Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա կմնա Հայաստանի պատմության մեջ ամենաքաղաքականացված արտակարգ դրությունը». Միքայել Մանրիկյանը դուրս եկավ ոստիկանությունից

Հունիս 14,2020 19:05

«Արտակարգ դրությունը նրա համար է արվում, որպեսզի դու անես կոնկրետ կանխարգելման միջոցառումներ: Իսկ մենք ականատես ենք լինում, որ երկու ամսից ավել ոչ մի կանխարգելիչ միջոցառում չի իրականացվում: Արտակարգ դրություն են անում, բայց բոլոր սրճարանները բաց են: Արտակարգ դրությունը ինչ-որ քաղաքական ենթատեքստեր ունի, եւ այսօր դրա ականատեսն ենք: Սա կմնա Հայաստանի պատմության մեջ ամենա անիմաստ ու ամենաքաղաքականացված արտակարգ դրությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, որը քիչ առաջ դուրս էր եկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքից:

Մանրիկյանին նույնպես բերման էին ենթարկել ԱԱԾ շենքի հարակից տարածքից, որտեղ ԲՀԿ անդամն իր գործընկերների հետ բողոքի ցույց էր իրականացնում:

Մանրիկյանի խոսքով, փոխոստիկանապետի ցուցումով ինքը եւ իր գործընկերները փողոցն անցել են եւ իրենց ցույցն իրականացրել իրարից հեռու կանգնած, սակայն առանց որեւէ նախազգուշացման ոստիկանները բռնել՝ նստեցրել են ավտոմեքենան եւ տարել ոստիկանության բաժանմունքներ:

Նրա խոսքով, բերման ենթարկվածների մասշտաբներն այնքան մեծ են, որ Երեւանի բաժանմունքներում տեղ չկա: Ավագանու մյուս անդամներին՝ Մարկոս Հարությունյանին եւ Արմեն Ներսիսյանին տարել են ոստիկանության Մասիսի եւ Աշտարակի բաժանմունքներ:

«Վարչական իրավախախտման արձանագրություն են կազմել, որի հետ համաձայն չենք, որովհետեւ մեզ չի ներկայացվել պահանջը: Արձանագրություն կազմելուց հետո ինձ բաց են թողել»,-ասաց պարոն Մանրիկյանը՝ նշելով, որ ոստիկանության բաժանմունքում իրենց հետ բարեհամբույր են վերաբերվել:

Նրան տեղեկություններ են հասել, որ ոստիկանությունը մարզերի ճանապարհներին «պոստեր» է դրել եւ թույլ չի տալիս, որպեսզի ԲՀԿ-ի մարզային կառույցների անդամները գան՝ միանալու բողոքի ցույցին. «Մեղադրում էին նախկին իշխանություններին, բայց նույն գործելաոճով են աշխատում: Ցավալի է, բոլորս ուզում էինք տեսնել նոր Հայաստան, բայց այսօր տեսնում ենք Սերժի Հայաստան»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, Ծառուկյանն էլ ԱԱԾ-ում որպես վկա հարցաքննվում է, ինչի առիթով ԱԱԾ շենքի հարակից տարածքում ԲՀԿ խմբակցության պատգամավորները, մի խումբ քաղաքացիներ ու խմբակցության ավագանու անդամներ բողոքի ցույց են իրականացնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930