Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին դատի տված գրասենյակի ղեկավարը մինչ օրս տեղյակ չէ, թե ինչու է ազատվել զբաղեցրած պաշտոնից

Հունիս 15,2020 13:00

Ըստ վարչապետի ներկայացուցչի դատարան ուղարկած պատասխանի` վարչական պաշտոն զբաղեցնող անձը չունի այն նույն երաշխիքները, որն ունի, օրինակ, քաղաքացիական ծառայողը, որի դեպքում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սպառիչ սահմանված են քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու եւ ծառայության դադարման հիմքերը:

2019թ. ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել էր ՀՀ կառավարության տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար, մասնագիտությամբ տնտեսագետ Հայկ Այվազյանը: Նա այդ պաշտոնին էր նշանակվել վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշմամբ։

«Առավոտը» մինչ դատարան դիմելը ներկայացրել էր ՀՀ Ազգային հերոսի` Վիտյա Այվազյանի որդու` Հայկ Այվազյան-ՀՀ վարչապետ-վարչապետի աշխատակազմ վեճը («Հանկարծ ինտերնետից եմ իմանում, որ ազատվել եմ», ապրիլ, 06,2019): Մեր զրույցի ժամանակ հարցին, թե մինչ այդ իրեն զգուշացրե՞լ են, նկատողություն ստացե՞լ է, իր ազատման պատճառը ո՞րն է, Հայկը պատասխանեց. «Որեւէ մեկն ինձ ոչ մի բառ չի ասել: Թեկուզ բանավոր դժգոհություն, ցանկացած տիպի խոսք չի եղել աշխատակազմի ղեկավարի կողմից»: Իսկ ինչպես են հաղորդել գրասենյակի պատասխանատուին ազատման մասին, պարզվեց հետեւյալը. «Հանկարծ ինտերնետից եմ իմանում, որ ազատվել եմ»:

Հայկ Այվազյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան:

Անցյալ տարվա նոյեմբերի  27-ին ՀՀ վարչական դատարանը մերժել է Հայկ Այվազյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու եւ հետեւանքները վերացնելու պահանջների մասին:

Հայկ Այվազյանը դիմել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, եւ օրեր առաջ` հունիսի 9-ին, նշանակվել էր դատական հերթական նիստը:

Հայկ Այվազյանը հայցադիմումում հայտնել է, որ 2018 թվականի հունիսի 11-ի ՀՀ վարչապետի թիվ 707 որոշմամբ նշանակվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար: Պաշտոնական լիազորություններն ստանձնելու օրվանից մինչ 2019թ. ապրիլի 1-ը բարեխիղճ ձեւով իրականացրել է օրենքով իրեն վերապահված լիազորությունները, երբեւէ չի ենթարկվել որեւէ տույժի եւ չի եղել որեւէ վարույթի մասնակից, որով կքննվեր իր պաշտոնական լիազորությունների թերի կատարման վերաբերյալ հարց:

2019 թվականի ապրիլի 1-ի երեկոյան, բանավոր կերպով տեղեկացվել է ՀՀ վարչապետի թիվ 327 Ա որոշման մասին, որում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով եւ հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Հայկ Այվազյանին ազատել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից»:

Նա դատարանին տեղեկացրել էր, որ վերոնշյալ ակտն իրեն չի հանձնվել. «Համաձայն 01.04.2019 թվականի թիվ 327-Ա որոշման` իր աշխատանքային պարտականութունները դադարել են հենց 01.04.2019 թվականից։ Միաժամանակ նույն օրը՝ 01.04.2019 թվականին, նույն պաշտոնում նշանակվել է այլ անձ (01.04.2019 թվականի թիվ 328-Ա վարչապետի որոշում)։

Իր լիազորությունները 01.04.2019 թվականին արդեն իսկ դադարեցված են եղել, հնարավորություն չի ունեցել եւ չէր էլ կարող մուտք ունենալ արդեն իսկ 328-Ա որոշմամբ նշանակված պաշտոնյայի կողմից տնօրինվող պաշտոնական փաստաթղթաշրջանառության համակարգ եւ ծանոթանալ կամ ստանալ վերոհիշյալ հրամանը, ուստի պատասխանողի պնդումները` հրամանի՝ իր կողմից ծանուցված լինելու մասին, անհիմն են»։

Ըստ նրա, «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի որեւէ դրույթ, իրավանորմ չի սահմանում, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելը հանդիսանում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի հայեցողական լիազորությունը։ Նույնիսկ հայեցողական լիազորությունը չի ենթադրում կամայական մոտեցում։ Նույնիսկ հայեցողական լիազորության իրացման դեպքում վիճարկվող վերոհիշյալ որոշումը պետք է լիներ հիմնավորված առնվազն այն փաստարկներով, թե ինչու է իր նկատմամբ կիրառվում այդ կարգով հայեցողական լիազորություն։

ՀՀ գործող Սահմանադրության 67-րդ հոդվածի առաջին մասի համաձայն էլ՝ հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի ներկայացված մեղադրանքի բնույթի եւ հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք:

Մինչդեռ, ըստ հայցվորի, տվյալ դեպքում, մինչ օրս տեղյակ չէ եւ իր համար առնվազն պարզ չէ, թե ինչու է ազատվել զբաղեցրած պաշտոնից, եւ ինչ փաստական հանգամանքների հիման վրա է կայացվել վիճարկվող վարչական ակտը։

Դատարան էր ուղարկվել վարչապետի ներկայացուցչի հայցադիմումի պատասխանը:

Համաձայն որի, ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 1-ի 327-Ա որոշումը ՀՀ վարչապետի աշխատակազմի «mulberry» փաստաթղթաշարժի համակարգի միջոցով 2019 թվականի ապրիլի 3-ին, ժամը 11.05-ին առաքվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ, որի անմիջական հասցեատերը հանդիսանում է գրասենյակի ղեկավարը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2019 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու» եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «ՀՀ կառավարության աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի 2008 թվականի օգոստոսի 1-ի N 367-Լ ու 2010 թվականի ապրիլի 9-ի N 82-Ա հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 725-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 210-Լ հրամանի համաձայն՝ վարչապետի աշխատակազմում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի միջոցով՝ բացառությամբ գաղտնի փաստաթղթաշրջանառության:

Հետեւաբար, հայցվորը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկացվել է իրեն հասցեագրված փաստաթղթի մասին:

Ներկայացուցիչը հայտնել էր, որ վիճարկվող որոշումը հրապարակվել է վարչապետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում:

Ըստ պատասխանողի, վարչական պաշտոն զբաղեցնող անձի ազատումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի բացարձակ հայեցողության շրջանակներում է։ Այն պայմանավորված է վարչական պաշտոնների առանձնահատկությամբ, որով էլ պայմանավորված օրենքը տարբերակել է այդ պաշտոնները զբաղեցնող անձանց ազատման ընթացակարգը՝ այդ հարցում պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձին տալով ազատության բավականին լայն շրջանակ։

Ըստ պատասխանողի` ազատման  որոշումը կայացվել է օրենքի պահանջներին խիստ համապատասխան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930