«Մեկը հրում էր, մյուսը՝ թեւատակերից էր քաշում, մեկը վզիցս էր բռնել, մեկ ուրիշն էլ ոտքերիցս էր քաշում: Բոլորիս հորիզոնական դիրքով պառկեցրին ասֆալտին»,-Խանջյան փողոցում լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավորներն ի նշան բողոքի նստել ու փակել էին Խանջյան փողոցը, ոստիկաններն էլ նրանց ուժով հեռացրել էին տարածքից: «Ասացի, որ իրավունք չունեն, որ պատգամավոր եմ, բայց պատասխանում էին, որ նշանակություն չունի»,-պատմեց Կարինե Պողոսյանը ու ցույց տվեց բազկի հատվածքում առկա վնասվածքը. «Տշում էին… որ տասը հոգով մի մարդու հրեն, ի՞նչ կլինի»:
Պատգամավորի ոտքի հատվածքում եւս վնասվածք է եղել:
Հիշեցնենք՝ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ԲՀԿ ղեկավարության առնչությամբ 2017թ.-ին ենթադրյալ ընտրակաշառքի եւ «Շանգրի Լա» խաղատան հետ կապված պետությանը վնասի ենթադրյալ պատճառման առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություններ տարածեց: ԱԱԾ շենքի հարակից տարածքներում քաղաքացիների, պատգամավորների եւ ոստիկանների միջեւ լարված իրավիճակ է: Ծառուկյանն ԱԱԾ-ում հարցաքննվում է:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ