Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում երբ անձինք իմանում են, որ կոպիտ ասած իրենց հետևից գալու են, ակտիվ ընդդիմադիր կեցվածք են դրսևորում». Դանիել Իոաննիսյան

Հունիս 15,2020 01:12

«2017-ի ընտրությունների ժամանակ հիշում եմ մի ռեպորտաժ, որտեղ երևում էր թե′ Գագիկի Ծառուկյանի, թե′ ԲՀԿ-ի՝ այն ժամանակ «Ծառուկյան» դաշինքի կողմից ակնհայտ ընտրակաշառքի նմանվող գործողությունների իրականացումը»,-հարցին՝ լինելով դիտորդական կազմակերպության ղեկավար, ի՞նչ կարծիք ունի՝ ինչպիսի՞ն էր ԲՀԿ վարքագիծը վերջին տարիների ընտրություններին, կայի՞ն կասկածելի դրվագներ, կարո՞ղ է իրավաչափ լինել թեկուզ այդպիսի կասկած Գագիկ Ծառուկյանի դեմ կատարվող գործողությունները, ՀՀ ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում այս առիթով այսպիսի կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին՝ վաղ առավոտից, ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն էր իրականացնում, որն առնչվում է 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին: Այնուհետև Գագիկ Ծառուկյանը ժամեր շարունակ հարցաքննվում էր ԱԱԾ-ում, իսկ ԲՀԿ-ական պատգամավորներ ու իրավապաշտպաններ ԱԱԾ շենքի հարակից տարածքում բողոքի ցույց էին անում:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ 2017-ին թե′ խոստումների, թե′ բարեգործության, թե′ քարոզչության համատեղման առումով, ինչը դեռ քրեորեն հետապնդելի չէր, բոլորին ակնհայտ է, որ ընտրակաշառքին համարժեք գործողություններ էին կատարվել, և շատ դրվագներ ուղղակի տեսախցիկի առաջ էին արվում, նույնիսկ ԿԸՀ-ն արձանագրեց, որ ընտրախախտում է:

Հարցին՝ կատարվածն արդյոք կապված չէ՞ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունների հետ, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «ՀՀ-ում մի հետաքրքիր երևույթ կա: Երբ անձինք իմանում են, որ կոպիտ ասած իրենց հետևից գալու են, քրեական գործեր կարող են հարուցվել, ակտիվ ընդդիմադիր կեցվածք են դրսևորում: Չեմ կարող հարյուր տոկոսով պնդել, որ այս անգամ նման իրավիճակի հետ գործ ունենք, բայց կա նաև դրա շոշափելի հավանականությունը»:

Հարցին՝ չե՞ք բացառում, որ Գագիկ Ծառուկյանը ընտրակաշառք բաժանած լինի, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Ես ոչ միայն չեմ բացառում, այլ ինձ համար որոշակի առումով զարմանալի էր, որ առ այսօր չէր բացահայտվում: Լատենտային հանցագործությունները դժվար է բացահայտել, առավել ևս տարիներ անց, առավել ևս ինձ համար զարմանալի չէր: Մենք «Անկախ դիտորդ» կազմակերպությամբ դիտարկում էինք 2017-ի ընտրությունները, և այդ առումով, մթնոլորտի առումով, զարմանալի չէր: Ես ուրախ եմ, որ այդ ամենն ի վերջո բացահայտվում է: Հուսով եմ, որ ՀՀ-ում ընտրական հանցագործություններ գործած անձինք ուշ թե շուտ կկանգնեն դատարանի առաջ»:

Հիշեցմանը՝ ԲՀԿ-ից հայտարարում են, որ սարքած գործեր են, Դանիել Իոաննիսյանն արձագանքեց, «Լավ ծանոթ չլինելով քրեական գործի նյութերին՝ ամեն դեպքում, այդ գործերով բարձրացված հարցերի և ընդհանուր պատկերի և ՀՀ-ում տարիներ շարունակ տիրած մթնոլորտի համամասնությունը բերում է այն եզրահանգման, որ բավականին խելքին մոտ բաներ են, հնարավոր է՝ տեղի է ունեցել»:

Հարցին՝ հնարավո՞ր է ներկա իշխանությունները դիմեն քաղաքական հետապնդման, նրանցից նման բան սպասո՞ւմ է, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ներկա իշխանություններն իրականացնեն քաղաքական հետապնդում, նրանք առնվազն այդքան էլ մոտիվացիա չունեն: Ամեն դեպքում ներկայիս իշխանությունների հեղինակությունը այնքան բարձր է, որ նրանք կարծում եմ՝ կարիք չունեն դա անելու: Ամեն դեպքում, ՀՀ-ում այնպիսի իրավիճակ չէ, երբ կարելի է ուղղակի անտեղի մարդուն քրեական հետապնդման ենթարկել: Դա ներկայիս Հայաստանում այդքան էլ իրատեսական չէ»:

Խոսելով ոստիկանական գործողությունների մասին՝ նա ասաց, որ դրանք իրավաչափ էին ու պարզաբանեց. «Սա հավաք էր, իսկ Հայաստանում բոլոր տեսակի հավաքները արգելված են, ինչն ունի տրամաբանություն: Կարող է Հանրային խորհրդով կառավարությանն առաջարկենք, որ մինչև հինգ հոգանոց հավաքները, որոնց ժամանակ պահվում է հեռավորություն, թույլատրվեն: Իսկ այսպիսի հավաքները միարժեք է, որ արգելված են և պետք է արգելված լինեն: Այս իմաստով ոստիկանության գործողությունները, դադարեցման գործողությունները իրավաչափ էին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sarkis says:

    մարդիկ Հայաստանում մահանում են ճանճերի պես, բայց Փաշինյանը խոսում է Զարուկյանի մասին: Որտեղ են ձեր առաջնահերթությունները:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930