ԱԱԾ-ն այսօր վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«ԱԱԾ մի քանի տասնյակ ներկայացուցիչներ ՝ դիմակներով, համազգեստով, հակաահաբեկչական ֆիլմի սցենարով վաղ առավոտյան հայտնվել են պարոն Ծառուկյանի տանը եւ խուզարկություն են իրականացնում՝ 2017 թվականին ԲՀԿ-ից Գեղարքունիքի մարզում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Վազգեն Պողոսյանին (լուսանկարում) վերաբերող քրեական գործի շրջանակում: Այս ամենը շատ ծիծաղելի է, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ սա ընդամենը 2015 թվականի սցենարով կրկնվող իրադարձություններ են, որովհետեւ նույնիսկ այդ գործն է զավեշտալի, որի շրջանակում այսօր խուզարկություն են իրականացնում… Իշխանությունը պարզապես չկարողացավ թաքցնել ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելու իր անթաքույց ցանկությունները եւ նմանատիպ էժանագին քայլերով սկսեց հանդես գալ»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Մեր զրուցակիցն ասաց, որ հնարավոր ձերբակալությունների մասին այս պահին տեղեկություններ չունեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ իրավապահները Գագիկ Ծառուկյանի տանն են, նախնական տեղեկություններով, լինելու էին ձերբակալություններ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Հիշեցնենք, որ շինարար Վազգեն Պողոսյանը ղեկավարել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու կառուցման, Երևանի օպերայի և բալետի թատրոնի, Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահի, Հանրապետության հրապարակի վերակառուցման և նորոգման աշխատանքները, զբաղվել տեղական հումքի վրա կոնստրուկտիվ ջերմամեկուսիչ բետոնների մշակմամբ: