Իր հաստատված սովորության համաձայն Փայլակը առավոտյան մոտակա այգի էր գնացել քայլելու, մարզվելու և այգու մաքուր օդը շնչելու նպատակով: Իհարկե, անընդհատ քայլել նա չէր կարող և որոշակի տարածք քայլելուց հետո, ընտրում էր մի հարմար նստարան, որը պաշտպանված լիներ արևից և կարճ ժամանակ հանգստանալուց հետո, նորից վեր էր կենում ու շարունակում մարզական քայլքը:
Այնպիսի նստարան, որը պաշտպանված լիներ արևի ճառագայթներից դժվար էր գտնում, քանի որ այգու նստարանների տեղը, նրանց նախագծողների անհասկանալի մտահղացումով, այնպես էր ընտրված, որ մեծ մասը գտնվում էին արևի անմիջական ճառագայթների ազդեցության տակ:
Արևից պաշտպանված նստարանները, որպես կանոն, գրեթե միշտ զբաղված էին լինում: Իսկ քանի որ կորոնավիրուսի ներկայիս համաճարակը նույնպես խանգարիչ պատճառ էր դարձել, այդ նստարանների վրա մեկ մարդ էր նստած լինում կամ առավելագույնը՝ երկու, որոնք կամ ծանոթներ էին լինում կամ սիրահար զույգեր:
Երկար դեգերումներից հետո, նա գտել էր մի այդպիսի նստարան, որը պատսպարված էր արևի ուղիղ ճառագայթներից և նստած հանգստանում էր ու ականջակալները դրած երաժշտություն լսում:
Կարդացեք նաև
Մտքերով ու երաժշտական մեղեդիներով տարված, նա վայելում էր այգու կենարար օդը, երբ հանկարծ մի տարեց մարդ կանգնեց իր դիմաց և հարցրեց.
-Կարելի՞ է նստել ձեր նստարանին:
Փայլակը հանկարծակիի գալով, շփոթված ասաց.
-Խնդրեմ, սա իմ սեփականությունը չէ, բայց պետք է պահպանեք մեկ մետր ու կես սոցիալական հեռավորությունը:
-Խնդիր չկա,-ասաց անծանոթը և ծանր շնչելով, տեղավորվեց նստարանի ծայրին, գրեթե պահպանելով սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը: Իր հերթին էլ, Փայլակը որոշակի շարժ կատարեց դեպի նստարանի հակառակ ծայրը և կարծես, թե սոցիալական հեռավորությունը ապահովվեց:
-Ո՞ր տեղից ես,-հանկարծ սկսեց անծանոթը:
-Հայաստանից,-փորձեց կատակել Փայլակը:
-Ես էլ եմ Հայաստանից,-չզիջելով Փայլակին՝ սրամտության մեջ, ասաց նա ու շարունակեց: Ես որբ եմ մեծացել, շատ դժվարություններ եմ կրել, եղել եմ տարբեր մանկատներում, բայց հիմնականում փողոցն է եղել իմ գոյության և դաստիարակության միջավայրը: Ընկերներս ինձ «Փողոցի Ակադեմիկոս» էին ասում:
-Առաջին անգամ եմ լսում այդպիսի կոչման մասին,-զարմացավ Փայլակը:
-Հա, անունս էլ Պողոս է, լավ է հնչում չէ՞, Ակադեմիկոս Պողոս: Մի բան էլ հարցնեմ, քանի՞ տարեկան ես՞:
-Ես սովորություն ունեմ, որ երբ ինձ հարցնում են քանի՞ տարեկան ես, չեմ պատասխանում, այլ նրանց եմ հարցնում, իսկ դու քանի՞ տարեկան ես,-ասաց Փայլակը
-Ութսուն երեք,-պատասխանեց Պողոսը:
-Հետաքրքիր է, իսկ որ ամսին եք ծնվել, եթե գաղտնիք չէ:
-Դե՛, ինչ գաղտնիք, հունիսին,-պատասխանեց Պողոսը:
-Օ՛,-ծոր տվեց Փայակը,-դուք երեխա եք իմ համեմատ, ես Ձեզանից մեծ եմ մի ամբողջ կես տարով:
-Դուք իրավունք ունեք ինձ ուղարկել, ասենք, գարեջուր բերելու,-սրամտեց Պողոսը:
-Հետաքրքիր է, ես Ձեր մասին անպայման կգրեմ իմ պատմություններում, բայց երևի անունդ փոխեմ, որ չնեղանաս:
-Խնդրում եմ չփոխես, հենց այդպես էլ կգրես՝ Փողոցի Ակադեմիկոս Պողոս, ես էլ եմ քիչ-միչ գրում, բայց թե չեմ կարողանում հրապարակել: Ա՛յ, մարդ,-հանկարծ թեման փոխեց Պողոսը, երկար ժամանակ է, որ դերձակ եմ աշխատում, հիմա գիտես, կորոնավիուսի պատճառով գրեթե մարդ չի գալիս հագուստը ձևափոխելու կամ նորը պատվիրելու, բայց քանի որ անհատ ձեռներեց եմ ձևակերպված, հարկ եմ վճարում: Հիմա քաղաքապետարանից եմ գալիս, անցյալ օրը ինձ ծանուցում էին ուղարկել, որ այցելեմ քաղաքապետարան, հարկերի վճարման օրենքը փոխվել է, պետք է նոր ձևակերպում անենք: Դե, ես էլ, որպես պարտաճանաչ հարկատու, առավոտյան տաքսիով գնացի, քանի որ հասարակական տրանսպորտը չի աշխատում:
-Հետո՞,-հետաքրքրվեց Փայլակը:
-Գնացի ու տեղ հասա այն ժամանակ, երբ ընդունող պատուհանի տիրուհին խստորեն ասաց, որ ուշացել եմ, ինքը ընդմիջման է գնում և պետք է սպասեմ մինչև ընդմիջումը վերջանա: Ընկերուհի, ասում եմ նրան, Նորքի զանբգվածից հազիվ տաքսիով տեղ եմ հասել, մի քանի րոպեի համար ես մի ժամ որտե՞ղ սպասեմ: Իմ գործը չէ, ես գնում եմ ընդմիջման, ասում է նա, կգաս մեկ ժամ հետո: Ասաց ու պատուհանը շրխկոցով փակեց:
-Բա, դու ինչ արեցիր, գնայիր բողոքեիր վերադասին,-խորհուրդ տվեց Փայլակը:
-Դե, իհարկե, կարող էի գնալ, փորձեցի, բայց դռնապանը ներս չթողեց ու հիմա մտածում եմ, ինչպես ժամանկը սպանեմ, մինչև ընդմիջումը վերջանա, քայլերս ուղղեցի մոտակա Հաղթանակի կամուրջը, այնտեղից էլ դեպի ֆուտբոլի մարզադաշտի ուղղությամբ քայլելու նպատակով:
-Լավ էլ մտածել ես,-արձագանքեց Փայլակը:
-Ուրեմն հասա կամրջին ու սկսեցի բազրիքի կողքով քայլել ու մեկ-մեկ էլ հենվում էի բազրիքին, ցած նայում ու մտածում այն մարդկանց մասին, թե ինչպե՞ս են նրանք ցած նետվում այդ բարձրությունից: Սկզբում բարձրությունը ցածր էր ու ես մտածում էի, որ այստեղից նետվելու դեպքում քիչ կվնասվեն ու գնալով առաջ, նորից էի հենվում բազրիքին ու ցած նայում: Երբ արդեն հասել էի կամրջի միջնամասին ու նորից կրթնած բազրիքին ներքև էի նայում, հանկարծ զգացի, որ երկու մարդ աջից ու ձախից թևերս բռնեցին:
-Դե, երևի մտածել են, որ ցանկանում ես ցած նետվել, փորձել են փրկել,-ասաց Փայլակը:
-Հա, հենց այդպես էլ կար, ինչ որ մեկը մոտակայքում ոստիկանների էր տեսել և նրանց հաղորդել, որ մի մարդ փորձում է կամրջից վայր նետվել:
-Հայրիկ,-հարցնում է ոստիկաններից մեկը, այստեղ ի՞նչ ես անում: Ես էլ պատասխանեցի, որ քաղաքապետարանի աշխատակցուհին ինձ զայրացրեց, ես էլ որոշեցի գամ այստեղ ու ինձ կամուրջից ցած նետեմ:
-Նրանք էլ հավատացի՞ն,-հարցրեց Փայլակը:
-Չգիտեմ հավատացին, թե ոչ, բայց ինձ ուժով նստեցրին մեքենա ու տարան ոստիկանատուն, շատ չանցած, բժիշկ հրավիրեցին ու հարցաքննեցին:
-Ասում եմ՝ այ, մարդ, ես կատակ եմ արել, ուղղակի ժամանակ էի անցկացնում, որ քաղաքապետարանում ընդմիջումը ավարտվեր, գնայի գործերս ավարտեի, բայց նրանք իրենցն էին պնդում:
-Եվ ինչո՞վ վերջացավ այդ հանդիպումը,-նորից միջամտեց Փայլակը:
-Դե, հետո ինձ այդտեղից տարան քաղաքապետարան, իմացան եղելությունը, միջամտեցին, որ գործերս ավարտեն ու բաց թողեցին: Հիմա այնտեղից եմ գալիս, բավականին զայրացած եմ, այդքանից հետո էլ, երբ հաշվարկեցին իմ մուծելիք հարկի վճարը նոր օրենքով ավելացել էր հինգ հազար դրամով: Ներող կլինես, որ այսքան քեզ անհանգստացրի, բայց անպայման ուզում էի որևէ մեկին պատմել այս պատմությունը, որ սիրտս թեթևանար:
-Խնդիր չկա,-արձագանքեց Փայլակը,- ես այդ մասին անպայման մի հետաքրքիր պատմություն կգրեմ:
-Բայց նորից եմ խնդրում, անունս չփոխես ու անպայման կգրես՝ Փողոցի Ակադեմիկոս Պողոս:
-Խոստանում եմ,-ասաց Փայլակը,- չեմ փոխի, դե ձեզ էլ համբերություն եմ ցանկանում և մի խորհուրդ կտամ կամուրջի վրայով քայլելիս, էլ երբեք չհենվեք բազրիքին ու ներքև չնայեք, թե չէ այս անգամ հոգեբուժարանում կարող են տանել, իսկ այնտեղից շատ ավելի դժվար կլինի ազատվել,-ասաց Փայլակը և բարձրանալով տեղից հրաժեշտ տվեց Փողոցի Ակադեմիկոս Պողոսին ու քայլելով այգու ճեմուղով դեպի վեր, ուղղություն վերցրեց դեպի տուն:
Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ