«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները քիչ առաջ փակեցին Խանջյան-Նալբանդյան փողոցների հատման կետը, ոստիկաններն էլ հորդորեցին դադարեցնել ակցիան:
«Դե փորձեք ինձ բերման ենթարկել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորները նստել են փողոցի վրա եւ հրաժարվում են վեր կենալ:
«Մնալու ենք այստեղ այնքան, մինչեւ Գագիկ Ծառուկյանը դուրս գա»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը:
Հիշեցնենք՝ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, ԲՀԿ ղեկավարության առնչությամբ 2017թ.-ին ենթադրյալ ընտրակաշառքի եւ «Շանգրի Լա» խաղատան հետ կապված պետությանը վնասի ենթադրյալ պատճառման առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություններ տարածեց: ԱԱԾ շենքի հարակից տարածքներում քաղաքացիների, պատգամավորների եւ ոստիկանների միջեւ լարված իրավիճակ է: Ծառուկյանն ԱԱԾ-ում հարցաքննվում է:
Կարդացեք նաև
«Մի սադրի, էլի՜»,-բղավեց ոստիկաններից մեկը եւ հրեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանին, նա էլ բղավեց՝ «սադրիչը դու ես»:
Ոստիկանների կողմից ուժի գործադրման հետեւանքով ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի ինքնազգացողությունը վատացավ:
ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ոստիկաններից պահանջեց բերել իրենց խմբակցության անդամ Ջանիբեկ Հայրապետյանին, որին, նրա խոսքով, տարել են, ինչի իրավունքը չունեն՝ պատգամավորներն անձեռնմխելի են օրենքով:
«Խաղաղ քաղաքացիների եւ պատգամավորների հանդեպ ուժի անհամաչափ կիրառում եղավ»,-նշեց ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ