Ինչպես արդեն հայտնել ենք, «Ադեկվադ» միաբանության անդամներին ոստիկանները կիրակի բերման էին ենթարկել ԱՄՆ դեսպանատան հարակից տարածքից։ Նրանք այնտեղ էին գնացել, որ շնորհակալություն հայտնեին ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանի ներքին գործերին չխառնվելու համար։
Aravot.am-ի հետ զրույցում միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ասաց, որ բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել և բողոքներ չունեն ոստիկանությունից․ «Ֆորմալ պատճառաբանությունը այն էր, որ մենք չենք կատարել ոստիկանի օրինական պահանջը, բայց օրինակ, իմ դեպքում՝ ոչ մի պահանջ չի եղել, ուղղակի վերցրել տարել են»։
Բաժնում տուգանքի որոշում է կայացվել, բայց Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց, որ պատրաստվում են բողոքարկել այդ որոշումը։
Հարցին, թե ինչո՞ւ էին «Ադեկվադ» միաբանության անդամներին տարբեր մարզեր բերման ենթարկել, Կոնստանտին Տեր-Նակալյանը պատասխանեց․ «Մենք ենթադրում ենք, որ դա կապված է նրանով, որ Նիկոլը ամեն գնով ուզում էր թույլ չտալ, որ այս լարվածության պիկի ժամանակ մենք ոչ միայն լինեինք ազատությունում, այլ՝ լինեինք Երևանում։ Այսինքն՝ հնարավորինս հեռու էին տանում, որ մենք կես ժամ, մի ժամ կորցնեինք հետ հասնելու վրա։ Մեզ էլ անհանգստություն էր պատճառում, կարծես, թե տրամաբանական է, չէ՞, որ եթե քեզ տանում են Էջմիածին, պետք է բարի լինեն և հետ բերեն Երևան։ Ես էի ու փող չունեի կամ ասենք՝ մեքենա չունեի, պետք է ոտքով գայի հասնեի՞ տուն»։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են վերադարձել Երևան, նա պատասխանեց, որ իրենց միջոցներով․ «Դիտավորության առավելագույնս արված էր ամենը, որ մենք հնարավորինս ուշ հասնենք Երևան ու հնարավոր զարգացումներին չմասնակցենք»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ