Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտակարգ դրության ավարտից հետո որոշ քաղաքական ուժեր կփորձեն բողոքի ցույցեր, մեծ հանրահավաքներ կազմակերպել ընդդեմ իշխանությունների»

Հունիս 15,2020 13:30

«Առավոտի» զրուցակիցն է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը:

– Պարո՛ն Վարդանյան, նախ խնդրում եմ անդրադառնաք ուժային կառույցների վերջին նշանակումներին: Արդյոք ՀՀ ոստիկանապետի, գլխավոր շտաբի պետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունները կապված էին հարսանեկան խնջույքի մասնակցության հե՞տ, ինչպես ներկայացվում է, թե՞ դրանք վաղուց սպասելի պաշտոնանակություններ էին:

– Այդ պաշտոնյաների հեռացման պատճառն այդ հարսանիքին մասնակցելն էր, սակայն, իմ կարծիքով, դա ավելի շուտ առիթ էր նրանց հեռացնելու, քան պատճառ: Հատկապես խոսքը վերաբերում է ոստիկանապետի եւ ԱԱԾ ղեկավարի պաշտոնանկությանը: Ոստիկանության աշխատանքից դժգոհությունները չեն դադարում, մանավանդ այս կորոնավիրուսի պամաններում ոստիկանությունը բավարար չափով հետեւողականություն եւ խստություն չի դրսեւորում արտակարգ իրավիճակի ռեժիմը խախտողների նկատմամբ, իսկ ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Էդուարդ Մարտիորսյանի մասով, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշակի անվստահություն ուներ: Դա կապված էր այն բանի հետ, որ նա որոշ թելերով կապված էր Արթուր Վանեցյանի հետ, եղել է նրա տեղակալը եւ ընկերը, ինչպես նաեւ կարծում եմ՝ կապված է ռուսական Ղհը-ի ղեկավարության հետ: Իսկ ահա Արգիշտի Քյարամյանն այդպիսի կապվածություն չունի ո՛չ Վանեցյանի, ո՛չ էլ ռուսական հատուկ ծառայությունների հետ եւ կարծես թե ապացուցել է իր հավատարմությունը Փաշինյանին:

– Մի առիթով նշել էիք, որ փորձելու են հասնել կառավարության տապալմանը՝ ռուսական իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանին խաղում ներգրավելու միջոցով: Արդյոք այդ տապալումը իրատեսական համարո՞ւմ եք հատկապես այն համատեքստում, որ արդեն Գագիկ Ծառուկյանի եւ նրա թիմի նկատմամբ իրավական գործընթացներ են ընթանում:

– Ակնհայտ է, որ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա մի քանի ճանապարհով: Նախ՝ գազի գինն են ուզում բարձրացնել, որը կարող է բերել սոցիալական եւ քաղաքական լարվածության մեծացմանը երկրի ներսում: Բացի դրանից, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը բանակցում է ղարաբաղյան հակամարտության լուծման փուլային տարբերակի շուրջ, ինչը նույնպես ներքաղաքական դաշտում Փաշինյանին քննադատելու առիթ դարձավ որոշ շրջանակների կողմից: Բացի այդ, Հայաստանի արդարադատության կողմից հետախուզվող նախկին շատ պաշտոնյաներ հանգրվանել են Ռուսաստանում, եւ ռուսական կողմը, այդ մարդկանց ապաստան տալով, կարծես թե փորձում է Հայաստանին տանել իր հետ առճակատման դաշտ: Բացի այդ, եթե փորձենք մոդելավորել, թե ովքեր են հիմնականում պահանջում Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը, ապա տեսանելի է, որ նրանց մեծ մասը կապեր ունեն ռուսական քաղաքական էլիտայի հետ:

– Հետեւաբար մինչեւ ո՞ւր կգնա Գագիկ Ծառուկյանը: Հնարավոր համարո՞ւմ եք քաղաքական ուժերի կոնսոլիդացիա ընդդեմ իշխանության, մանավանդ որ, Արթուր Վանեցյանն էլ իր նոր կուսակցությամբ պահանջում է կառավարության հրաժարականը:

– Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը եւ այդ առանցքի որոշ չերեւացող կերպարներ կփորձեն հասնել Փաշինյանի հրաժարականին: Իսկ թե որքան հեռուն կգնան նրանք, դժվար է հաստատապես ասել, բայց կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի դեպքում իշխանությունը գործի կդնի իր ձեռքի տակ եղած կոմպրոմատները, հնարավոր է նաեւ նորանոր քրեական գործեր հարուցվեն նրան պատկանող ձեռնարկությունների եւ նրա հետ կապեր ունեցող անձանց դեմ:

– Կվերլուծե՞ք Արթուր Վանեցյանի կողմից վարվող քաղաքականությունը: Մի՞թե համոզիչ են նրա հայտարարությունները, օրինակ՝ այն, որ ռուսական ազդեցություն ՀՀ ԱԱԾ-ի վրա երբեք չի եղել:

– Արթուր Վանեցյանն իր հավատարմությունն է ցույց տալիս Ռուսաստանի նկատմամբ, եւ նրա հայտարարություններն ամբողջովին պրոռուսական են: Նա նաեւ հայտարարել է, որ Հայաստանի իշխանության մեջ կան հակառուսական տրամադրություններ ունեցող պաշտոնյաներ, որ որոշ հասարակական կազմակերպություններ դրամաշնորհներ են ստանում Արեւմուտքից՝ հակառուսական կրքեր բորբոքելու համար եւ այլն: Ինքը նաեւ գիտի, որ Ռուսաստանի քաղաքական էլիտան իրեն թշնամի է համարում Ջորջ Սորոսին եւ հենց դրանից ելնելով էլ ասում էր, որ Սորոսի գրասենյակի գործունեությունը վտանգ է սպառնում Հայաստանի համար, մինչդեռ ինքը, նախկինում լինելով ԱԱԾ տնօրենը, որեւէ քայլ չի ձեռնարկել դրա հետ կապված, ինչն առնվազն տարօրինակ է: Տարօրինակ եւ զավեշտալի է նաեւ այն, որ նա պնդում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները երբեք ազդեցություն չեն ունեցել մեր ԱԱԾ-ի վրա, այն դեպքում, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը, այդ թվում նաեւ ինքը, սովորել կամ վերապատրաստվել են Ռուսաստանի Ղհը-ի դպրոցում: Հետեւաբար, անհնար է, որ Ռուսաստանը ազդեցություն չունենա այդ կառույցի վրա: Միգուցե դա ուղիղ հանձնարարությունների տեսքով չի եղել, բայց որ Մոսկվան բավականին մեծ թվով յուրայիններ է ունեցել մեր Ազգային անվտանգության ծառայությունում, դա աներկբա է: Ի վերջո, նաեւ շատ դեպքեր են եղել, որ մեր ԱԱԾ պաշտոնյաներ պաշտոնաթող լինելուց հետո հենց Ռուսաստանից են բարձր թոշակ ստացել: Դեպքեր են եղել, որ ՀՀ ԱԱԾ պաշտոնաթող կադրեր հետագայում աշխատանքի են անցել Հայաստանում ռուսական կապիտալով ընկերություններում. օրինակ՝ տեղեկություններ կան, որ «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից կոնցեսիոն պայմանագրով կառավարվող «Հարավկովկասյան երկաթուղի»-ում աշխատում են ԱԱԾ նախկին շատ պաշտոնյաներ, ինչը նույնպես չի կարող պատահականություն լինել:

– Եվրախորհրդարանի զեկուցողների` հակահայկական ձեւակերպումներով հայտարարությունն իրականում մեր խորհրդարանականների բացթողո՞ւմն է, թե՞ եվրոպական պատգամավորների կաշառվածության եւ ադրբեջանական լոբբինգի արդյունք:

– Իրականում սա որոշ չափով մեր խորհրդարանականների բացթողումն է, բայց իհարկե՝ նաեւ կա Եվրոպական խորհրդարանի որոշ պատգամավորների կաշառվածության եւ ադրբեջանական լոբբինգի գործոնը:

– Ամփոփելով խնդրում եմ նշեք՝ ի՞նչ հնարավոր ներքաղաքական զարգացումներ սպասենք:

– Կարծում եմ՝ արտակարգ դրության ավարտից հետո որոշ քաղաքական ուժեր կփորձեն բողոքի ցույցեր կազմակերպել ընդդեմ իշխանությունների: Հնարավոր են նաեւ անցկացվեն մեծ հանրահավաքներ: Իշխանությունն էլ կփորձի մարել այդ բողոքի ցույցերը, չեզոքացնել այդ հակաիշխանական բեւեռը: Այնպես որ, մոտ ապագայում ինչ-որ առումով մեզ «թեժ աշուն» է սպասվում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930