Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության բաժանմունքից: Նա ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտնեց, որ իրեն վարչական ձերբակալության են ենթարկել այն ժամանակ, երբ ինքը փորձել է ոստիկաններին տեղեկացնել, որ Ազգային ժողովի պատգամավորների ձերբակալություններն իրավաչափ չեն: Ռուբեն Մելիքյանն ասաց, որ իրեն էլ կոշտ ձեւով բերման ենթարկեցին, ինչի հետեւանքով ձեռքը քերծվել է, ոտքի մատն էլ՝ մնացել դռան տակ. «Ես սովոր չէի այդ կոշտ մեթոդներին, տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում ԱԱԾ շենքի դիմաց, բայց, կարող եմ ասել, որ սա շատ լուրջ ահազանգ է, որովհետեւ չի կարող լինել երկիր, որը հավակնի իրավական լինելու, եւ իրավապաշտպանների, քաղաքական գործիչների նկատմամբ այդպիսի ռեպրեսիաներ իրականացնի»:
Իրավապաշտպանը, որը եկել էր բերման ենթարկված քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, ասաց, որ ոստիկանական բաժինները պատրաստ չէին այդ «ռեպրեսիաներին». «Հնարավոր չէր սոցիալական հեռավորությունը պահպանել, թղթաբանությունը ոչ այնքան հարթ էր ընթանում: Կոչ եմ անում իշխանություններին ռեպրեսիաներին շատ ավելի լավ նախապատրաստվել»:
Կարդացեք նաև
Մելիքյանի խոսքով, դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին, որպեսզի ՀՀ-ի վերաբերյալ ճշգրիտ գնահատականներ տրվեն. «Մարտական, բռնատիրական նկրտումները ծիծաղելի են, որեւէ տեղ չեն հասցնելու, երբեք չեն կարող որեւէ արդյունավետություն ունենալ»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԱԾ-ի շենքի հարակից տարածքում բողոքի ցույց էին իրականացնում:
ԲՀԿ-ական պատգամավորներն ու մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ էլ դադարեցնել, նրանց ձեւակերպմամբ, քաղաքական հետապնդումը:
Բանն այն է, որ այսօր ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ