ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր գործընկերների հետ այսօր վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ են հավաքվել, որտեղ այս պահին ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում: Մեզ հետ զրույցում պատգամավորն ասաց՝ դեռ տեղեկություն չունեն, թե ինչ քրեական գործի շրջանակում ու ինչ հիմքով է խուզարկությունն իրականացվում, միայն տեղյակ են, որ 2017-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից Գեղարքունիքի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածուին վերաբերող գործի շրջանակում է:
«Մի այլ անձի քրեական գործի նյութերով ինչ իրավունք ունեն մտնել մեկ ուրիշ մարդու բնակարան: Ամեն մի պատգամավորի թեկնածուի համար, որ կուսակցության ղեկավարի տունը ստուգեն, դա՞ է իրավական պետությունը… մեր քաղաքական եւ իրավական գնահատականը չի ուշանա, որովհետեւ ինչ եղավ, հենց պարոն Ծառուկյանը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ, նոր հիշեցին, որ ինչ-որ պատգամավորի թեկնածուի գործ կա: Բա որ իրավապահներն իրենց տեղում ու դերում լինեին, ժամանակին կհիշեին այդ քրեական գործի մասին , ամո՛թ է, Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի այսպես հեղինակազրկել իրավապահ մարմիններին»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ իրավապահները Գագիկ Ծառուկյանի տանն են, նախնական տեղեկություններով, լինելու էին ձերբակալություններ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ