«Հարցաքննության սահմանված յոթ ժամը լրանում է 22:00-ին, եւ հույս ունեմ, որ իշխանությունը չի գնա իրավիճակի ծայրահեղ սրման եւ կտեսնենք Գագիկ Ծառուկյանին: Եթե ոչ, ԲՀԿ-ն պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին եւ զարգացումներին, որ յուրաքանչյուրիս կարող են կալանավորել, զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, քիթը խոթել յուրաքանչյուրիս անձնական կյանք»,-լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ԱԱԾ շենքի դիմաց ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը եւ վերջին հնարավորությունն ունի՝ ՀՀ-ում իրադարձություններն անդառնալի չդարձնելու համար»,-համոզմունք հայտնեց պատգամավորը:
Անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանի գրառմանը, որում նա Նաիրա Զոհրաբյանին հարցադրում էր ուղղել, Զոհրաբյանն ասաց. «Քրիստինե Պողոսյանին ու մյուսներին խորհուրդ կտամ չանցնել հերթական դոմագոգիային: Ձեր գործընկեր կին պատգամավորների հանդեպ բռնություն է գործադրվել, անհամաչափ ուժ է կիրառվել, ինչո՞ւ չեք արձագանքել՝ այն դեպքում, երբ արձագանքում եք որեւէ կնոջ հանդեպ իրավունքների պաշտպանությանը: Այդ հարցը թող նա ուղղի իրավապահներին»:
Հիշեցնենք՝ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ԲՀԿ ղեկավարության առնչությամբ 2017թ.-ին ենթադրյալ ընտրակաշառքի եւ «Շանգրի Լա» խաղատան հետ կապված պետությանը վնասի նթադրյալ պատճառման առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություններ տարածեց: Ծառուկյանն ԱԱԾ-ում հարցաքննվում է: ԲՀԿ-ականները կատարվողը քաղաքական հետապնդում են համարում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ