Երբ այս մթերքները համադրում էի, անկեղծ ասած, չէի սպասում, որ այսքան համեղ աղցան կստացվի: Իրականությունը ոչ միայն արդարացրեց, այլեւ զգալիորեն գերազանցեց ակնկալիքս: Շատ օգտակար ու շատ համեղ աղցան, որը նաեւ բավականին հետաքրքիր տեսք ունի:
Անհրաժեշտ մթերքները
Քինոա (սագախոտ)- 1 բաժակ
Դանդուռ-մեկ կապ
Կարդացեք նաև
Լոլիկ- 4-5 հատ
Գլուխ սոխ- կես գլուխ
Բուսական յուղ (նախընտրելի է վերցնել կտավատի կամ ձիթապտղի յուղ, սակայն կարող եք վերցնել այն, ինչ ունեք)- 4-5 ճաշի գդալ
Խառը կանաչիներ (համեմ, սամիթ, մաղադանոս)- մի քանի ճյուղ
Կծու կանաչ պղպեղ- 1/4 հատ
Կիտրոնի հյութ- 2 ճաշի գդալ
Աղ, սեւ եւ կարմիր աղացած պղպեղ-ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Դանդուռի պոչի հատվածից 1սմ չափ կտրեք, գցեք, մնացածը շատ լավ լվացեք, ապա դրեք ջրքամվելու: Լոլիկն ու խառը կանաչին նույնպես լավ լվացեք:
Քինոան լցրեք ցանցի մեջ եւ տաք ջրով լավ լվացեք: Ապա լցրեք կաթսայի մեջ, վրան առատ ջուր ավելացրեք եւ դրեք եփվելու 10-15 րոպե: Կրակն անջատելուց 4-5 րոպե առաջ կես թեյի գդալ աղ ավելացրեք: Ջրքամեք եւ թողեք հովանա:
Մինչ քինոան սառչում է, կտրատեք լոլիկը, լցրեք աղցանամանի մեջ: Վրան ավելացրեք շատ մանր կտրատած սոխն ու կծու կանաչ պղպեղը, խառը կանաչիները: Ավելացրեք նաեւ կտրատած դանդուռը:
Հովացած քինոան ավելացրեք, լավ խառնեք, լցրեք բուսայուղը, կիտրոնի հյութը, համեմեք աղով եւ պղպեղով, նորից լավ խառնեք եւ մատուցեք:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ