Ոստիկանությունը սկսեց գործողություններ կատարել ԱԱԾ շենքի հարակից տարածքում, որտեղ հավաքված են Գագիկ Ծառուկյանի աջակիցները։
Ոստիկանությունը բերման ենթարկեց մի շարք քաղաքացիների։ Ոստիկանությունը ցանկանում էր նաև բերման ենթարկել ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, սակայն ԲՀԿ այլ պատգամավորները միջամտեցին՝ հայտարարելով, որ նա պատգամավոր է։ Բերման ենթարկվածների շարքում են նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ Մարկոս Հարությունյանը, Արմեն Ներսիսյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ։
ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ իշխանական խմբակցության որևէ ներկայացուցիչ չի արձագանքել տեղի ունեցածին․ «Որևէ մեկը թո՛ղ այսօրվա իրադարձություններից չուրախանա, երբ որ իրենց գործընկերներին քարշ են տալիս Խանջյան փողոցով ասֆալտի վրայով՝ կին գործընկերներին, տղամարդ գործընկերներին, էական չի»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին անձեռնամխելիությունից զրկելու հարցին՝ նա ասաց, որ իշխանություններից ամեն ինչ սպասում է․ «Այն քրեական գործը, որի շրջանակներում այսօր խուզարկություն է տեղի ունեցել պարոն Ծառուկյանի տանը, կրկնում եմ, զավեշտալի պատմություն է՝ մի թղթիկի հիման վրա հակաահաբեկչական ֆիլմի սցենարով ներխուժել պարոն Ծառուկյանի տուն և իրականացնել խուզարկություն։ Մնացածի մասով՝ բոլոր այն բիզնեսներում, որտեղ ունի բաժնեմաս պարոն Ծառուկյանը, հավատարմագրային կառավարման են հանձնված։ Պարոն Ծառուկյանը անձամբ չի զբաղվում ո՛չ ֆինանսական հարցերով, ո՛չ մենեջմենթով և ոչ մի կերպ չի կարող պատասխանատվություն կրել այս ամենի համար»։
Իվետա Տոնոյանն ասաց, որ տեղեկություն չունեն Գագիկ Ծառուկյանից։ Պատրաստվում են մնալ ԱԱԾ հարակից տարածքում և սպասել։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ