Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը քաղաքական հետապնդում է համարում ԲՀԿ-ականների նկատմամբ այսօր կատարված գործողությունները:
«Առերեւույթ քաղաքական հետապնդում է ընդդիմադիր խմբակցության նկատմամբ»,- ասաց իրավապաշտպանը:
Նա պատմեց, որ իրեն կոշտ մեթոդներով ձերբակալեցին այն ժամանակ, երբ փորձում էր ԱԱԾ շենքի դիմաց անցկացվող ակցիայի մասնակիցներին իրավապաշտպանական աջակցություն ցույց տալ:
Իրավապաշտպանը «ՎԵՏՕ» քաղաքական շարժման մասնակիցների հետ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց էր, նրա խոսքով՝ ուզում է հասկանալ՝ Հայաստանում ԵՄ-ից որեւէ մեկը կա՞, Եվրոպա Հայաստանում մնացե՞լ է, թե՝ ոչ, թե՞ , ըստ նրա, մենք գործ ունենք Հայաստանում բռնատիրական կարգերի հետ. «Մենք գործ ունենք ակնհայտ ճնշումների հետ, հիմա արդեն բոլորի համար հասկանալի է, թե ինչու էին արգելում խաղաղ հավաքները, Հայաստանում արդեն երեք ամսից ավելի է՝ խաղաղ հավաքներն արգելված են»:
Կարդացեք նաև
Միհրան Հակոբյանն էլ նկատեց, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տեսնում է տեղի ունեցող ապօրինությունները, բայց լռում է, ասաց՝ եկել են ԵՄ պատվիրակությանը հիշեցնեն իրենց քարոզած արժեքների մասին եւ իրենց լռության մասին. «Մեր հասարակությունն իրավունք ունի իմանալ՝ ինչի դիմաց են լռում, ինչ աշխարհաքաղաքական խոստումների, ինչ կոնվենցիաներ վավերացնելու դիմաց են լռում, Արցախյան հակամարտության բանակցություններում ինչ են իրենց խոստացել տեր եւ տիկին Փաշինյանները, որ լռում են, հենց այնպես ոչինչ չի լինում, լռելու գինը ո՞րն է»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդի առանձնատանը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավորներն ու Ծառուկյանի աջակիցները ակցիա իրականացրին ԱԱԾ շենքի դիմաց ու ակցիայի տասնյակ մասնակիցներ բերման ենթարկվեցին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ