«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը ՖԲ էջում գրում է.
«ԲՀԿ պատգամավորների նկատմամբ բռնության մասին
Երբ ես ու Աննան միասին դուրս ենք գալիս փողոց պայքարի, մենք չենք ակնկալում, որ մեզ վրա հարձակվող ոստիկանները պիտի տարբերակված մոտեցում ցուցաբերեն մեր նկատմամբ, քանի որ Աննան կին է, ես՝ տղամարդ։ Երբ ուժ են կիրառում, կիրառում են հավասարապես՝ երկուսիս նկատմամբ էլ։ Ավելին, եթե ակնկալեինք, որ տարբերակված մոտեցում ցուցաբերեն, այդպիսով կընդունեինք, որ կանայք ավելի թույլ են, և իրենց հետ պետք է նուրբ վարվել։
Այլ բան է, որ կանանց բերման ենթարկելիս երբեմն տեղի են ունենում սեռով պայմանավորված ոտնձգություններ, օրինակ, տղամարդ ոստիկանները դիտավորյալ դիպչում են նրանց մարմնի այն մասերին, որոնց դիպչելը համարվում է սեռական ոտնձգություն կնոջ նկատմամբ (հիշենք կին ցուցարարի պարանոցը համբուրելու դեպքը, 2013)։
Կարդացեք նաև
Երեկվա կադրերում ես չեմ նկատել նման բան ԲՀԿ կին պատգամավորների նկատմամբ և չեմ հասկանում, թե ինչու են նրանք կամ այլ մարդիկ ակնկալում, որ օրինակ ես, պիտի առանձին դատապարտեմ հենց կին պատգամավորների նկատմամբ կիրառված ուժը։ Ես չեմ նկատել ոստիկանների կողմից կանանց թիրախավորում, ստորացում, չեմ նկատել սեռական ոտնձգություն, անգամ տարբերակված մոտեցում չեմ նկատել, ուստի ինչո՞ւ տվյալ դեպքում պիտի առանձնացնեմ կանանց։
Երբ ոստիկանությունը գերազանցում է իր լիազորությունները և բռնության է ենթարկում պատգամավորների, պիտի դատապարտվի այդ գործողությունը՝ անկախ պատգամավորների սեռից։ Նույնը և մնացած քաղաքացիների դեպքում։
Հարցերը կանխելու համար բացատրեմ, որ այո, մենք հաճախ առանձնացնում ենք կանանց նկատմամբ բռնությունն ու կանանց իրավունքները, դա անում ենք մի պարզ պատճառով, հիմնականում կանանց նկատմամբ բռնությունն ու նրանց իրավունքների սահմանափակումն արվում է հենց այն հիմքով, որ նրանք կին են, այսինքն՝ ի սկզբանե այդ գործողությունն ունի խտրական դրդապատճառ (օրինակ տանը ամուսինը ծեծում է կնոջը, համարելով, որ իրավունք ունի, քանի որ ինքը տղամարդ է, իսկ նա՝ կին)։
Բայց սա չի նշանակում, որ կանանց նկատմամբ ցանկացած արարք պետք է առանձնացնել ու դիտարկել որպես սեռով պայմանավորված բռնություն կամ խտրականություն։ Այդպիսով մենք կարժեզրկենք հանուն հավասարության պայքարը։
Կրկնում եմ, իմ դիտարկմամբ՝ երեկ ոստիկանների կողմից չի եղել սեռով պայմանավորված խտրական մոտեցում կին պատգամավորների նկատմամբ։ Այլ հարց է, որ գուցե շատերս ակնկալում ենք, որ կանանց նկատմամբ լինի տարբերակված մոտեցում, սակայն այս դեպքում էլ պիտի բացատրենք, թե ինչու ենք ուզում, որ դա լինի, ինչու ենք համարում, որ տղամարդ ցուցարարի նկատմամբ կիրառվող ուժը չպետք է կիրառվի կնոջ նկատմամբ, և նաև հարցարկենք, թե արդյոք մեր այդ ակնկալիքում չկա խտրականություն և եթե կա, ապա ինչու ենք մենք ցանկանում լինել խտրական օրենքը խախտող կնոջ նկատմամբ, իսկ դիմացինից ակնկալել հավասար վերաբերմունք»: