Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ. պարզվում է, որ աշխարհի ապագա չեմպիոնի ծնվելուց մեկ տարի առաջ Յուրի Ջորկաեֆի հայրը մասնակցել է «Արարատի» հետ մրցախաղին ու հանդես եկել իր՝ հայազգի կնոջ հայրենակիցների դեմ։
Հանդիպումը տեղի է ունեցել Մարսելում 53 տարի առաջ՝ 1967 թ հունիսի 1-ին: Չնայած խաղացողներից շատերը մեծ ֆուտբոլում առաջին քայլերն էին անում, բայց հայկական թիմն ուներ խորհրդային ֆուտբոլը ներկայացնող ամուր մրցակցի համբավ: Դեռ նրանք հասցնելու էին նվաճել ԽՍՀՄ չեմպիոնի կոչումն ու գավաթը։
60 հազար հանդիսականների ներկայությամբ սկսվեց ընկերական, բայց բավականին լարված ու թեժ պայքարը: Սկզբում թվերը այլ վերջաբան էին խոստանում: Խաղավերջում հաշիվը գրանցվեց՝ 3-3:
Ժան Ջորկաեֆի համբավը արդեն թնդում էր հայ ֆուտբոլիստների մոտ: Ո՞վ կմտածեր, որ մեկ տարի անց ծնվելու է մորական կողմից հայ Ջորկաեֆ կրտսերը:
Կարդացեք նաև
Ֆրանսահայ ֆուտբոլիստը հոր գործը շարունակեց: Հիմա լեգենդները նրա մասին են: Յուրի Ջորկաեֆը կարիերայի ընթացքում հասցրել է նվաճել Եվրոպայի և աշխարհի չեմպիոնների տիտղոսները: Միայն ֆրանսիայի հավաքականում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 82 հանդիպում՝ խփելով 28 գոլ։
Յուրի Ջորկաեֆը հարցազրույցների ընթացքում հաճախ է նշել, որ իր ընտանիքում կարևոր դերակատարություն է ունեցել մորական պապը՝ Կարո Օհանյանը: Կրտսեր որդուն էլ պապի պատվին, տվել է իր անունը՝ Կարո:
«Հայկական ընտանիքներում երեխաների դաստիարակությամբ ավանդաբար զբաղվում են կանայք: Մայրս և տատիկս մեր մեջ ներարկեցին պարզ արժեքներ՝ հարգանք, ինչպես նաև կիսելու և ուրիշներին ինչ-որ բան տալու ունակություն: Կինս իսպանուհի է, բայց ես մեծ եղբորս պես պսակադրվել եմ հայկական եկեղեցում»,- ասել է Յուրի Ջորկաեֆը:
Յուրի Ջորկաեֆը իր ծագման, արմատների, նախապապերի ու նաև կարիերայի մասին ավելի մանրամասն խոսել է իր՝ ինքնակենսագրական գրքում: Գիրքը, ի դեպ, հայերեն տարբերակով ներկայացրել է Newmag-ը:
«Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքում Յուրի Ջորկաեֆը հատուկ անդրադարձել է Հայաստանին ու երևանյան այցերին: Նա Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը, իրեն կոչում հայ-ֆրանսիական ֆուտբոլի դեսպան։
Ի դեպ, Յուրի Ջորկաեֆի ինքնակենսագրական գրքի վերջաբանը գրել է հայրը՝ լեգենդար ֆուտբոլիստ Ժան Ջորկաեֆը: Գրքի բոլոր գլուխներն էլ ունեն նախաբաններ, որոնք էլ գրել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ: Հատուկ հայերեն հրատարակության համար էլ նախաբան է գրել ֆրանսահայ մարզական լրագրող Ահարոն Բոյաջյանը։