Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակային ծառայության օգտակարության մասին

Հունիս 14,2020 22:00

Իմ սերնդակիցների (հիշեցնեմ, ես 30-ից ահագին անց եմ, շատ մոտ 40-ին) եւ շրջապատի մեծ մասը բանակում ծառայությունը դիտարկում էին որպես կյանքից անիմաստ վատնված 2 տարի: Իսկ ահա ինձ համար այդ երկու տարին դարձավ կյանքի, հավանաբար, ամենակարեւոր դասը, որն ինձ վերջնականապես ձեւավորեց որպես անհատականություն:

Միջին վիճակագրական ինժեներների հետխորհրդային ընտանիքում մեծացած մարդու համար, որը ստացել էր ամենասովորական բարձրագույն կրթությունը Հայաստանում, գիտեր բակն ու փողոցը, եւ կլանված կարդում էր (այս ամենը մի քիչ իմ մասին է  ), բանակը թվում էր ինչ-որ անհայտ բան, այդ իսկ պատճառով՝ վախեցնող: Սակայն բոլորովին անսպասելիորեն պարզվեց, որ բանակն իմ առջեւ բացեց մի ամբողջ աշխարհ, որը իմ շրջապատի սովորական մարդիկ չէին տեսել, կամ՝ առնվազն չէին նկատել:

Առաջին հայտնագործությունս եղավ այն, որ 21-րդ դարում կան մարդիկ, որոնք կարդալ չգիտեն: Ավելին, չեն էլ ուզում սովորել: Երկրորդ՝ կան, պարզվում է, մարդիկ, որոնք պատրաստ են կիսվել իրենց գիտելիքներով այն մասին, որ այծը որպես սեռական զուգընկեր առավելություններ ունի ոչխարի հանդեպ: Երրորդը, պարզվեց, որ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում լվացվել, լողանալ եւ լվանալ իրենց հագուստն ու սպիտակեղենը:

Նման հայտնագործությունների ցանկը կարելի է երկար շարունակել: Ավելին, ես վստահ եմ, որ ցանկացած ծառայած մարդ այս ցանկին կարող է ավելացնել իր սեփական դիտարկումները: Սակայն, հարցն այն չէ, որ մեր կողքին ապրում են տարօրինակ մարդիկ (ես դիտմամբ եմ զգուշավոր արտահայտվում, այլապես խմբագիրը այծի եւ ոչխարի մասին նկատառումիցս հետո չի ների ինձ մեկ այլ նման «ազատություն»), այլ այն, որ լինում են իրավիճակներ, երբ մենք ստիպված ենք նրանց հետ առնչվել, իսկ երբեմն էլ՝ կախում ունենալ նրանցից:

Շատ ավելի վառ է այդ իրավիճակն արտահայտվում ընտրությունների ժամանակ: Ցանկացած նախընտրական վիճակում ես հիշում եմ ծառայակցիս, որը չէր ցանկանում լողանալ (իրականում ես հիշում եմ այն մեկին, որը ոչխարին էր նախընտրում այծից, բայց երեւի չեք մոռացել, որ խստահայաց խմբագիր ունեմ), եւ այն մտքից, որ մենք, որպես ընտրողներ, երկուսս էլ ունենք հավասար թվով ձայներ, ես ինձ մի տեսակ եմ զգում: Լողավազանում, շուկայում, սրճարանում, ցանկացած վայրում, որտեղ մենք ստիպված ենք շփվել մարդկանց հետ, որոնք մեր «սոցիալական պղպջակից» (social bubble, այն, ինչ կարելի է նկարագրել, որպես մեր շրջապատը) չեն, մենք միշտ խորհում ենք հիգիենայի, մաքրության եւ կոկիկության մասին:

Բայց կորոնավիրուսի համավարակը ստիպեց մտածել այդ տարբերությունների 2 տարօրինակ դրսեւորումների մասին: Առաջին՝ համոզմունքը, որ կորոնավիրուսը դա ամենեւին ոչ վտանգավոր մի բան է՝ հորինված Բիլլ Գեյթսի կամ մասոնների, կամ «շնաբարո դուրսպրծուկների» կողմից: Եվ բավական է միայն ժխտել դրա գոյությունը, եւ ամեն ինչ լավ կլինի: Հենց այդ վստահությունն էր մարդկանց ստիպում դիմակներ չկրել, չպահպանել կարանտինը եւ տարածել վարակը: Հենց այդ վստահությունը խլեց մեզնից մոտ 300 մարդու կյանք եւ դեռ պարզ չէ, թե էլի որքան կտանի: Երկրորդը՝ սեփական ճշմարտացիության վերաբերյալ անսասան վստահությունը, որը կախված չէ քննարկվող թեմայի վերաբերյալ մասնագիտացման մակարդակից:

Ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք համավարակը: Ես վստահ եմ, որ առողջ գիտակցությունը, գիտությունը եւ ոստիկանական ուժերը կստիպեն մարդկանց դիմակներ կրել: Բայց կգա հերթական ընտրությունների ժամանակը, եւ կրկին կկանգնենք այն մտքի առջեւ, որ նրանք, ովքեր համառորեն դիմակ չէին կրում, ունեն նույնքան ձայնի իրավունք, ինչ ես եւ դու, իմ օրինապաշտ եւ կրթված ընթերցող: Ստիպված կլինենք կարդալ վարակաբաններից քաղաքագետների վերաորակված մասնագետների կարծիքները:

Եվ հիշենք մեր բանակային փորձառությունը…

Ս. Յ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930