Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաբոտաժ, դուք ձեզ ձե՞ռ եք արել, է՞ս մակարդակով… խելոք պահի քեզ». մեղադրանքներ ու վիրավորանք՝ ավագանու թեժացած նիստում

Հունիս 13,2020 22:56

Երեւանի ավագանու Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի ու Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում  այսօր քննարկվում էր Երեւանի 33-րդ, հանրությանն ավելի հայտնի՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման հարցը։

Քննարկմանը հարցերին պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Նիստը չավարտված, Սիսեռյանը հայտնեց, որ պետք է գնա կառավարություն: Մինչ այդ վավերագրող-ռեժիսոր Սեդա Գրիգորյանը մեղադրեց կառավարությանը, քաղաքապետարանին, որ այս երկու տարում օրենսդրական եւ իրավական փոփոխություններ չեն կատարվել, որը թույլ կտար հուշարձան շենքերը պահպանել: Գրիգորյանը Սիսեռյանին դիմելով՝ ասաց, թե չի հասկանում՝ ինչպես է Սիսեռյանն այսօր համագործակցում այն մարդկանցով ներկայացված ընկերության հետ, որի դեմ տարիներ առաջ պայքարել են միասին, խոսքը Աֆրիկյանների տան մասին է, որն, ըստ Գրիգորյանի, «Գլենդել Հիլզ»-ն է քանդել, խոստացել քարերը համարակալել ու այլ տեղ վերականգնել, բայց ոչինչ էլ չի արել: Այսօր քննարկմանը ներկա էին այն անձինք, որոնք զբաղվում են Ֆիրդուսի թաղամասի իրացման գործընթացով, այդ նույն մարդիկ նաեւ «Գլենդել Հիլզ» ընկերությունում բարձր պաշտոնների էին:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, մինչ Սիսեռյանի հեռանալը, իր բնորոշմամբ՝ մի զարմանալի հարց տվեց. «Տղեք, մենք հիմա Ֆիրդուսին կառուցելո՞ւ ենք, թե՞ ոչ»:

Մեսչյանի խոսքերով՝ «Այսօր ինչ ասես՝ լսեցի: Նույնիսկ հասկացա, որ քաղաքապետարանն է մեղավոր հուշարձանների ցանկը կազմելու համար: Ցավդ տանեմ, ի՞նչ կապ ունենք մենք դրա հետ, մեռնեմ քեզ: Ամենակարեւորը՝ ստրատեգիական առումով Ֆիրդուսի նախագիծն առաջ պիտի տանենք, թե՞ կարծում եք Երեւանի կենտրոնում երկրորդ շինհրապարակը պիտի մնա։ Կոնդից եք խոսում, կներեք, էս մակարդակով մենք պատրա՞ստ ենք մոտենալ Կոնդին: Դուք ձեզ ձե՞ռ եք առել, ինչ Կոնդի մասին է խոսքը, դա  ամենաբարդ նախագիծն է»: «Բայց ո՞վ խոսեց Կոնդից»,-դահլիճից արձագանքեցին:

Մեսչյանը շարունակեց. «Չենք կառուցելու, համաձայն եմ, էդ վեց լոտերի սեփականատերերը մեզ դատի են տալու եւ ջնջելու են մեզ, ահռելի ծախսեր են արել, ո՞վ է պատասխան տալու, ո՞վ է մեղավոր, որ նախկինում արած լոտերի վրա բաժանվել ու կառուցապատողը գնել է, ճարտարապետերին կանխավճար է տվել: Կասեցնում ենք, մտնում դատական մեծ խնդիրների մեջ, կազմում ենք մրցութային նոր փաթեթ, 3-4 տարի հետո սկսում շինարարությունը: Ես սա համարում եմ սաբոտաժ: 10 հազար շինարար Ֆիրդուսում 250 մլն դոլարի ծրագիր է իրականացնելու,  10 հազար  մարդ տուն է պահելու երեք տարի, դա  քի՞չ է:  Տնտեսական լոկոմոտիվը խելքի գալու համար չարժե՞ ինչ-որ մեկ կառույց  տեղափոխենք մի քիչ,  որ այդ ամենը չքանդվի: Մենք էսքան հուշարձան քանդեցինք, տղեք, եկեք մի հատ հուշարձան էլ տեղափոխենք  ու այս  հարցը փակենք: Ես՝ որպես գլխավոր ճարտարապետ, պատասխան եմ ստանալու բոլորիցդ, կառավարությունից էլ՝ մենք էս ծրագիրն իրականացնելո՞ւ ենք, թե՝ ոչ»: Սիսեռյանը պատասխանեց՝ իրականացնելու են ՝ խնդիրներին լուծում տալով:

Երբ Սիսեյանը հեռանում էր դահլիճից, փաստաբան Կարապետ Բադալյանին մոտենալով՝ բավականին կոպիտ տոնով ինչ-որ ռեպլիկ արեց. «Գնա տուժածներին պաշտպանիր», որից հետո Բադալյանը զայրացած հակադարձեց. «Խելոք պահի քեզ»:

Սիսեռյանը վրդովված արձագանքեց՝ ի՞նչ է նշանակում, սա Բուրջ Համուդը չէ: Այս մեջբերումը արվել էր մինչ Մեսչյանի ելույթը․ Սիսեռյանը Ֆիրդուսի թաղամասից խոսելով՝ օրինակ բերեց Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասը՝ նշելով, որ այն թեեւ արժեք է ներկայացնում, բայց ահավոր վիճակում է: Այս համեմատությունը Բադալյանին դուր չէր եկել:

«Ես երեւանցի եմ, ես այստեղ տեր եմ եւ իմ ծառաների մոտ եմ»,-հակադարձեց Բադալյանը:

Ապա Բադալյանը  ներողություն խնդրեց, եթե այդ միջադեպը անհանգստություն է պատճառել ներկաներին ու շարունակեց. «Այս ամենը դեժավյու է, կարծես  2005 թվականում լինեմ, Բուզանդի փողոցի վրա, որտեղ Գլենդել հիլզն էր, որի տնօրեն Մելիքյանն այստեղ ներկա էր եւ Էմմա Թունյանին, որի ընտանիքին պարոն Մելիքյանն առաջարկում էր դուրս գալ տանից, նա հրաժարվում էր, նրան վտարեցին: Յոթ տարի անց ճանաչվեց իրավունքի խախտումը, վերսկսվեցին գործընթացները, անցել է 15 տարի ու այդ մարդիկ համարժեք փոխհատուցում չեն ստացել: Եվ ես տեսնում եմ այդ մարդուն՝ պարոն Մելիքյանին, որը Ֆիրդուսի ծրագիր է իրականացնում: Պարոն Սիսեռյանը միգուցե չունի այդ հիշողությունը, չունի այստեղ ապրելու այդ փորձը, բայց երբ Գլենդել Հիլզն է այստեղ, դա երեւակայական կերպար չէ, դա կոնկրետ մարդիկ են, իսկ Յակուբյանը  որեւէ առնչություն չունի, դա իրավաբանորեն սխալ է, որովհետեւ այդ ամբողջ գործողությունը տնօրենն է իրականացնում, Մելիքյանն է կատարել այդ գործողությունը, որի արդյունքում ընկերությունը սնանկ է ճանաչվել, մարդիկ են ունեզրկվել, դրա պատճառով Եվրադատարանի վճիռներ ունենք, որի դիմաց քաղաքացիներն են վճարում: Ես չեմ ուզում պատմությունը կրկնվի, որ գա ժամանակ, որ այս գործընթացի ապօրինությունը հռչակվի, բայց արդեն ուշ լինի, չունենանք այն արժեքները, որը հիմա փորձում ենք պաշտպանել: Երբ պարոն Սիսեռյանն ինձ ասում է՝ գնա պաշտպանիր այդ անձանց, երեւի խոստովանում է, որ կառավարությունը ձախողել է այդ անձանց իրավունքների պաշտպանությունը: Հույս ունեմ՝ ամեն ինչ կորսված չէ, եւ այդ շինարարության ցանկության ալիքի տակ մարդիկ եւ մշակութային  արժեքները նորից չեն կորի»:

Նիստի վերջում ճարտարապետ Արսեն Կարապետյանն էլ նշեց՝ Ֆիրդուսիի կառուցապատման ծրագրին ճարտարապետական հանրությունը հնարավորություն չի ունեցել մասնակցելու. «Ես չեմ կարող այս ծրագիրը դրական գնահատել, բայց մյուս կողմից էլ շատ բան է արվել եւ այդ հետ գնալը խնդիրներ կան, պետք է լուծումներ գտնել, հուշարձանները պահպանել»:

Վերջում հայտարարվեց, որ հանձնաժողովը հայտարարություն կանի ծրագրի մասին, իսկ մյուս հանձնաժողովներում կշարունակվեն քննարկումները՝ որպես խնդրին ուղղվող ուղերձ։ Ավագանին, ըստ էության, լծակ չունի ծրագրի իրականացման ընթացքի վրա ազդելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930