Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները պարտավոր են իրենց գործողություններով ապացուցել, որ մենք գործ ունենք բացառապես իրավական գործընթացի հետ․ Նորայր Նորիկյան

Հունիս 14,2020 22:16

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի դիտարկումներ է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ․

Այսօր առավոտվանից Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները հնարավորություն են տալիս այն գնահատել քաղաքական և իրավական տեսանկյունից.

1. ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է թվով երեք քրեական գործ, որոնք վերաբերում են 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքերին, առանց հատուկ թույլտվության ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս հասցնելու և Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում համայնքի և պետության օրինական շահերին էական վնաս հասցնելու մասին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

2. Թե նշված քրեական գործերով Գագիկ Ծառուկյանն ի՞նչ դերակատարություն է ունեցել, և արդյո՞ք նա կատարել է որևէ հակաօրինական արարք, կպարզվի քննության արդյունքում, և իրավասու մարմինները պարտավոր են հանրությանը թույլատրելիության սահմաններում պարբերաբար տեղեկություններ հաղորդել քրեական գործերի ընթացքի և արդյունքների մասին, որպեսզի հանրության համար պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը:

3. Իշխանությունները պարտավոր են իրենց գործողություններով ապացուցել, ինչպես նաև երաշխավորել, որ Հայաստանում որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդումը բացառվում է, որ մենք գործ ունենք բացառապես իրավական գործընթացի հետ, որ ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ, որ ոչ մի անմեղ անձ չի կարող ենթարկվել քրեական հետապնդման ու պատասխանատվության, իսկ մեղավոր բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության, անկախ նրանից, թե ովքեր են:

4. Վերահաստատում եմ նախօրեին ԶԼՄ-ներից մեկին տված իմ պնդումը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարտավոր է Հայաստանը մաքրել բոլոր գողերից ու ավազակներից, և այս գործընթացում որևէ մեկը չի կարող լինել անհասանելի ու անձեռնմխելի:

5. Ակնհայտ ու բնական է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Գագիկ Ծառուկյանի և որոշ այլ հայտնի շրջանակների կողմից ընթացող գործընթացները գնահատվում են որպես բացառապես քաղաքական հետապնդում:

6. Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ շենք հրավիրելուց հետո շենքի բակում հավաքված մարդկանց թվից կարելի է հանգել հետևության, որ Ազգային ժողովի թվով երկրորդ քաղաքական ուժը, որն ընտրությունների ժամանակ ստացել է 103.801 ձայն, առնվազն այս պահին չունի հանրային այն աջակցությունը, որն ակնկալվում էր: Հանրությունը պարզապես չարձագանքեց, և լուռ սպասում է, թե ինչ է լինելու:

7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և այլ շահագրգիռ շրջանակների չի հաջողվում ներկայացնել այնպիսի քաղաքական անխոցելի դիրքորոշում, որ այս ամենը քաղաքական հետապնդում է, և որևէ աղերս չունի ենթադրյալ հանցագործությունների հետ:

8. Մարդկայնորեն անընդունելի է և պարզապես անբարոյականություն է, երբ տեսնում ես, որ Գագիկ Ծառուկյանին աջակցողների շարքում հայտնվել են մարդիկ, ովքեր 2015 թ. ամենաբռի և ստորացուցիչ ձևով ստիպեցին նրան հեռանալ քաղաքականությունից:

9. Խորը կասկած ունեմ, որ Գագիկ Ծառուկյանին այս անգամ «Կառափնարան» ուղարկելու հարցում էլ այդ ուժերը քիչ դեր չեն ունեցել՝ տարբեր մակարդակներով ներշնչելով Ծառուկյանին, որ եկել է իր «Աստեղային» ժամը:

10. Հանրությունը պետք գիտակցի, որ մեր երկրում այլևս արտոնյալներ չպետք է լինեն, իսկ իշխանությունները պարտավոր են ապահովել օրինականության, օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական պատասխանատվության և արդարության սկզբունքների անշրջելիությունը:

11. Վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են հարյուր տոկոսով ապահովել քրեական գործերի օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և լրիվությունը՝ առավելագույնս ապահովելով պաշտպանության իրավունքի լիարժեք իրագործումը:

12. Հայաստանի քաղաքական օրակարգը չեն կարող թելադրել այն ուժերը, որոնք հնարավորություն ունեին Հայաստանը դարձնել ավելի լավը, բայց չարեցին:

13 Հայաստանի վաղը կառուցելու են այն ուժերը, ովքեր ճիշտ ժամանակին կձևակերպեն համարժեք քաղաքական օրակարգը և կհավակնեն առավելագույնին:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1370202833181684&id=100005759414165

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930