«Այսօրվա բոլոր կատարված գործողությունները, որոնք տեղի են ունեցել իմ ելույթից հետո, բոլորն ընդունում եմ որպես քաղաքական»,- քիչ առաջ դուրս գալով ՀՀ ԱԱԾ-ից՝ հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
ԱԱԾ-ի դիմաց հավաքված՝ Գագիկ Ծառուկյանի աջակիցները գոչում են. «Ծառուկյա՜ն, Ծառուկյա՜ն, այո, այո»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ր գործի շրջանակներում է հարցաքննվել, Գագիկ Ծառուկյանը հորդորեց այդ մասին տեղեկանալ՝ դիմելով համապատասխան օրգաններին ու հայտարարեց. «Կան սարքած թղթեր: Եթե այդ ամենը եղել է իմ հայտարարությունից հետո, դա միայն քաղաքական եմ ես համարում: Քննությունը կատարվում է, որի մասին լիարժեք բոլորդ էլ տեղյակ կլինեք, կարող եք դիմել համապատասխան օրգաններին: Եթե պապուս թվի գործերը նայելով, ասելով է… այսօր ես սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ գործ չունեմ: Իմ ելույթից առաջ լիներ, կարող էր հիսուն-հիսուն լինել, բայց ելույթից հետո ինչ եղել է, եղել է քաղաքական»:
Կարդացեք նաև
Այս հայտարարություններից հետո Գագիկ Ծառուկյանը հեռացավ:
Գագիկ Ծառուկյանից հետո աստիճանաբար ԱԱԾ շենքի դիմացից հեռացան նաև նրա աջակիցները:
Հիշեցնենք՝ հունիսի 14-ին՝ վաղ առավոտից, ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն էր իրականացնում, որն առնչվում է 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին:
Այնուհետև Գագիկ Ծառուկյանը ժամեր շարունակ հարցաքննվում էր ԱԱԾ-ում, իսկ ԲՀԿ-ական պատգամավորներ ու իրավապաշտպաններ ԱԱԾ շենքի հարակից տարածքում բողոքի ցույց էին իրականացնում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ