Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը չի կարող լուծվել ԱԺ արտահերթ նիստով

Հունիս 14,2020 20:01

«ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որևէ քաղաքական որոշում չկա և չի կարող լինել: Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես իրավական է և պայմանավորված է բացառապես ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարությամբ: Այս պահին կոնկրետ քրեական գործերով ընթանում է քննություն, դրա ընթացքից և ձեռք բերվող ապացույցների բավարարության հանգամանքով պայմանավորված են որոշվելու դատավարական գործողությունները»,- սա ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի պատասխանն է Aravot.am-ի հարցին`պատրաստվո՞ւմ է Դատախազությունը ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց:

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանն արդեն մի քանի ժամ է՝ ԱԱԾ-ում հարցաքննվում է, իսկ վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Քաղաքական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ քննարկվում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Խոսակցություններ են պտտվում, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին արդեն զգուշացրել են, որ հնարավոր է՝ վաղը նման նիստ տեղի ունենա:

Սակայն, նկատենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 108 հոդվածի`«Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգի» համաձայն, պատգամավորի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.

1) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են  հարցեր տրվել.

2) մտքերի փոխանակություն.

3) միջնորդագրում նշված պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե:

  1. Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:
  2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
  3. Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

Իսկ ՀՀ Սահմանադրություն 96 հոդվածով սահմանված է պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հետեւյալ կարգը.

  1. Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:
  2. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Այսինքն, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, եթե Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց առաջանա, ապա դա պետք է անել բացառապես ԱԺ հերթական նիստում: ԱԺ հերթական նիստը նախատեսված է հունիսի 16-ին: Իսկ մինչ այդ` վաղը` հունիսի 15-ին կայանալու է ԱԺ խորհրդի նիստ, որտեղ պետք է համաձայնեցվի հերթական նստաշրջանի օրակարգը: Թե վաղը կայանալիք ԱԺ խորհրդի նիստում ի՞նչ հարցեր են քննարկվելու, տեղյակ չէ անգամ ԲՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Aravot.am-ի հետ Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկել-չզրկելու հարցի շուրջ զրույցում պարոն Էնֆիաջյանը հորդորեց հետեւել պաշտոնական լրահոսին եւ հասկանալ, թե ի՞նչ քայլեր են նախապատրաստվում: Տարբեր խոսակցություններ ինքն էլ լսել է, սակայն ստույգ տեղեկություններ չունի:

Նաեւ խոսակցություններ են պտտվում, որ այսօր, հնարավոր է, Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ շենքից բաց չթողնեն: Այս առիթով էլ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ոչինչ չի բացառում, քանի որ իշխանության գործողությունները որեւէ տրամաբանությունից դուրս են:

Ի դեպ, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, 2051 հոդվածով, վկայի քարցաքննության համար հետեւյալ ընթացակարգն է սահմանում.

  1. Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ երկու ժամից ավելի:
  2. Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել ութ, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի համար՝ վեց ժամը:

Տվյալ դեպքում, պարոն Ծառուկյանին չեն կարող ԱԱԾ-ում պահել 9 ժամից ավելի:

 

Նելլի ԳԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930