«Եթե իրենք կարծում են, որ այս կերպ իրենք կարող են լռեցնել ընդդիմությանը, ապա պիտի ասեմ, որ այսօր դրվեց այս իշխանության վերջի սկիզբը»,- ԱԱԾ հարակից տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա ասաց, որ չի կասկածում, որ իշխանական խմբակցությունը կողմ կքվեարկի Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելությունից զրկելուն․ «Չնայած՝ ասեմ, որ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության մեջ կան բավականաչափ թվով պարկեշտ պատգամավորներ, նաև մարդիկ, և ես չգիտեմ, թե նրանց վրա ճնշումը ինչ կարգի կլինի։ Բայց ես ուզում եմ նրանց բոլորին ասել՝ չմոռանան վաղվա օրվա մասին, չմոռանան, որ վաղը գալու է յուրաքանչյուրի և յուրաքանչյուրիս պատասխանատվության ժամանակը։ Ես հույս ունեմ, որ իշխանությունը սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի գնա իր վիճակը առավել բարդացնելու այս ապօրինի և բիրտ ճանապարհով»։
Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ իրենց հնարավոր չէ ճնշել․ «Թո՛ղ բոլորիս կալանավորեն, ձերբակալեն։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները դրան պատրաստ են։ Եթե մենք այսօր, հիմա այստեղ կանգնած պաշտպանում ենք բոլոր այն մարդկանց իրավունքը, որ ասում են՝ թույլ չենք տալու մեզ լռեցնել, ուրեմն մենք գիտակցում ենք բոլոր հնարավոր հետևանքները, ինչի ընդունակ է այս իշխանությունը»։
Հարցին, թե արդյո՞ք քննարկվել է մանդատները վայր դնելու սցենարը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ նոր ընտրության դա չի հանգեցնի․ «Ժամանակին, երբ որ ընդունվում էր այս սահմանադրությունը, սահմանադրագետների հետ ես այս հարցը քննարկել եմ։ Ես որքան տեղյակ եմ, իրենք ունեն այնքան թվով պատգամավորներ, որ դա չի բերելու խորհրդարանի աշխատանքի կազմալուծմանը»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ