Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա կնիք եւ ստորագրություն». ԲՀԿ-ականների արձագանքը՝ աղմկոտ փաստաթղթին

Հունիս 14,2020 12:30

«Դա փաստաթուղթ է, թե ինչ է, իրավապահները վաղը, մյուս օրը կգնահատեն: Հիմա ինչ-որ մեկը կարող է մի փաստաթուղթ վերցնի, նկարի ու գցի, դա չի նշանակում, որ… եկեք հարգենք անմեղության կանխավարկածը եւ սին հայտարարություններով մարդկանց ապատեղեկատվություն չհաղորդենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԺ փոխնախագահ ՔՊ-ական պաշտոնյաների հրապարակած փաստաթղթին, ըստ որի՝ նախորդ ընտրություններից մեկի ժամանակ ԲՀԿ-ն մեկ ձայնի համար տասը հազար դրամ ենթադրյալ ընտրակաշառք է բաժանել, ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն է իրականացնում, որն առնչվում է 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին: Փաստաթղթի տակ նրա անուն-ազգանունն է:

«Իրականությունը հետեւյալն է, որ սա կապված է Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության հետ: Ծառուկյանը քննադատում է, ինչից հետո պարզվում է, որ ԲՀԿ-ն Գավառում կաշառք է բաժանել: Սա խայտառակություն է»,-համոզմունք հայտնեց Գեւորգ Պետրոսյանը:

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ նախ պարզաբանեց, որ ոչ թե 2017, այլ 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններին է առնչվում նշյալ քրեական գործը. «Ցավում եմ, որ այս պայմաններում իշխանությունն այլ կարեւոր գործ չունի, քան ֆոտոշոփով սարքած փաստաթղթի շրջանառումը։ Դա փաստաթուղթ էլ չի, դա կարող է լինել պլան, ծրագիր՝ ինչ-որ մեկի կողմից ներկայացված… Նախ, Վազգեն Պողոսյանը 2015 թ.-ից էլ ԲՀԿ անդամ չէ, իսկ նրա բնակարանի խուզարկությամբ ինչ-որ թուղթ են գտել, որի վրա ինչ-որ թվեր կան, չկա կնիք եւ ստորագրություն»:

Իվետա Տոնոյանը հարցադրում արեց. «Եթե այդ թղթի վերեւում գրած է, որ «Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ» է, ուրեմն այդպես է, որ կա՞: Եթե այո, հիմա ես էլ մի թուղթ կսարքեմ ու վերեւում կգրեմ, որ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Արման Աբովյանը սպանել է Քենեդուն…»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ «Շանգրի Լա» խաղատունը երեսուն միլիարդ դրամի վնաս է պատճառել պետությանը, Տոնոյանը նշեց. «Եթե բիզնեսում պարոն Ծառուկյանը բաժնեմաս ունի, այդ բիզնեսները հանձնված են կառավարման: Սպասեք պարոն Ծառուկյանի հայտարարությանը, նա կիջնի եւ կպատասխանի հարցերին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930