեց. «Մեր իշխանության հետ կապված այդ քննադատություններն անընդունելի եմ համարում, որովհետեւ մենք մեր գործողություններով երբեք որեւէ սահման չենք անցել, քաղաքական հետապնդում մեր իշխանության օրոք չի եղել եւ չի կարող լինել: Նման քննադատություններ հնչում են այն մարդկանց կողմից, որոնց ձեռնտու է նման քննադատություններով հանդես գալ»:

Ըստ պատգամավորի, իրավական գործընթացին փորձում են քաղաքական աստառ տալ: Ինչ վերաբերում է ոստիկանների գործողություններին, դրանք համարում է իրավաչափ. «Բռնի գործողություն չեն կիրառել, ուղղակի տեղի է ունեցել հավաք, որն արտակարգ դրության պայմաններում իրավաչափ չէ, մանավանդ՝ այս համավարակի պայմաններում մարդիկ առանց դիմակի հավաքվել էին: Ես անչափ անհանգստացած եմ, որ մի տասը օր հետո մենք ունենալու ենք վարակի աճ ու որի պատճառը երեկվա գործողություններն են, բայց նորից ընդդիմադիր գործընկերները մեղադրելու են առողջապահության նախարարությանը»:

Մեր հարցին՝ երեկ Իվետա Տոնոյանը, Նաիրա Զոհրաբյանն իրենց զարմանքն էին հայտնում, որ իմքայլական հատկապես կին պատգամավորները որեւէ ծպտուն չէին հանում, երբ իրենց գործընկերուհիներին ասֆալտին փռելով, բռնի ուժով փորձում էին ճանապարհ բացել՝ Դավոյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այնտեղ բռնություն է կիրառվել, ուղղակի ոստիկանները, իրենց անվտանգությունից ելնելով՝ փորձել են կին պատգամավորներին ու բոլոր պատգամավորներին ճանապարհից հեռացնել ու բացել ճանապարհը»:

Լրագրողները հարցրեցին՝ քննադատում էին Արսեն Թորոսյանին, որ իր հիմնական աշխատանքը թողած՝ ինչ-որ թուղթ էր տարածում՝ Արփինե Դավոյանը պատասխանեց. «Արսեն Թորոսյանը, բացի առողջապահության նախարարություն լինելուց, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ է, Արսեն Թորոսյանը քաղաքական թիմի քաղաքական անդամ է: Երբ քաղաքական գործիչը որեւէ թուղթ է հրապարակում, ինչո՞վ է խանգարում դա իր մնացած գործողություններին»:

Ըստ Արփինե Դավոյանի, այս ամենը սկսվեց Սեդրակ Առուստամյանի քրեական գործից, երբ հրապարակվեցին քրգործի որոշ մանրամասներ. «Այնտեղ մենք տեսանք նաեւ բազմաթիվ փաստեր՝ կապված կաշառքի հետ: Եղավ շատ ծիծաղելի մեկնաբանություն, թե որտեղից 20 մլն դոլարը ու պատճառաբանությունը՝ տատիկից ստացած ժառանգությունն է, այդտեղից ամեն ինչ սկսվեց»:

Գագիկ Ծառուկյանը կարծես հայհոյանք դրեց, ասաց՝ հետ չեմ կանգնելու՝ Արփի Դավոյանն արձագանքեց. «Ինձ համար քաղաքական գործչի, կամ իրեն քաղաքական գործիչ համարող անձի կողմից նման հայհոյախառն արտահայտությունով վստահություն ներշնչելը աննորմալ եմ համարում: Ես չեմ կարող դրան համարժեք արձագանք գտնել: Դրան կարող են արձագանքել միայն իրենց խմբակցության պատգամավորները, որոնք իրենց բառապաշարով առանձնապես չեն տարբերվում»:

Պատգամավորը վստահեցրեց, որ սա իրավական գործընթաց է, իսկ ԲՀԿ-ն ինքնապաշտպանությունն է «միացրել», որ արդարանա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930