Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասացի՝ սա իմ քննությունն է, արյունոտ ծնկներով պիտի քայլեմ, ու ֆիլմը պետք է հաջողի»

Հունիս 15,2020 12:00

Պոլսահայ ռեժիսոր Ռենա Լուսին Բիթմեզն՝ իր ֆիլմի, Թուրքիայում ապրող հայաստանցի երեխաների ու փոխված ճակատագրերի մասին

Պոլսահայ ռեժիսոր, լուսանկարիչ Ռենա Լուսին Բիթմեզի «Մայրիկ, Աստված սիրո՞ւմ է գաղթական երեխաներին» ֆիլմը հաջողությամբ մասնակցել է շուրջ 80 փառատոների, այդ թվում՝ Բեռլինի 69-րդ կինոփառատոնին, Նիցայի կինոփառատոնին,  Ստամբուլի եւ Անկարայի կինոփառատոներում ճանաչվել լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն ֆիլմ է ճանաչվել նաեւ Ամերիկյան American Golden Picture եւ The IndieFEST կինոփառատոներում: Ֆիլմում իրականությունը ներկայացվում է Թուրքիայում ապրող  հայաստանցի երեխաների աչքերով, որոնք երազում են վերադառնալ Հայաստան: «Ինչ լավ կլիներ, մեր երկրում ապրեինք»,-ասում  են փոքրիկները, որոնք ծնողների` օրվա հաց վաստակելու դեգերումների պատճառով Թուրքիայում են: Մեկն էլ նեղվում է. «Հայրենիքից հեռու չես կարող ապագա ունենալ»:

Ռենան «Առավոտի» հետ զրույցում քնքշությամբ է խոսում իր հերոսների մասին, նրանց անվանում է ոչ թե գաղթականներ, այլ ապավինյալներ ու պատմում է պատմություն, որը  զուտ հայկական չէ, ռեժիսորը համամարդկային խնդիր է արծարծում: Պատմում է`  ինչպես է թերթից տեղեկացել ավետարանչական եկեղեցու նկուղում գործող ընդհատակյա դպրոցի մասին, որտեղ Ստամբուլում ապրող եւ աշխատող հայաստանցիների երեխաներն են սովորում: Այնուհետեւ այցելել է դպրոց, որտեղ դասարանները սկզբում վարագույրով էին միմյանցից բաժանված ու այդ պայմաններում երեխաները կրթություն էին ստանում: Ռենան նշում է, որ առաջին անգամ տնօրեն Հերիքնազ Ավագյանի հետ է խոսել: Խոստացել է, որ որեւէ բանով չի վնասի դպրոցին,  ու ֆիլմը նրանց առաջինը ցույց կտա, հետո նոր փառատոներ կուղարկի: Ռեժիսորի խոսքերով, Հերիքնազի  նպատակն էր Թուրքիայում աշխատող հայաստանցի  ընտանիքների երեխաներին փողոցից կտրելը: Նրան աջակցել է Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Աղաբալօղլուն, նա  է եկեղեցու դռները բացել եւ  2003-ից ի վեր դպրոցը գործում է եկեղեցու ներքնահարկում: Ռենա Բիթմեզը վստահեցնում է, որ լավ կրթություն են ստանում երեխաները՝ հայաստանյան ծրագրով: Ասում է`  ֆիլմը նկարելիս իրեն շատ են աջակցել եւ Հերիքնազը, եւ ուսուցիչները, եւ երեխաներն ու նրանց ընտանիքները:

Ռեժիսորը մեկուկես տարի այդ թաղամասում է ապրել, որտեղ իր խոսքերով, աշխարհի չորս ծայրերից ապավինյալներ են հավաքված, 2014-ից էլ՝ սիրիացի փախստականներ: Ասում է` դժվարությամբ է ընտրել ֆիլմի հերոսներին: Օրինակ, հերոսներից Ռուզաննայի մասին ուսուցիչ Պայծառ Գալստյանն է հուշել, յոթ-ութ ամիս Լիլիթի հետ է շփվել, նրանից տեղեկացել է, որ աղջկա հետ Թուրքիայում է ապրում եւ հեռվից ուսումնասիրել է նաեւ Լիլիթի կյանքը, ինչ վերաբերում է փոքրիկ Հարութիկին, նա պատահական է հայտնվել ֆիլմում՝ տեսախցիկի առաջ: Ռենան երկար ժամանակ ուսումնասիրել է երեխաների կյանքը: Անդրանիկին էլ է ընտրել հետագայում, ապա պարզել է, որ Անդրանիկը շատ է ցանկացել նկարվել իր ֆիլմում: Բոլոր երեխաների ծնողների համաձայնությամբ էլ սկսել է նկարահանումները: Ասում է` 220 ժամ նյութ է նկարվել, 4 անգամ մոնտաժել է: Ֆիլմը մեծ հաջողություններ է ունեցել Թուրքիայից մինչեւ Ամերիկա ու Եվրոպա: Ռենա Լուսին Բիթմեզի հավաստմամբ,  իր ֆիլմը Թուրքիայում «Օսկարի» թեկնածու է:

«Ֆիլմի վերաբերյալ արձագանքը շատ մեծ եղավ: Պոլսահայերը սկզբում մի քիչ հեռու պահեցին իրենց, ավելի ուշ ֆիլմին մոտեցան»,-ասում է մեր զրուցակիցը:

Ռեժիսորը պատմում է, որ մի կինոքննադատ խոստովանել է, որ ֆիլմով ուրիշ դուռ է բացվել, իրենք ֆիլմից են տեղեկացել, որ Ստամբուլում՝ Գում Գափուում այդպիսի կյանք կա: Ռենան հիմա ժպիտով է հիշում, թե ինչպես էին իրեն ասում, որ ֆիլմը կարող է իր գլխին փորձանք դառնալ, ամենասկզբում ընտանիքից բացի, որեւէ մեկն  իր  կողքին չի կանգնել: Նրա խոսքով, ֆիլմը հայաստանցի գաղթական երեխաների մասին չէ, այն բոլորի մասին է: Ռենան ընդգծում է` եթե հերոսների փոխարեն աֆրիկացի, սիրիացի կամ իրանցի երեխաներ լինեն, կամ ուրիշ երկրներից երեխաներ, ֆիլմի նյութը բոլորովին չի փոխվի: Ասում է` այնպիսի ֆիլմ է նկարել, որ ցանկացած ոք հասկանա: Առանց ձայնի է մի անգամ ֆիլմը դիտել, պարզելու համար՝ արդյոք այն ընկալելի կլինի:

Ռենա Լուսին Բիթմեզը նշում է, որ Անատոլուից, Տիգրանակերտից, Սասունից եւ այլ տեղերից եկած հայերը Գում Գափու թաղամասում՝ պատրիարքարանի շուրջ գտնվող տներում են հաստատված եղել, ասում է՝ այդ թաղամասում նաեւ իր ազգականների տներն են, ու հիմա այդ տներում հայաստանցիներն են ապրում, դրա համար այդ տները բացարձակ օտար չէին իր համար: «Այդ երեխաների եւ իմ մեջ մի տարբերություն կար միայն, ես քաղաքացի եմ, իրենք՝ ոչ: Մենք իրենց պես ենք ապրել, մենք այդ թաղամասը չենք լքել, ֆիլմում նկարված բոլոր տները հայկական տներ են»,-հավելում է ռեժիսորը:

Ռենա Լուսին Բիթմեզին հարցրինք՝ երեխաների հետ աշխատելով ինչպե՞ս է հաջողվել ասելիքը տեղ հասցնել ու «չերեւալ», տպավորություն է, որ ուղղակի մի շնչով նկարվել է, անգամ մոնտաժ չի եղել: Ռեժիսորը պատասխանեց, որ ի սկզբանե գիտեր, որ երեխաների հետ աշխատելը բարդ է, բայց իր համար հեշտ է եղել: Ֆիլմից առաջ  տեսախցիկը տվել է երեխաներին, որպեսզի ինքը հայտնվի նրանց տեղում ու հասկանա, թե ինչ պետք է նկարի. «Հարցրի` դուք ինձ ինչպես եք տեսնում, ես էլ ձեզ այդպես եմ տեսնելու, վարժվեցին, տեսախցիկը մեր միջից «հալվեց»-գնաց»: Ասում է, երբ առանց տեսախցիկի էր  հանդիպում երեխաներին, Հասմիկը հարցնում էր. «Կամերադ ուր է, Ռենա քույրիկ»: Ասում է՝ հարցազրույցներից մեկի ժամանակ էլ հերոսներից Ռուզաննան պատմելով, թե Ռենան ինչպես է աշխատել իր հետ, պատասխանել է. «Աչքս բացում էի, տեսախցիկ էի տեսնում, պետքարան գնալիս տեսախցիկ էի տեսնում, դպրոց գնալիս էլի տեսախցիկ…Այդպես երեխաները սովորեցին ու ասացին, թող Ռենա քույրիկը ինչ ուզում է նկարի»:

Ռեժիսորն ասում է, որ երբ ֆիլմը պատրաստ էր, այցելել է բոլոր երեխաներին, միասին դիտել են ու  ինքն ասել է, որ եթե որեւէ բան դուր չի գալիս, ինքը կհանի ֆիլմից, ընտանիքները եւս գոհ են մնացել. «Անդրանիկն ասել է` Ռենա քույրիկ, սա իմ կյանքն  է, ամաչելու բան չունեմ: Չուզեցի, որ ֆիլմը դիտելիս ամաչեն, ուզում էի, որ լավ զգան, մտածում եմ տասը տարի հետո իրենց նորից նկարել, հետաքրքիր է, թե տասը տարի անց ով ինչ ճակատագիր կունենա»:

Հարցրինք՝ պատահե՞լ է, որ ֆիլմի վրա աշխատելիս հուզվի ու դա խանգարի շարունակել աշխատանքը: Ռենան հիշում է, որ Ռուզաննան ասել էր, թե  շատ է չարչարվել ֆիլմի վրա, զբաղվել իրենցով, ո՞վ կգա այս ֆիլմը նայելու, հատկապես, որ ուրիշների կյանքը իրենց կյանքից  ավելի հետաքրքիր է: Ասում է՝ շատ էր հուզվել երեխայի խոսքերից ու նրան խոստացել, որ ֆիլմը պետք է ուղարկի տարբեր փառատոների ու այն հաջողություններ է գրանցելու, միասին հարցազրույցներ են տալու, ինքը դրա համար գիշեր-ցերեկ աշխատելու է: Ռենան  ֆիլմը նկարելու ընթացքում  քրոջն է կորցրել: Հիշում է, թե ինչպես մի անգամ էլ ճաշելիս Անդրանիկն ասել է՝ Ռենա քույրիկ, մեր անբախտ կյանքը քեզ է անցել. «Ասացի՝ սա իմ քննությունն է, Աստծո կամքն  է, ես պետք է դիմանամ,  արյունոտ ծնկներով պիտի քայլեմ ու ոտքի կանգնեմ, ֆիլմը պետք է հաջողի: Հիմա ուրախ եմ, որ ամեն ինչ հաջողել է: Երեխաներին ասացի, որ այս ֆիլմի կյանքը շատ ուրիշ է լինելու, մեզանով հետաքրքրվելու են, մեզ սիրելու են: Մենք չպետք է մեզ կորցնենք, որովհետեւ մի եղանակից հետո մյուսն է գալիս, ասացի, որ իրենք իրենց կրթությունը պետք է շարունակեն, ես էլ պետք է հոգեբանորեն պատրաստ լինեմ ամեն ինչի:  Ու այդպես մենք 2011-ից  մինչեւ հիմա միասին  ենք: Ես շատ ուշադիր եմ իրենց հանդեպ, որովհետեւ չեմ ուզում, որ ասեն՝ Ռենա քույրիկը մեզ նկարեց ու  մոռացավ մեզ: Ֆիլմի ժամանակ իրենք իմ փոքրիկ քույր-եղբայրն էին, հիմա իմ ընկերները, հիմա խոսում ենք ամենատարբեր թեմաներից` նորաձեւությունից, Ռիհաննայից եւ այլնից»:

Ռենան ասում է, որ իր համար կարեւորը երեխաների կարծիքն էր ֆիլմի մասին, նրանք իրեն շատ էին օգնել, ասում է՝ մարմնով շատ փոքր էին, բայց մեծ սիրտ ունեին: Ասում է` ֆիլմում լաց ու կոծ չի նկարել, որովհետեւ ցանկացել է ցույց տալ, որ մարդ անգամ վատ վիճակում կարող է արժանապատիվ ապրել, իր  կամքը, հայությունը, մշակույթը պահել, ապրեցնել: Ֆիլմում մի դրվագ կա, որտեղ հերոսներից մեկն ասում է՝ այդպես մի խոսիր, այս հողերի հետ մենք էլ կապ ունենք, ինչը թափանցիկ ակնարկ է:

Զրույցի ընթացքում ֆիլմում եղած խորհրդանիշներին էլ անդրադարձ եղավ` չորս պատերի մեջ խաղացող ու դրանից դժգոհող երեխա,  վանդակով թութակ, փողոցային եռուզեռ, անընդհատ վեր ու վար անող մանկական ոտքեր… Նաեւ մի կտորի մասին խոսեցինք, որտեղ Էլենը եւ Անդրանիկը խոսում են Սեւանա լճի մասին, որը իրականում չեն տեսել, բայց կարծում են, որ գեղեցիկ է: Ռեժիսորն ասում է, որ այս  զրույցը ինքնաբուխ է ծնվել:

Ռենայից տեղեկացանք, որ «Մայրիկ, Աստված սիրո՞ւմ է գաղթական երեխաներին» ֆիլմը ցուցադրվել է տարբեր համալսարաններում ու ամենուր մեծ հետաքրքրության արժանացել: Ռեժիսորն ասում է, որ ֆիլմը կարեւոր է  իր համար այն առումով, որ քրոջը` Մարիամին է կորցրել,  որը մահից առաջ իրենից խոստում էր պոկել, որ պետք է չընկրկի եւ շարունակի նկարել. «Քույրս ինձ ասաց, որ  իմ աչքերին նայող չորս երեխա կա, եթե ինքը մահանա էլ, ես չպետք է ընկճվեմ ու պետք է շարունակեմ ֆիլմը: Ֆիլմը ժառանգ է, յուրատեսակ հոգու պարտք… Հետո ուրիշ ֆիլմեր էլ կնկարեմ,  բայց սա կմնա յուրահատուկ ֆիլմ, որը փոխեց բոլորիս կյանքը: Քրոջս մահից հետո յոթ ամիս դադար էի տվել, հետո դպրոց գնացի, նստեցի Հիսուսի նկարի կողքին: Երեխաները եկան ու լուռ նստեցին կողքիս, անձայն վշտակցեցին ինձ, ու ասացին, որ կարող են սպասել, բայց ես ասացի, որ պետք է շարունակենք: Անդրանիկն ասաց, որ կարող են սպասել, Ռուզաննան ասաց` Ռենա քույրիկ, մի հուզվիր, մենք էլ քո քույրիկ-եղբայրդ ենք: Իրենք շատ հասուն էին, փոքրիկ տարիքում նրանք մեծացան, ես իրենց շատ եմ սիրում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Ռենա Լուսին Բիթմեզը:

«Առավոտ» օրաթերթ
13.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930