Հայկական լրատվադաշտի թոփնյուզում առաջատարի դիրքերը տևական ժամանակ է՝ չի զիջում Սամվել Բաբայանը, վերջին շրջանում՝ գլխավորում այն: Աղմուկի առիթը հատկապես Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցության և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև համագործակցության հուշագրի կնքումն է:
ԶԼՄ-ները (չնայած իմ խորը համոզմամբ՝ զանգվածային բամբասանքի, հերյուրանքի, ապատեղեկատվության, զրպարտության կամ ատելության խոսքի ամեն տարածում լրատվության միջոց կոչվելու հնարավորություն չպիտի ունենա) և սոցիալական մեդիան շահարկում էին 2019թ. հունիսի 5-ին «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում Սամվել Բաբայանի կողմից Արայիկ Հարությունյանի վերաբերյալ արված, բայց իրականում կոնտեքստից կտրված հայտարարությունն այն մասին, թե «ամբողջ Ղարաբաղը գլխի վրա կանգնի, ինքը (Արայիկ Հարությունյանը) նախագահ չի լինելու»:
Չուրանալով և չհերքելով այս իրողությունը, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հարցն ու պատասխանը առանց կոնտեքստից կտրելու (ամբողջական հարցազրույցը տես հետևյալ հղումով , որը լույս կսփռի իրականության վրա).
Հարց: Վերջերս Արցախի տեղական իշխանությունները և «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը շատ են շեշտում, որ թույլ չեն տա սահմանադրական կարգի տապալում լինի, ի՞նչ է սա նշանակում և ո՞ւմ է սա ուղղված:
Կարդացեք նաև
Պատասխան: Սահմանադրությունը, օրենքը պարտադրում է 10 տոկոս ընտրողների թվից ներկայացնել և Սահմանադրության փոփոխության գնալ, մենք փորձում ենք ոչ թե 10 տոկոս, այլ 30 տոկոսից ավելին ներկայացնել: Մենք դրանով որևէ սահմանադրական կարգ չենք խախտում: Քանի որ իրենք իրենց համար, տվյալ դեպքում՝ Արայիկ Հարությունյանը, նպատակային հայտարարում է, որ իր թիմը՝ պատգամավորները, պառլամենտում են, չեն քվեարկելու, մենք գնալու ենք հանրահավաքի տեսքով, ժողովուրդը դուրս է գալու իր ստորագրության հետևից: Իրենք ասում են՝ թույլ չենք տալու օրենք խախտել: Ես էլ այդ երիտասարդին ասում եմ, որ կպարտադրենք, որ դու թույլ տաս: Քեզ կպարտադրեն քո պատգամավորները, որովհետև քեզ օգտագործում է այսօրվա տեղի իշխանությունը: Դու ամեն դեպքում նախագահ չես լինելու: Ամբողջ Ղարաբաղը գլխի վրա կանգնի, ինքը նախագահ չի լինելու,որովհետև անձը ստում է սեփական ժողովրդին:
Չի կարելի ասել, որ թույլ չեմ տա սահմանադրական կարգը խախտել, մենք Սահմանադրությամբ ենք առաջնորդվում, ստորագրահավաք ենք անում՝ Սահմանադրությանը համապատասխան: Մեր ժողովուրդը այդ ստորագրությունը չհավաքած, չհանձնած, դուք կանխավ որոշել եք, որ չեք փոխելու: Ժողովուրդը դուրս է գալու իր ստորագրության հետևից, պարտադրելու է: Դու ո՞վ ես, որ թույլ չտաս: Ես ոստիկանությանը, իրավապահ բոլոր մարմիններին զերծ մնալ անտեղի պաշտպանումից, պահել պետական շահը և խնդրում եմ զուսպ լինել ու չփորձեն, որ մեկի քթից արյուն հոսի:
ԱՀ 6-րդ գումարման Ազգային ժողովում Արայիկ Հարությունյանի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը խորհրդարանական մեծամասնություն էր և այդ խմբակցության ձայներով էր պայմանավորված լինելու Սամվել Բաբայանի կողմից նախաձեռնված ստորագրահավաքի արդյունքներով «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ճակատագիրը:
Արցախի և Հայաստանի նախկին իշխանությունների հակաբաբայանական տրամադրվածությունը, ըստ այդմ՝ ստորագրահավաքի և սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ակնհայտ հակաիրավական որոշումը դրսևորվում էր Արայիկ Հարությունյանի և նրա քաղաքական մերձավորների կանխակալ հայտարարությունների միջոցով, որոնք ոչ այլ ինչ էին, քան իշխանության կողմից խորհրդարանական ամենամեծ խմբակցությանը ի շահ պետականության գործելու կեղծ, բայց համոզիչ քարոզչական թեզերի արդյունք: Այսպիսով` ԱՀ այն ժամանակվա իշխանությունը նպատակ ուներ Արայիկ Հարությունյանի միջոցով խափանելու Սամվել Բաբայանի վերադարձը ակտիվ քաղաքականություն: Վերոնշյալ հարցազրույցում Սամվել Բաբայանը հենց սա նկատի ուներ՝ բառացիորեն ասելով «քեզ օգտագործում է այսօրվա տեղի իշխանությունը: Դու ամեն դեպքում նախագահ չես լինելու: Ամբողջ Ղարաբաղը գլխի վրա կանգնի, ինքը նախագահ չի լինելու»:
Ամբողջացնելու համար նշենք, որ, այսպիսով` նախկինները նպատակ ունեին մեկուսացնելու Արայիկ Հարությունյանին՝ ասպարեզ բերելով իրենց թեկնածուին: Հասկանալով կուլիսային պայմանավորվածությունների բուն էությունը՝ Արայիկ Հարությունյանը, այսպես կոչված, հեռացավ իշխանություններից և սկսեց գործել ինքնուրույն: Նրա ինքնուրույն գործողությունների արդյունքում է, որ «Միասնական հայրենիք» կուսակցությանը և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքին հաջողվեց քաղաքական երկխոսություն ձևավորել և հանդես գալ քաղաքական համատեղ օրակարգով:
«Միասնական հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյան