Բարեկամ էր նա… բայց մե՛ր արյունով
«Բարեկամ» դարձած մի գիշեր մեզ հետ…
Ե. Չարենց, «Դանթեական առասպել»
Տոթից նվաղել էր օրը և հևում էր քրտնախարշ: Լուսադեմից տասնյակ բենզատարներ կուտակվել-խռնվել էին Հոկտեմբերյանի նավթաբազայի ամրակուռ դարպասներին հանդիման, ինչպես ժողովուրդը բյուրավոր, որ գվվում էր մագնիս-բևեռ թատերական հրապարակում: Բորբ արևից շիկնած մետաղյա բենզամբարների նման պայթունավտանգ էին օրերը: Ղարաբաղյան շարժումը սկսվել էր, և անհանգիստ էր ամենուր: Մերձակա երկար, տոչոր ճանապարհի կողնակով, ստեպ-ստեպ հետ նայելով, փութով քայլում էր քառասունին մոտ մի տղամարդ՝ ձիգ ու զգաստ, կարծես դագանակ կուլ տված:
Կարդացեք նաև
Վերջին չորս- հինգ ժամերի ընթացքում ոչ մի շարժվող էակ չէր նշմարվել շրջակայքի տարտամ ֆոնին: Մարդը դեռ չեր հասցրել հասնել մեքենախմբին, երբ վնգստալով ճոճվեցին ու ընկրկեցին լայնափեղկ երկաթե դարպասները: Բոլոր բենզատարների շարժիչները միաժամանակյա հռնդացին և, խելահեղ ամբոխի պես հրմշտելով իրար, խուժեցին ներս:
Բենզատարներից մեկի վարորդն ընկերս էր՝ փորձառու, հնարամիտ ու հանդուգն: Այդ օրն ուղեկցում էի նրան՝ արկած որոնող խենթի պես: Արևից տանջահար մեքենայի ցիստեռնի սապատ-կոկորդի կափարիչի՝ շրխկոցով բացվելուց հետո, երբ գալարուն խողովակը ներս հրվեց, հատվող հույսս ընկրկեց-ցնծաց: Անտերունչ, փոշոտ թթենու ստվերում պատսպարված, լայն դռնից դիտում էի ներսի թոհուբոհը: Դանդաղ սահքով առաջ մղվելով, ինչպես թզբեհի հատիկները դողդոջ ու կամկար ծերունու ձեռքում, խորքում նահանջով կորավ ցիստեռների պարպված մի շարժակազմ:
Տնքալով մեքենան դուրս եկավ ու կանգնեց ծանրորեն ու դժկամ: Խցիկում նա մենակ չէր: Մոտեցա: Բացեցի դուռը: Հետինը նա էր՝ դագանակ կուլ տվածը, պայտաձև ահեղ բեղերով, խնդուն ռամկական հայացքով: Ընկերս, հավանաբար, հասցրել էր նրան տեղեկացնել գոյությանս մասին: Հազիվ հասցրի նստել կողքին և փակել դուռը, երբ նա կողքանց մեկնեց կուռը և ասաց.
-Գվիդոն:
-Ուրախ եմ,-ասացի ու ներկայացա:
Ճամփա ընկանք:
Ընկերս թռուցիկ ներկայացրեց նրան ու ասաց .
-Շեֆի ընկերն է, ուզում է գնալ Ղարաբաղ:
Քիչ հետո անսպասելի, բամբ ու որոտաձայն Գվիդոնը տարափեց.
-Կռվե՛լ է պետք,-գոչեց նա՝ ինքնագոհ թփթփացնելով ձիգ լանջը: Տասնհինգ թվի ճյուղակոտոր աղետից հետո առատ հոռաշիվեր է նետել մեր ցեղածառը: Պետք է, պետք է բճատել, թափել ավելորդը, հեռացնել չոր ոստերը, և կտեսնեք, որ անսպառ ավշով լեցուն են մեր զորնդեղ արմատն ու բունը,-կարծես ջինահալած վրա տվեց նա:
Հասանք Երևան: Ընկերս առաջարկեց դադար առնել իր ընկերոջ տանը, հանգստանալ ու հովին ճամփա ընկնել: Մեքենան կայանվեց անշուք թաղամասի լայնոտ ճամփեզրին: Տուն մտանք: Բակում ընդառաջ ելած՝ այգում աշխատող հայրը քաղաքավարի ողջունեց բոլորիս և հրավիրեց նստել շվաքի սեղանի շուրջը, որի վրա դրված էր ոսկեգույն ծիրանով լի մի սկուտեղ:
Հրաժարվեցինք առաջարկված սուրճից և հաճույքով սկսեցինք վայելել անուշահամ միրգը: Որդին տանը չէր: Հարցին՝ թե որտեղ կլինի, ասաց.
-Ո՞վ է երեսը տեսնում էդ աներեսի: Միտինգի, ցույցի գնացած կլինի,-նետեց ու շարունակեց,-չեն հասկանում և՛ նա, և է՛ս ժողովուրդը, որ էս երկիրը չի հնդուրժել երբեք խռովությունն ու խռովարարներին: Արյունով է գրված էս երկրի պատմությունն ու այդպես բոսոր էլ կգրվի կրկին:
-Չէ, այդպես էլ չի՛ գրվի,-մռնչաց Գվիդոնը, ով, ի զարմանս ինձ, զուսպ էր մինչ այդ պահը,-կգրենք ահա՝ զենքո՛վ,-ասաց ու սպառնագին հագուստը վեր քաշեց: Փորին կապած ուներ գերմանական Շմայսեր ավտոմատ (որ սակավադեպ չէր պատերազմի սկզբնական շրջանում) նեղ, երկար պահունակով: Ծերունին զգաստացավ, կարկամեց: Կարծես ինքը պիտի գրեր փոթորկուն ապագայի պատմությունն ու պարտավորվեր չմոռանալ Գվիդոնին: Անախորժ ընթացքից շիկնեց հյուրընկալը, զսպանակվեց ու լարվեց: Արագ կողմնորոշված ընկերս վեր կացավ, այլայլուն ծերունու ձեռքը սեղմեց՝ շնորհակալություն հայտնելով: Հետևեցինք նրան: Դուրս եկանք փողոց ու ի՜նչ տեսանք. մեքենան օղակված էր մարդկանցով՝ դույլերով ու այլ տարաներով զինված: Ցիստեռնի բաց կոկորդից մեկը դուրս էր տալիս դույլերով բենզինը, փոխանցում կողատախտակամածին կանգնածին, սա էլ բաժանում էր: Կայծակված միտքս Գվիդոնին տեսավ, զինավառ ու արյան ծարավի: Ինքնաբերաբար՝ գոռալով առաջ մղվեցինք: Փախ-փախ արին ծանրաբեռները, իսկ մնացածը քարացան, հատկապես ցիստեռնի վրայի երկուսը: Առաջ մղված Գվիդոնի սարսափազդու, ահեղ բեղերի տեսքից ու հիշոցներից հիպնոսացած մարդիկ կարկամեցին: Ընկերս արագորեն ցատկեց մեքենայի վրա, նայեց ներսն ու կարեկից ասաց.
-Սա գործ է՞, որ դուք եք անում:
-Բա ի՞նչ անենք,-ասաց մեկը,-բենզինն էսօրվա օրը մեր քթի տակ եկել-կանգնել է:
Գվիդոնի թևը քաշելով ու հազիվ զսպելով, կասեցրի զինանոցը գործի դնելու նրա ջանքը: Իսկ վառելիքը մարտադաշտ՝ ֆիդայիներին ջրի երեսով տանել չկարողանալու համար շարունակում էր ահեղաձայն այպանել առաջին հերթին իրեն ու բոլորին: Մեքենայի շարժիչի հռնդոցը լսելուց հետո ավելորդ համարելով լուտանքը, Գվիդոնը ցատկեց մեքենայի ոտնահարթակին ու ներս ընկավ ինքնագոհ: Շարժվեցինք՝ հանձնված նրա բարեխնամ կամքին: Սուրաց ժամանակը շառաչուն արկի պես մոլար: Հասանք գինեվետ Արենի: Ճամփեզրին՝ բազում սեղանիկների վրա, ոսկեփորիկ բազում գինեշշերի տողանը շլացրեց, խանդավառեց նրա՝ խոյանքի ոստնող աննկուն ոգին: Սևեռված՝ նա հանկարծ սկսեց ջերմեռանդ, անկանոն խաչակնքել:
Նրա երազուն հայացքն ուղղված էր պղնձագույն ժայռաղեղի տակ փռված փոքրիկ տափարակի եզրին ծվարած գմբեթարդ մենավոր վանքին:
-Դրա ժամանակն է՞, Գվիդո՛ն, գինին թողած՝ ի՞նչ բանի էս: Բա մի հատ չխմե՞նք,-ասաց ընկերս քննախույզ, հեգնական ձայներանգով:
-Խմե՛նք, բա չխմե՞նք, ասում են էստեղի գինին գինի չի, մյուռոն է, մյուռոն: Բա ու՞ր է,-ասաց Գվիդոնը ծարավի: Մեքենան դուրս եկավ մայրուղուց, ելավ գյուղամիջյան վերընթաց ճանապարհով: Ինքնավստահ հռնդալով հաղթահարեց վերելքն ու կանգ առավ շեն մի առանձնատան մոտ: Վարորդը զիլ ազդանշանեց ու հանդիսավոր ասաց.
-Օդում՝ Իլը, տափին՝ Զիլը, լսել է՞ս, Գվիդո՛ն: Այդ պահին բացվեց երկաթե դարպասը, և երիտասարդ տանտերը ժպտերես դուրս ելավ, մղվեց դեպի ընկերս ու գրկախառնվեց:
-Բե՛ր, բե՛ր, տարատ բեր, արի նորմատ ստացիր,-ասաց ընկերս: Առանց այևայլության, տանտերն արագ ներս գնաց, դուրս եկավ՝ ձեռքին ռետինե խողովակ և կանիստր: Մինչ կլցներ պարգևված բենզինը, ընկերս ծանոթացրեց մեզ և հայտնեց Գվիդոնի փափագի մասին: Ավարտելով գործը՝ եռանդուն տանտերը հրավիրեց ներս: Քիչ անց հայտնվեցինք գետնափոր գինեմառանում: Փայտե մեծ՝ կլոր տաշտի մեջ ոչխարագլխաչափ, մաքուր լվացված քարերի կույտի մոտ կռացավ մարդը ու բացեց հողի մեջ թաղված մեծ կարասի բերանը և ասաց.
-Յոթ տարվա գինի է, սրանից դենն աշխարհ չկա, վերջն է: Ապա առավ բոսական նախշազարդերով գոտևորված պղնձե գինեչափիչ փարչը, սուզեց կարասի սև երախի մեջ ու կաթկթոցով մեկնեց պապակաշուրթ Գվիդոնին: Արագ պարպված փարչը մետաղաձայն ճողփյունով կրկին սուզվեց: Երաշտից պապակ, ջրտուքի կարոտ հողի սրբազան սպասման հանգույն՝ հատնվող համբերությամբ նա կրկին առավ փարչը, գոհությամբ պղտոր հայացքը մառանի օճորքին նետեց ու դանդաղորեն ծործոքեց երազած մյուռոնը: Ընկերս կսկիծով հրաժարվեց: Կես փարչ էլ ես վայելեցի: Մատռվակող մարդը կարասը բերնե-բերան դարձրեց՝ քարեր բաց թողնելով ներսը: Ելանք դուրս: Թվաց ոտքերս ըմբոստացել՝ ապստամբել են: Իսկ Գվիդոնը վերածվել էր հին սափրիչի ածելի սրելու կաշեգոտու, ինչպես ընդունված էր ասել այդպիսի պատկերների մասին մի ժամանակ: Օգնեցինք նստել: Հրաժեշտ տվինք ու ճամփա ընկանք: Գվիդոնը քթի տակ կցկտուր երգ էր դնդնում ինքնամոռաց, իսկ քիչ հետո համրացավ լքված ջրաղացի պես: Սակավ՝ աներթևեկ մայրուղով մեքենան ինքնավստահ, ծանրորեն զսպանակվելով սլանում էր առաջ: Նորատունկ շիվի մոտ տնկված նեցուկ ձողի պես Գվիդոնի լանջի զենքը ձիգ պահում էր նրան՝ թիկնակին փակչած: Միայն գլուխն էր ընկած՝ կզակով զարնված կրծքին: Դիրքապահի պես հսկում էի զգոն, որ չփլվի հողմապակուն: Ամուր բռնել էի դռան բռնակից՝ մեկնված ձեռքս ուղեկալ դարձրած: Այգամուտի կողմն էր: Հոգնաբեկ արևը լքում էր հորիզոնը: Հանկարծ երկար ազդանշանելով մի ամենագնաց УАЗ վազանցեց և պարտադրեց կանգնել: Տագնապեցինք ու կանգ առանք: Անհաղորդ Գվիդոնը խուլ խռմփում էր: Մեքենայից դուրս եկավ ծոծրակին հանգուցած գլխակապով, մազմորուքով մեկը: Մոտեցավ, ցատկեց վարորդի դռան ոտնահարթակին, կիսով չափ բացված կողապակու բացվածքից բարևեց ու քննախույզ զննեց ուղևորներիս: Այդ պահին խոր մրափի մեջ գտնվող Գվիդոնն անհանգստություն զգալով գռմռաց, ծանրորեն վանեց իրարից կոպերը, պղտոր հայացք ցուցանեց, կրկին գոցեց աչքերը ու վարպետորեն ցուլ նմանակողի նման մռռաց: Մոտեցողը կակղած, աղերսական տոնով բենզին խնդրեց ու շտապելով՝ հավելեց.
-Ջոկատի համար եմ փախցրել, անտառտնտեսությանն է,- գլխով ցույց տվեց ամենագնացը,- առանց սրա էլ յոլա կգնան: Արդեն լույսը վառվում է: Մի կանիստրը տեղ կհասցնի:
-Կտամ, ախպեր ջան,-ասաց ընկերս ու իջավ մեքենայից,-պարգևի արժանի էս…Լիքը բաք:
Հրաժեշտ տալով` հեռացանք: Օրեր անց լուր առանք, որ երկու բենզատարներ՝ բեռով հանդերձ, բախտ չունենալով իրենց հետ ունենալ Գվիդոնին, առևանգվել են՝ վարորդներին թողնելով ճամփեզրին:
Հաղթահարելով լեռնանցքը՝ երեկոյան աղջամուղջին հայտնվեցիք վիթխարի սարահարթի կատարին: Հեռու հեռվում սևին էին տալիս Ղարաբաղի մթնող լեռներն ու ստեպ-ստեպ ցոլանում փայլակներից: Երեկոյան տեղ հասանք: Հյուրընկալվեցինք ընկերոջս տանը ու նստեցինք ընթրիքի: Գվիդոնր բարձր տրամադրության մեջ էր: Երբ օղեբաժակները լցվեցին, նա հանդիսավոր կերպով վերցրեց, բարձրացրեց և ասաց.
-Սա ի՞նչ ուղտի աչք է, կարգին բաժակ չկա՞, ընկեր: Խմում ենք՝ կարգին խմենք, ես միայն թեյի բաժակով կխմեմ: Նրա կամքը կատարվեց: Թունդ ու կրակ թթի օղին պռնկեպռունկ հայտնվեց նրա առաջ:
_Օջախդ շեն,-ասաց ու մեծ՝ լեցուն բաժակը ջրի նման խմեց ու վայր դրեց: Ոչ մի ուտեստ չվայելած՝ անսովոր սեղանակիցն այս անգամ ինքն առավ գրաֆինը և նորից լցրեց: Պրկվեցինք անսովոր տեսարանից: Կրկին խմեց: Տանջահար ադամախնձորը երկար վզի վրա ընդվզուն բաբախով պարտակեց ցքին: Այլայլուն հայացքը հևաց ու ափեափ տվեց: Կարծես մի շալակ թթու շլոր էր կերել: Թվաց՝ ուր որ է կտապալվի: Բայց չէ, պինդ էր ֆիդայացուի խարկված ոգին, որն եթե լեցուն էր՝ կնկեր աշխարհը ջինակոտոր հաղթ բազուկներով:
Առավոտյան մեկ բաժակով բավարարվեց: Նույն անձնակազմով ելանք քաղաք: Չարագուշակ լուրեր էին պտտվում: Ասում էին, իբր թուրքերը քնդել են Իրանի հետ պետական սահմանը: Թվացյալ ամենազոր երկիրը սկսել էր ճաքճքել: Ղարաբաղի շուրջ օղակը սեղմվում էր: Պատերազմի ուրվականը ելել, ծիկրակում էր գաղտուկ: Գվիդոնին պետք է հանձնեիք տեղի հրամանատարին: Ինքնագնացի դեր ստացած մեր Զիլով հասանք Կորնիձոր: Գյուղամերձ դարավանդից, ձորի մեջ նորակառույց, կարմրատանիք տներ էին երևում՝ հապշտապ կառուցված թուրքերի կողմից: Անդորրը խուժել էր ձորահովիտ ու պատսպարան էր փնտրում: Գվիդոնի աչքերում ու օդի մեջ տագնապ կար: Ետ դարձանք: Քաղաքի մատույցներում պետավտոտեսուչները պահանջեցին կանգ առնել: Մեքենան դանդաղեցրեց ընթացքն ու ձևացրեց, թե կանգնում է, ապա ուժգին թափով առաջ սլացավ: Սկսեցին հետապնդել: Մինչ կհասնեին, մեքենան մտավ խաչմերուկ, թեքվեց աջ՝ ծածկվելով տեսադաշտից և կտրուկ կանգ առավ: Ընկերս արագորեն բացեց դուռը, ելավ ոտնահարթակին, ճարպկորեն թիկնակի հետևից հանեց Գվիդոնի ավտոմատը, ցատկեց ու անհետացավ նրբանցքում: Վայրկյաններ հետո շրջապատվեցինք: Գվիդոնը սփրթնել, թանագույն էր դարձել: Միլիցիոներներն իրենց հարցերին արագ պատասխաններ պահանջելով՝ հասկացան, որ վարորդն անհետացել է: Մեքենան քշվեց միլիբաժին, մենք էլ՝ հետը: Տանողներից մեկը, ով հարևանս էր, ճանապարհին բաց թողեց ինձ: Ծուղակն ընկած հավքի պես հնազանդ Գվիդոնին տարան:
Չանցած մեկ ժամ, միլիցիայի բաժնի մոտ հայտնվեցինք: Տխուր ու մոլոր ելումուտն էինք դիտում՝ ծանոթ մեկին տեսնելու փափագով: Մեքենան ներս էին տարել, Գվիդոնին էլ՝ բանտարկել:
Կանգնած ենք անօգնական ու ընկճուն: Մին էլ հռնդոցով հայտնվեց ամենագնաց մի մեքենա: Կտրուկ կանգ առավ, ապա շեղակի մտավ մայթ, թռթռալով վար իջավ սանդուղքի մի քանի աստիճաններով և ընդհուպ մոտեցավ ու կանգնեց միլիցիայի շենքի մուտքին հանդիման: Ապա միաժամանակյա բացված չորս դռներից դուրս ցատկեցին զինված մարդիկ ու խուժեցին ներս: Որոտաց ավտոմատային կրակահերթը: Արձագանքի հետ խելահեղ գոռում-գոչյունի ազդու ճիչեր լսվեցին: Վայրկյաններ անց հայտնված զինվորական բեռնատարից հորդած զինյալներ շրջափակեցին տարածքը: Փողոցում երթևեկը դադարեց: Դիմակա շենքերի պատշգամբներում մարդիկ հայտնվեցին: Խցանված հորդ առվի ջրի պես մարդիկ հախուռն կուտակվում էին: Այլևս ակնհայտ դարձավ՝ միլիցիայի շենքը, անլուր բան, գրավված է: Րոպեներ անց շեմքին ներսից հայտնված դարչնագույն գլխակապով ՀԱԲ-ի ներկայացուցիչը հրահանգեց բեռնատար մեքենան կողքանց մոտեցնել մուտքին: Ընկերս շրջապատող զինյալներից ոմանց ճանաչեց ու ինքնաբերաբար մղվեց նրանց կողմը: Հետևեցի նրան: Համարյա հայտնվեցինք մուտքին:
Հաջող ընթացքից ոգևորված, ոմանք աշխույժ կարգադրություններ էին անում: Զենքը սկսեցին բարձել բեռնատարը: Մենք էլ առաջարկեցինք օգնել: Ներս մտանք: Զինաթափ ոստիկանները ցանցավանդակից նայում էին համրացած: Զինապահեստը լիքն էր զենքով՝ արկղերով դարսված: Մեքենան անհավատալի արագությամբ լեփ-լեցուն բարձվեց: Ծանրորեն պոկվեց տեղից ու հեռացավ: Գրոհող խումբը դեռ ներսում էր: Ընկերս մոտեցավ գորգի պես գունաթափ միլպետի հետ տիրական խոսող հրամանատարին ու ականջին բան ասաց: Կարգադրվեց բաց թողնել մեկուսարանում գտնվող Գվիդոնին ու ավտոմեքենան: Համհարզի պես հնազանդ ենթասպան գրոհայինի առաջն ընկած, մենք հետևից, մոտեցավ երկաթե մի դռան ու շրխկոցով բացեց այն: Գայլ տեսած պախրայի պես ոստնեց Գվիդոնը, չռված աչքերով ապշահար նայեց մեզ, կիսագոց երկու ձեռքերեսով տրորեց աչքերն ու թափահարեց գլուխը: Քարացավ՝ կարծես չհավատալով տեսածին: Ակամա, քինախնդիր ոխի բնազդական պոռթկումով, ընկերս երկու ձեռքով միլիցիոներին ուժգին հրեց ներս, ապա պապանձ Գվիդոնին դուրս քաշեց ու փակեց դուռը:
Որոշ ժամանակ անց ազատագրված մեր ԶԻԼ-ով սլանում էինք խռովահույզ քաղաքի փողոցներով: Երանության մեջ գտնվող, տուն գնալու փափագով լեցուն Գվիդոնը հավատացած էր, որ ոստիկանատան գրոհը հանուն իր ազատության համար էր, խոյանք՝ որին արժանի էր ինքը:
Հաջորդ օրը Գվիդոնը մեկնեց մայրաքաղաք, ու այլևս երբեք չտեսանք նրան:
Վարդան ՍԱՐԳՍՅԱՆ