Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անկախ պանդեմիայից, կընտրեի Երեւանի կոնսերվատորիան եւ, անկասկած, իմ պրոֆեսորին»

Հունիս 15,2020 12:30

Պատմությունը արձանագրել է, որ նույնիսկ պատերազմները չեն կասեցրել մեր մշակույթի ընթացքը, օրինակ, հենց 1941թ. հունիսի 22-ին՝ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրը, Երեւանի ֆիլհարմոնիայի դահլիճում կայացել է սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Լենինգրադից հրավիրված մեր համերկրացի Իսպիր Խարաջանյանի ղեկավարությամբ, իհարկե՝ համապատասխան ծրագրով. հնչել են հայրենասիրական երգեր եւ քայլերգեր։ Այդ տարիներին էր, որ Երեւանում առաջին անգամ կատարվեց Շոստակովիչի 9-րդ սիմֆոնիան, 1942թ. հունիսի 22-ին առաջին անգամ բացվեց կոմեդիայի պետական թատրոնի վարագույրը՝ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» ներկայացումով… երկար կարելի է թվարկել։ Ի դեպ, հայաստանյան մշակութային կյանքը ոչ մի օր կանգ չառավ նաեւ Արցախյան պատերազմի տարիներին… Հիմա էլ մեր մշակույթի մարդիկ, աշխարհի իրենց գործընկերների հետ, կռվում են անտեսանելի զենքի՝ նոր կորոնավիրուսի դեմ։ Ըստ էության, մշակութային կյանքը, այդ թվում՝ մրցույթները, տեղափոխվել են առցանց։ Այս օրերին Երեւանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը (ջութակ անվանակարգում)։ Հայաստանցի երաժիշտներն էլ չեն դադարում մասնակցել միջազգային մրցույթների։

Արմեն Բաբախանյանն իր սաների՝ Արթուր Գրիգորյանի եւ Արմեն Պուչինյանի հետ (2016թ.)։

Դաշնակահար Արթուր Գրիգորյանի  անունը վերջին շրջանում հոլովվում է մասնագիտական շրջանակներում։ Երիտասարդ արվեստագետը ավարտել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը (պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի դասարան) եւ պատրաստվում է ընդունված կարգի համաձայն՝ մեկ քննությամբ, դառնալ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող։ Դաշնակահարը պանդեմիայի օրերին  հաղթող է ճանաչվել երեք միջազգային՝ Հարավային Կորեայում առաջին անգամ անցկացված Սվյատոսլավ Ռիխտերի անվան, ԱՄՆ-ում 5-րդ անգամ անցկացվող Իգնասի Ժան-Պադերեվսկիի անվան եւ Ֆինլանդիայում երրորդ անգամ կայացած 2ND WPTA մրցույթներում։ Վերջին մրցույթում հաղթող է ճանչվել Արմեն Պուչինյանի հետ՝ «Դաշնամուրային դուետ» անվանակարգում։

Դաշնակահարը՝ Ալեն Ժակունի հետ։

Թեեւ նշեցինք, որ Արթուր Գրիգորյանի անունը հոլովվում է առայժմ մասնագետների շրջանում, բայց հանդիսատեսը նրան կմտաբերի Գրիգի դաշնամուրային կոնցերտի մեկնաբանմամբ, որի առաջին մասը կատարել է 2017թ.՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, իսկ երկրորդ եւ երրորդ մասերը՝ հաջորդ տարի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Արթուր Գրիգորյանը եւ Դմիտրի Ալեքսեեւը։

Մեզ հետ զրույցում երիտասարդ դաշնակահարը նշեց, որ մրցույթներին իր մասնակցությունը սկսել է 8 տարեկանից՝ հանրապետական մրցույթներում։ Միջազգային մրցութային հարթակներում հայտնվել է 2014-ից՝ Թուրքիայում, Լատվիայում եւ այլն։ Դիտարկմանը՝ միջազգային մրցույթներում՝ թեկուզ առցանց, հատկապես առաջին մրցանակակրին, սպասվում են  տարբեր առաջարկներ, հրավերներ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ժան-Պադերեվսկիի մրցույթից հետո հրավեր եմ ստացել 2021թ. գարնանը հանդես գալ ԱՄՆ-ում անցկացվող Շոպենի անվան 12-րդ միջազգային մրցույթի բացման արարողությանը, ինչպես նաեւ համարյա նույն ժամանակ անցկացվող Ժան-Պադերեվսկիի անվան 6-րդ մրցույթի բացմանը, փետրվարին հրավեր ունեմ մասնակցելու Connecticut հիմնադրամի ամենամյա համերգին (ԱՄՆ), ամռանն էլ՝ Լեհաստանում անցկացվող Շոպենի միջազգային փառատոնին…»։

Զրույցի ընթացքում դաշնակահարը տեղեկացրեց, որ մինչեւ պանդեմիան մասնակցել է վարպետության դասընթացների. Գերմանիայում՝ Դմիտրի Ալեքսեեւի, Ալեքսեյ Գորլախի, Դմիտրի Բաշկիրովի, Ֆրանսիայում՝ Ալեն Ժակունի, Երեւանում՝ Պաբլո Պագլիեւի  ղեկավարությամբ։ Հետաքրքրվեցինք՝ եթե չլիներ պանդեմիան, երիտասարդ դաշնակահարը ուսումը շարունակելու համար դարձյա՞լ կընտրեր Երեւանի կոնսերվատորիան, Արթուր Գրիգորյանը պատասխանեց. «Միանշանակ այո, կընտրեի Երեւանի կոնսերվատորիան եւ, անկասկած, իմ պրոֆեսորին՝ Արմեն Բաբախանյանին։ Ավելին, չէի լինի այն՝ ինչ կամ, եթե չլիներ պրոֆեսորս»։

Հիշեցնենք, որ 2013թ. ճանաչված դաշնակահար, Երեւանի  կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի հիմնած նախագիծը՝ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շնորհիվ  այս տարիների ընթացքում բացահայտել է 11-20 տարեկան բազմաթիվ պատանի երաժիշտ-կատարողների՝ դաշնակահարներ, ջութակահարներ եւ թավջութակահարներ։ Այս ծրագրի բացահայտումներից է նաեւ Արթուր Գրիգորյանը։ Իսկ հիշյալ ծրագիրը ուղղված է  ոչ միայն տաղանդավոր պատանիների բացահայտմանը, այլեւ նրանց զարգացմանը, կատարելագործմանն ու խրախուսմանը՝ հետագայում միջազգային հարթակներում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով։ «Մեկնարկ»-ը իր գործունեության տարիներին հայ կատարողական արվեստում ծանրակշիռ փորձ ունեցող խորհրդատուների եւ հրավիրյալ մասնագետների մասնակցությամբ  իր անդամների հետ իրականացնում է ուսումնական գործընթաց եւ վարպետության դասեր։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930