ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ խոսեց լրագրողների հետ՝ ասելով. «Սա սարքած է, այո, սա քաղաքական է, ուզում են ճնշում գործադրել: Հետ չեմ կանգնելու՝ որպես Գագիկ Ծառուկյան եմ սա ասում: Անբարոյականի տղա լինեմ, եթե հետ կանգնեմ»:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն է իրականացնում, որն առնչվում է 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին:
Ծառուկյանը նշեց. «Ամենակարեւորն իմացեք՝ ինչ ուզում է սարքեն, չոռը մարդուն չի կպնելու: Պատրաստ եմ ամեն ինչի: 2015թ.-ից ամեն ինչ առաջարկել եմ, չեն համաձայնել, այսօր էլ որեւէ բանի կարիք չունեմ, ով ինչ խոսք է տվել, պետք է անի: Երկու տարի ոչ մի բան… ամեն ինչ ձախողվել է, ոչ մեկ իր տեղում չի: Այսօրվա ամեն օրը վնաս է ժողովրդին ու պետությանը՝ առողջապահական, տնտեսական խնդիրներ, ներքին ու արտաքին քաղաքականություն…»:
Ծառուկյանը շեշտեց, որ համաճարակը դեկտեմբերից է տարածվում. «Մարզերում մինչ օրս չկան հիվանդանոցներ, որ մարդկանց ստուգեն, թեստեր անեն: Նորից եմ ասում՝ ժողովրդի մեծամասնությունը վարակված է, բոլորին պետք է թեստավորեն, բայց թեստ չունեն: Սա քաղաքական ճնշում է, որ ձայները կտրվեն, չեմ կտրելու»:
Կարդացեք նաև
ԲՀԿ առաջնորդը հավելեց. «Ոնց 2015 թ.-ին արեցին, հիմա էլ է այդպես, բոլոր մարզային պատասխանատուներին…բոլորը պատրաստ են: Երկրում 400 000 մարդ անգործ է, մարդիկ աշխատանք չունեն, իսկ իրենք գույքահարկ են բարձրացնում: Ժողովուրդ ջան, երեք ամիս անց սով է լինելու: Համաճարակը չի կանգնելու: Ցանկացած հարցի պատասխանն ունեմ, եւ հիմա գնում եմ հարցաքննության»:
Ապա Ծառուկյանը ներս մտավ իր առանձնատուն եւ լրագրողների հարցերին չարձագանքեց: Քաղաքացիները ցանկացան նրա հետ ներս մտնել, ոստիկանները կանխեցին եւ հորդորեցին պահպանել սոցիալական հեռավորություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ