Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք չարաչար սխալվում եք, պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում». Ալեն Սիմոնյան

Հունիս 15,2020 12:54

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդում որակեց իրեն ԱԱԾ-ում հարցաքննելն ու տունը խուզարկելը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ Նաիրա Զոհրաբյանը գրել է, որ կա քաղաքական որոշում վաղը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու ու ձերբակալելու՝ պատասխանեց. «ՀՀ իշխանությունը որեւիցե մեկին ձերբակալելու քաղաքական որոշում չի կայացնում, ինչպես չի կարող կայացնել որոշում կազմակերպություններից մեկի օգտին 30 մլրդ դրամ պետբյուջեից պահել, ինչպես չի կարող որոշում կայացնել գումար բաժանելու ընտրությունների ընթացքում… Նաիրա Զոհրաբյանը, ես կարծում եմ, ավելի զուսպ պետք է լինի, որովհետեւ գործընթացի ընթացքում կարող է տարբեր ինֆորմացիաներ դուրս գալ նաեւ տիկին Զոհրաբյանին վերաբերվող: Կարծում եմ, տիկին Զոհրաբյանը եւ մյուս գործընկերները պետք է զուսպ լինեն իրենց գնահատականների մեջ»:

Ըստ Ալեն Սիմոնյանի, Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ կարող է քրեական գործերից պատսպարվել քաղաքականությամբ, մինչդեռ նշված քրգործերը պարոն Ծառուկյանի հայտարարության օրը չեն հարուցվել, շատ ավելի շուտ են եղել:

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ սա քաղաքական հետապնդում չէր համարի, եթե իր հայտարարությունից առաջ լիներ դա, իսկ հիմա այլեւս հետ չի կանգնելու: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Իհարկե, հետ չի կանգնելու,որովհետեւ հետ կանգնելու տեղ չկա: Ի՞նչ է նշանակում հետ չեմ կանգնելու, հետ կանգնել նշանակում է սակարկել իշխանության հետ ու դա դառնում է քաղաքական գործընթաց, ինչի՞ց հետ չի կանգնելու: Իսկ իրեն ո՞վ է խանգարել, որ հետ կանգնի, քրեական գործ է, պետք է շարունակվի, քաղաքական առումով եթե գտնում է, որ պետք է պայքարի՝ թող պայքարի»:

Լրագրողները հիշեցրին, որ համացանցում տարածվում է այն տեսանյութը, որտեղ Ալեն Սիմոնյանը գովաբանում է Ծառուկյանին, Սիմոնյանը պատասխանեց, որ դա տարածում են մի քանի ԲՀԿ-ական ֆեյքեր ու տեսանյութում ինքն ասում է, որ Սերժ Սարգսյանի հետ կարող է պայքարել, միայն Ծառուկյանը, դա համակրանք չէ, ինքը իր համակարգով կարող էր դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ:

https://www.facebook.com/aregnaz.manukyan/videos/3019900141379555/?t=0

Հարցին՝ հիմա նմանություն չկա՞ ՀՀԿ-ի գործողությունների հետ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ, քանի որ հիմա իրավական գործընթաց է. «Քաղաքական որոշում չի կայացվել: Ես, լինելով քաղաքական ամենաբարձր էշելոնի ներկայացուցիչ, դրա մասին իմացել եմ Արման Աբովյանի տեսանյութից, ոչ թե մենք խորհրդի նիստ ենք արել, վիրավորական արտահայտություն ենք արել, հիստերիկություն ենք արել, ինչպես նախկինում անում էին պարոն Ծառուկյանի ապագա եւ ներկա գործընկերները»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ երբ դեպքերի վիճակագրությունը դնենք մի շղթայի մեջ, ստացվում է, որ դեռ երկու շաբաթ առաջ ԲՀԿ-ի հետ իշխանությունը ոչ մի պրոբլեմ չուներ եւ հենց որ Ծառուկյանը հայտարարեց, որ անվստահություն է հայտնում կառավարությանը, պատրաստ են համագործակցել այլ ուժերի հետ, սկսեցին ձեր թիմից հակահարվածները, հետո Ծառուկյանին հրավիրում են ԱԱԾ՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ձեզ թվում է պարոն Ծառուկյանի հանդիպումների մասին մենք իմացել ենք իր հայտարարությունից հետո՞: Դուք չարաչար սխալվում եք: Պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ ու պարոն Վանեցյանը նույնպես դա չհերքեց: Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ աշխատել եք նախորդ իշխանության ներկայացուցիչների հետ, որոնց տրամաբանությունը դա է եղել, երբ որ քրգործ կա 30-40 մլրդ դրամի, երբ այլ քրգործով ի հայտ է գալիս փաստաթղթեր հավաքածու: Ցուցակը գրված է, կոնկրետ հաշվետվություն է 2017-ի ընտրություններին գումար բաժանելու հետ կապված, իրավապահներն ի՞նչ պետք է անեին, պետք է ասեին՝ դե լավ, Ծառուկյանը քաղաքական գործիչ է, ճղենք, գցե՞նք»:

Հարցին՝ իշխանությանը անհանգստացրե՞լ է այն հանգամանքը, որ Վանեցյանն ու Ծառուկյանը կարող են միանալ ու ուժերը համախմբել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «ՀՀ իշխանություններին հետաքրքրում է միայն ՀՀ քաղաքացիների հետ շփումը, թե ով որտեղ, որ այգում ում հետ կհանդիպի, ինչ հին քաղաքական մեռել կբերի նոր քաղաքական դաշտ ու կփորձի վերակենդանացնել, դա չորրորդական բան է: Մեր համար կարեւորը ՀՀ քաղաքացիների հետ մեր համագործակցությունն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930