«Սա բռնապետություն է: Չեմ հիշում մի իշխանություն, որի օրոք կին պատգամավորին ոստիկանները շպրտում են գետնին ու քարշ են տալիս: Իմ, Կարինե Պողոսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի մասին է խոսքը: Մենք սոցիալական հեռավորություն պահպանելով ենք արել մեր ակցիան»,-լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը, որի ինքնազգացողությունը վատացել էր ոստիկանների գործողությունների ժամանակ: Նրանք ուժով հեռացրել էին փողոցի մեջտեղում նստած ԲՀԿ-ական պատգամավորներին:
Հիշեցնենք՝ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ԲՀԿ ղեկավարության առնչությամբ 2017թ.-ին ենթադրյալ ընտրակաշառքի եւ «Շանգրի Լա» խաղատան հետ կապված պետությանը վնասի ենթադրյալ պատճառման առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություններ տարածեց: ԱԱԾ շենքի հարակից տարածքներում քաղաքացիների, պատգամավորների եւ ոստիկանների միջեւ լարված իրավիճակ է: Ծառուկյանն ԱԱԾ-ում հարցաքննվում է:
Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հիշեցրեց, որ դեռեւս Ռոբերտ Քոչարյանի օրոք իրենք, որպես լրագրողներ, «Հայկական ժամանակ»-ի լրագրող Նիկոլ Փաշինյանին զորակցում էին՝ սեւ ժապավեններով բերանը փակելով. «Հիմա էլ կապում ենք այս ժապավենները: Չենք լռելու: Հասկացանք, որ բոլորիս վրա կարող են քրեական գործ հարուցել: Չի ստացվելու եւ չի անցնելու»:
Կարդացեք նաև
14:50-ոստիկանությունից պարզաբանեցին, որ ԲՀԿ-ական պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը բերման չի ենթարկվել, այլ հեռացվել է տարածքից:
15:00-ոստիկանությունը հայտարարում է, որ ցուցարարների կողմից արտակարգ դրության պայմաններում արգելված հավաքը չդադարեցնելու դեպքում իրականացնելու է գործողություններ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ