Լրահոս
Օրվա լրահոսը

Ով կարող է Նիկոլ Փաշինյանին քաղաքական հակառակորդ հանդիսանալ, նրանց քաղաքական դաշտից հեռացնելու խնդիր է դրված եւ ամենադաժան ձեւով. Ավետիք Իշխանյան

Հունիս 14,2020 23:17

«Ինչպես միշտ, ոստիկանությունը գործում է ցուցումով եւ տվյալ դեպքում էլ ոստիկանությունը ցուցում ուներ` բազմաթիվ եւ բազմամարդ շարքերով կատարել պատժիչ գործողություններ»,- Aravot.am-ի զրույցում այսօր` Գագիկ Ծառուկյանի համակիրների եւ ԲՀԿ-ական պատգամավորների ու ավագանու անդամների նկատմամբ ոստիկանության գործողություններն այսպես բնութագրեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԱԾ-ում հարցաքննվում էր, իսկ վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Այդ ընթացքում, Գագիկ Ծառուկյանի համակիրները, ԲՀԿ-ական պատգամավորները եւ ավագանու անդամները բողոքի ակցիա էին իրականացնում`ի աջացություն Գագիկ Ծառուկյանի:

Դիտարկմանը, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է, ինչի արդյունքում սահմանափակված են հավաքների եւ ցույցերի անցկացումը, ուստի ոստիկանության գործողությունները կարող են իրավաչափ որակվել, մեր զրուցակիցը արձագանքեց երեք փաստարկով. «Հավաքներ եւ ցույցեր անցկացնելը մարդու այն կարեւորագույն  իրավունքներն են, որ դրանց երկարատեւ եւ բացարձակ արգելանքը նույնիսկ այս համաճարակի-համավարակի պայմաններում չի խրախուսվում: ՄԱԿ-ի` մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հանձնարարականները կան այդ մասին, որ դրանք չպետք է բացարձակ արգելանքի տակ լինեն: Հայաստանում, փաստորեն, բացարձակ արգելանք է դարձել եւ, որքան ինձ հայտնի է, այս վերջին` արտակարգ դրությունը երկարացնելու հարցը միջազգային կառույցների հետ ՀՀ իշխանությունները չեն համաձայնեցրել»:

Երկրորդ փաստարկը հետեւյալն է. «Իսկ ի՞նչ է նշանակում արտակարգ դրության պայմաններում հավաքներ չիրականացնել. այսինքն` դու, իշխանություն, օգտագործում ես քո ողջ ռեպրեսիվ ապարատը` մարդկանց ձերբակալելու, խուզարկություններ իրականացնելու քո քաղաքական հակառակորդների նկատմամբ, իսկ նրանք իրավունք չունե՞ն պաշտպանվելու»: Իրավիճակը ավելի պատկերավոր ներկայացնելու համար, Ավետիք Իշխանյանը նաեւ մի փոքր ծայրահեղ օրինակ է բերում. ասենք, եթե որեւէ մեկի ազգականին փողոցում ծեծում են` հենց այնպես, ուրեմն, մարդիկ իրավունք չունե՞ն` գնալ եւ բողոքել: Հավաքների նման սահմանափակումը մեր զրուցակիցը դեմագոգիա է անվանում:

Երրորդ փաստարկը վերաբերում է հավաքի բնույթին եւ եթե անգամ արտակարգ դրության իրավիճակում հավաքներն արգելված են,  համացանցով եւ հեռուստատեսությամբ այսօրվա իրադարձություններին հետեւելով՝ իրավապաշտպանն արձանագրում է, որ հավաքը եղել է խաղաղ ու տվյալ դեպքում ոստիկանության գործողությունները հակասում են խաղաղ հավաքի սկզբունքներին. «Հետագայում նրանք կարող էին վարչական վարույթներ իրականացնել: Էլ չեմ ասում անհամաչափ ուժի, բազմաթիվ ձերբակալությունների մասին: Ըստ իմ ունեցած տեղեկությունների, նվազագույնը ձերբակալվել են եւ տարվել են մարզերի ոստիկանական բաժանմունքներ»:

Հարցին` կարելի՞ է ասել, որ իշխանությունը վախից գնաց նման քայլերի, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Առայժմ ձեռնպահ կմնայի «վախ» բառն օգտագործելուց: Կարելի է  դրանում վախեր տեսնել, բայց ես հարցը հետեւյալ կերպ եմ դիտարկում` սա հաշվեհարդար է ցանկացած հնարավոր ընդդիմության նկատմամբ: Ես սա որեւէ քաղաքական ուժի պաշտպանելու հարց չէ եւ կապ չունի, թե ինչպես ես վերաբերվում տվյալ քաղաքական ուժին»:

Հիշեցրինք, որ երկու տարի առաջ Գագիկ Ծառուկյանը սատարում էր թավշյա կոչված հեղափոխությանը, անգամ համագործակցության հուշագիր ստորագրվեց ԲՀԿ-ի եւ իշխող ուժի միջեւ, Ավետիք Իշխանյանն արձագանքեց. «Ճիշտ եք, բայց սա քաղաքականություն է եւ այն, ինչ որ հիմա Հայաստանում կատարվում է, այսպիսի քաղաքականություն է` մարտ` առանց կանոնների: Մենք կարող ենք բազմաթիվ բաներ հիշել, թե ինչպես էր Գագիկ Ծառուկյանը հեղափոխության ժամանակ աջակցում, ինչպես միասին հուշագիր ստորագրեցին, հետո Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքին ներկա եղավ վարչապետը եւ այլն: Հայաստանում կիրթ կանոններով քաղաքականություն չկա, սա միջնադարյան քաղաքականություն է` օգտագործիր, հետո սպանիր»:

Պատասխանելով այն «փորձագետ կոչվածներին», որոնք կասեն, թե անօրինականություններ են եղել, Ավետիք Իշխանյանն ասում է, որ ինքը ձեռնպահ կմնա ասել` անօրինականություններ եղել են, թե` ոչ, քանի որ եթե մեկ վայրկյան քաղաքականությունից վեր կանգնենք, ապա պետք է հիշել, որ Հայաստանի իրավապահ մարմինները ոչ թե աշխատում են ըստ օրենքի` անօրինականություններ հայտնաբերելու համար, այլ աշխատում են ցուցումով, ընտրովի, թե ո՞ւմ նկատմամբ քրեական գործ հարուցեն եւ թե հետագայում այդ քրեական գործերն ինչ ընթացք կունենան, դա արդեն երկրորդական հարց է. «Հարցն այն է, որ ընտրովի, ցուցումով աշխատեն: Ում  նկատմամբ վարչապետն անհանգստություն ունի, որ կարող է իրեն լուրջ քաղաքական հակառակորդ հանդիսանալ, նրանց քաղաքական դաշտից հեռացնելու խնդիր է դրված եւ ամենադաժան ձեւով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930