Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշառք բաժանելու վերաբերյալ չեմ կարող հերքել մի բան, որը ես գիտեի չափահաս դառնալուց առաջ». Խաժակյան

Հունիս 14,2020 17:17

«Այն պահից սկսած, երբ տեսանք, թե ոստիկաններն ինչպիսի անհամաչափ ուժ են կիրառում ԱԺ պատգամավորների հանդեպ, որոշեցի գալ այստեղ: Գործընկերոջիցս իմացա, որ ավագանու անդամների էլ են բերման ենթարկել»,-ԱԱԾ շենքի հարակից տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Նա տեղեկացրեց, որ ԼՀԿ պատգամավորները ոստիկանական բաժանմունքներում են, որտեղ կան բերման ենթարկվածներ:

Հիշեցնենք՝ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ԲՀԿ ղեկավարության առնչությամբ 2017թ.-ին ենթադրյալ ընտրակաշառքի եւ «Շանգրի Լա» խաղատան հետ կապված պետությանը վնասի ենթադրյալ պատճառման առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություններ տարածեց: Ծառուկյանն ԱԱԾ-ում հարցաքննվում է, կան բերման ենթարկվածներ:

«Իշխանության այս ագրեսիվ պահվածքը եւ արտակարգ դրության պատրվակի օգտագործումն իրավաչափ չէ, ոստիկանների գործողություններս՝ եւս»,- համոզմունք հայտնեց Խաժակյանը:  Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե ՀՀ գլխավոր դատախազը միջնորդի Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկել, ԼՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում կունենա:

Խաժակյանը պատասխանեց. «Ուշ երեկոյան կուսակցության կառավարման խորհրդի արտահերթ նիստ կլինի, որում հավանական սցենարները կքննարկենք, իսկ քաղաքական առումով հայտարարություն կանենք: Եթե իրավական գործընթացը հասնի խորհրդարան, քաղաքական մոտեցումն անպայման կլինի: ԲՀԿ համախոհների այս հավաքը հակազդեցություն է, մինչդեռ իշխանությունն օգտագործում է արտակարգ իրավիճակը՝ այն ճնշելու համար: Սա իրավաչափ չէ, եւ իշխանությունը սրա համար քաղաքական պատասխանատվություն պետք է կրի: Մեր կուսակցությունը քաղաքական գնահատական կտա»:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ 2017թ.-ին ԲՀԿ-ն ընտրաշակառք է բաժանել, դուք ունե՞ք տեղեկություն, Դավիթ Խաժակյանն էլ պատասխանեց. «Ընտրակաշառքի բաժանումների վերաբերյալ չեմ կարող հերքել մի բան, որը ես գիտեի չափահաս դառնալուց առաջ էլ»: Ճշտող հարցին՝ «պնդում եք, որ ԲՀԿ-ն բաժանե՞լ է ընտրակաշառք», Խաժակյանն այսպես պատասխանեց. «Չեմ պնդում, ասում եմ, որ այդ  երեւույթները եղել են մինչեւ 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունները, այդ թվում ԲՀԿ-ի առնչությամբ: Դրանք նախկին իշխանության կողմից չեն արժանացել հստակ գնահատականի: Հետագայում իշխանությունը հուշագիր կնքեց, այդ թվում ԲՀԿ-ի հետ: Բայց ասածս չի ենթադրում, որ ոստիկանությունը պետք է ուժ կիրառի խաղաղ ակցիա իրականացնողների եւ 2018թ.-ին ընտրված պատգամավորների հանդեպ»:

Խաժակյանի բնորոշմամբ. «Հիմա՝ երկու տարի անց, իշխաությունը հիշել է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել: Նույնիսկ այն պահին, երբ դա ապացուցվի, եւ Ծառուկյանի աջակիցները գան այստեղ, ու նրանց  հանդեպ անհամաչափ բռնություն կիրառվի, ես նորից գալու եմ այստեղ: Եթե այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը տիրապետել է նման տրցակների եւ ոչինչ չի արել, ուրեմն՝ սպասել է հարմար պահի, որը, կարծես, հենց սա է իր համար: Չեմ բացառում, որ իշխանության ձեռքում կան թղթապանակներ՝ որոշ անձանց հանդեպ, եւ դրանք վեր հանելու հարմար պահի են սպասում: Այս գործելաոճը հակաիրավական է եւ չի համապատասխանում ժողովրդավարական պետությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկում. «Ինձ համար կանգնած էի, սոցիալական հեռավորությունը պահպանված էր, որևէ գործողություն չէի իրականացնում, ըստ էության։ Հիմա ոստիկանները ինձ հավանաբար տանում են բաժին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930